Ստարտափ Հայաստան

«Պապի բանկի» շնորհիվ 23-ամյա արցախցի երիտասարդն այսօր հաջողված բիզնեսմեն է դարձել․«Ստարտափ Հայաստան»

Հաթերք գյուղի մասին երբևէ լսած կա՞ք։ Ճիշտ է, գուցե լսած լինեք, բայց, օրինակ, շատերը Հայաստանում, էլ չեմ խոսում Հայաստանից դուրս, գյուղի մասին ոչ լսել են, ոչ էլ գիտեն, թե որտեղ է։

Սամվելն Արցախի Հաթերք գյուղից է։ 13 տարեկանից ընտանիքից հեռու է ապրել։ Տեղափոխվել է Ստեփանակերտ, այնտեղ սովորել Ֆիզմաթ հատուկ դպրոցում։ Ճիշտ է, որպես այդպիսին սա Սամվելի ինքնուրույն դառնալու առաջին փորձն է եղել, բայց դրանից առաջ, ավելի վաղ տարիքում, Սամվելի պապը հասցրել էր տղային պատրաստել մեծ կյանք մտնելուն։

Սամվելը փոքր տարիքից վարձատրվել է իր կատարած աշխատանքների համար, բայց ստացած գումարները ոչ թե իր ձեռքն են ընկել, այլ պահվել են պապի մոտ։

«Պապի բանկում» գումարներ ունենալը Սամվելին ավելի է ոգևորել։ Տղայի մեջ հենց փոքրուց զարգացել է բիզնես մտածողությունը։

Մի փոքր մեծանալով սկսել է զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, կենդանի է պահել, հետո մտածել է, որ դաս սովորելու և ավելի խելացի դառնալու համար իրեն համակարգիչ է հարկավոր, այնինչ տղայի մտքին այլ բան էր։

Տեխնիկան ունենալ և սկսել Ֆերմեր անվամբ համակարգչային խաղը խաղալ, որտեղ հերոսը զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով։ Նպատակին հասնելու համար քայլեր է ձեռնարկել ու հաջողել։

Հայրենիքի պարտքը տալուց հետո Սամվելը վերադարձել է հարազատ բնակավայր և հասկացել, որ հայրենիքին ծառայելը դեռ չի ավարտել։

Որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ երկրում տեղի ունեցող ցանկացած երիտասարդական միջոցառմանը, սովորել և սկսել իր գաղափարների իրագործումը։

Որոշ ժամանակ անց Սամվելի մտքում մի գաղափար է առաջացել։ Ինչու՞ չկազմակերպել Արցախի համեղ այցեքարտերից համարվող ժենգյալով հացի փառատոն։

Տեղեկացել է, որ մշակույթի նախարարությունը ֆինանսական բավարար միջոցներ չունենալու պատճառով չի իրականացնելու փառատոնը և որոշել է սեփական միջոցներով կազմակերպել։

Բացի այն, որ փառատոնի շնորհիվ Սամվելի բիզնես գործունեությունը կարճ ժամանակահատվածում հայտնի դարձավ ավելի մեծ շրջանականերում, նաև գյուղում կենսական կարևորություն ունեցող շատ հարցեր լուծվեցին։

Իսկ ամենակարևոր հաղթանակներից մեկն էլ Արցախի հանրապետության նախկին նախագահ՝ Բակո Սահակյանի ուշադրությունը գրավելն էր։

Նախագահի հետ հանդիպումն էլ, կարելի է ասել, ճակատագրական դարձավ։ Սամվելին աջակցեցին ֆինանսական ներդրման հարցում, մի մասն էլ ինքն իր սեփական միջոցներից օգտագործեց։ Բիզնեսն ստացվեց։

Բացի գումար աշխատելուց, սեփական շահն առաջնային տեղում դնելուց, Սամվելը ներգրավել է նաև գյուղացիներից ոմանց։ Նրանց հետ համագործակցությունն էլ իր պտուղներ է տվել ոչ միայն ֆինանսի տեսքով, այլև համագյուղացիների մոտիվացիայի։

Տարիներ առաջ Սամվելի պապը կարողացավ Հաթերք գյուղից ապագա բիզնեսմեն, իր բնակավայրը սիրող, հայրենասեր, իր հնարավորությունները ճիշտ օգտագործող և մոտիվացված մարդ դաստիարակել։

Այսօր Սամվելը շարունակում է իր պապի մեթոդը, սակայն մի փոքր տարբերությամբ։ Առայժմ համագյուղացիներին է պատրաստում գալիք դրական փոփոխություններին, հետագայում նաև Հայաստանի այլ մարզերի բնակիչների հետ կաշխատի։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close