ԿարևորՀասարակություն

Եթե չկա ամուսնություն, գոնե լինի համբերություն

Կորոնավիրուսի համավարակի պատճառով արդեն մի քանի ամիս է՝ բազմաթիվ երկրների օդային տարածքը փակ է, չվերթեր գրեթե չեն իրականացվում։

Փակ սահմանների պատճառով Բուրաստանն ու Երվանդը փակվել են  Երևանի ու Սալոնիկի իրենց բնակարաններում։ Պիտի ամուսնանային, բայց չամուսնացան։ Կամուսնանան, երբ կորոնավիրուսից թույլտվություն ստանան։ Իսկ մինչև այդ՝  համավարակ հաղթահարող սիրո մի պատմություն։

Երևանի իրենց բնակարանի մի անկյունում Բուրաստանի ճամպրուկը կիսահավաք է այն օրվանից, երբ փակվեցին աշխարհի սահմանները։ Ճամպրուկը չի հավաքում ու չի էլ դատարկում, հույսով սպասում է, որ ձեռքի տակ եղած ճամպրուկով տնից օդանավակայան հասնելը կարճ կլինի. «Ամենասարասփելին այն պահը չէր, երբ հայտարարվեց, որ սահմանները փակվում են, երբ փակվեցին սահմանները, ամենասարսափելին դրանից հետո եկած խոսակցություններն են, երբ դու չգիտես՝ ինչքա՞ն ու ինչի՞ն ես սպասում»։

Այս հռետորական հարցի պատասխանը ո՛չ Հայաստանում են տալիս, ո՛չ էլ Հունաստանում, որտեղ Երվանդն է։ Հիմա Երվանդի ու Բուրաստանի սենյակների մեջ տարբերություն համարյա թե չկա՝ փակվել են նույն պատճառով, օդում էլ նույն զգացողություններն են՝ հույս ու սպասում։

Միակ տարբերությունը հույսի ու սպասման մասին բարձրաձայն խոսելն է. Երվանդն ինձ հետ չի խոսում ձայնով, միայն գրում է։ Երևի դժվար է, հեռվից  հեռու, ձայնային ալիքներով փոխանցել, որ կյանքդ «կանգ է առել» ու չի շարժվում:

Պիտի ամուսնանային, բայց փակ սահմաններ տեսնելուց հետո, էլ «պիտի»–ով ոչնչի մասին չեն խոսում։

Այս երկուսի սիրուն փորձության ենթարկողը ոչ թե այլ կանանց աչքերն են կամ ծաղիկներով տղամարդիկ, վեճերը կամ հեռավորությունը, այլ կորոնավիրուսը, մի բառ, մի ճարակ ու ժահր, որ սովորեցրել է սպասել։

Սենյակում փակված, համավարակի դրական շողքերն են ներս գալիս միայն, որովհետև երևի, այստեղ բաց պատշգամբը նայում է դեպի հյուսիս–արևմուտք, այնտեղ, որտեղ Երևան–Սալոնիկ ճանապարհն է անցնում.

«Մտերմացանք «իպոմոնի» բառի հետ, որ հունարենից թարգմանաբար համբերություն է նշանակում։ Կարծում եմ, որ հիմա ամենահամբերատար մարդն եմ, կամ գոնե կդասվեմ ամենահամբերատարների շարքին»,–ասում է Բուրաստանը։

Ամուսնացածների շարքերում լինելն այս պահին, հաստատ ավելի կնախընտրեին թե՛ Երվանդը, թե՛սիրելին։ Բայց, եթե չկա ամուսնություն, գոնե լինի համբերություն։

Իրենք հիմա պիտի հարսանիքի ծախսերը, հյուրերի թիվն ու եղած–չեղածը թղթին գրեին–ջնջեին, բայց աչքերը բացում, հետևում են կորոնավիրուսի թվերին՝ Հայաստանում ու Հունաստանում, աչքերը փակում հույսով, որ վաղվա օրն ավելի մեծ թվեր իր հետ չի բերի։

Ու քանի միասին Սալոնիկի իրենց բնակարանում լինել չեն կարող, ապրում են Երևան–Սալոնիկ իրենց օնլյան տանը, որտեղ կիսահավաք ճամպրուկ կա, մի–մի մահճակալ ու սեր՝ երկուսի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close