ԿարևորՀասարակություն

Անուշի կարանտինը կամ ինչպես գերմանական կարգապահությունը հաղթահարեց կորոնավիրուսի պիկը

«Ես Անուշ Պետրոսյանն եմ, ապրում և աշխատում եմ Գերմանիայում, և այսօր մենք կտեսնենք, թե ինչպես է անցնում սովորական քաղաքացու կյանքը Գերմանիայում՝  կորոնավիրուսի պայմաններում»,-  այս խոսքերով,  իր համար մի փոքր անսովոր, բայց մեր խնդրանքը  չմերժելով  է օրը սկսում Անուշը։ Նա սեղմում է իր հեռախոսի «REC» կոճակն ու նոր միայն սկսում իր առօրյան՝  դառնալով մեր ունկնդիրների աչքերը Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ գողտրիկ  քաղաքի փողոցներում։

Գերմաներենի մասնագետ  մեր հայրենակցուհին Գերմանիայում ձեռք է բերել ևս մեկ հետաքրքրական մասնագիտություն, որի մասին կպատմի ավելի ուշ, իսկ հիմա վերհիշում է Հայաստանում ունեցած  լրագրողական  փորձառությունը՝ հարցազրույց վարելով իր բակում գտնվող քաղաքի միակ «Ֆլորա» վեգան-սրճարանի տիրուհու հետ։ Գործարար Անկան պատմում է, թե ինչ վնասներ է կրել իր բիզնեսը կորոնավիրուսային մի քանի շաբաթների ընթացքում։


«Մարտի 15-ին մեզ մոտ մեծ բրանչ էր հրավիրված։ Բազմաթիվ հյուրեր ունեինք, իսկ հաջորդ օրն ամեն ինչ փոխվեց։ Շատ տարօրինակ իրավիճակ էր, կարծես գիտակցությունս կորցնեի միանգամից․․․ աշխատանքով  լի առօրյան փոխվեց անգործության։ Փորձեցի ֆեյսբուքում, առցանց նամակներով կապ պահել մեր մշտական հաճախորդների հետ, ուտեստների եւ խմորեղենի նկարները տեղադրեցի մեր կայքում, և մարդիկ սկսեցին օգտվել առցանց ծառայություններից։ Շատերը գալիս էին պատվերի հետևից,  փորձում էին գրկել, բարեւել․․․ դժվար էր  երբեմն հեռավորություն պահելը, չնայած միշտ ձեռնոցով ու դիմակով էի։ Մինչեւ հիմա էլ այդպես է,  շատ տհաճ  է աշխատել դիմակով, բայց ինչ արած։

Պետական աջակցության համար դիմեցի եւ ստացա այն։ Կարողացա վճարել վարձը եւ կոմունալ  ծախսերը։ Բայց ստիպված էի աշխատանքից ազատել մի քանի աշխատակցի։  Հունիսի 8-ից վերաբացվում է միայն բակում գտնվող սրճարանը։ Փակ տարածքում ավելի դժվար է պահպանել սահմանված կարգը՝ 1,5 մետր հեռավորություն, տարածքի բաժանում սլաքներով,  ախտահանում․․․ Դեռ չեմ կարող ասել, որ վերջնական հաղթահարեցինք կորոնաճգնաժամը, բայց դրական եմ տրամադրված»։

Անուշի ճանապարհը դեպի աշխատավայր անցնում է մեծ զբոսայգու միջով։ Այն դատարկ է․ չնայած տանից դուրս գալու խիստ  սահմանափակումներն արդեն անցյալում են, եւ շատ արգելքներ արդեն չեղարկվել են, բայց օրինապաշտ գերմանացիները շարունակում են ցուցաբերել  բարձր սոցիալական պատասխանատվություն։

«Վիթենբերգը փոքր քաղաք է՝ 50 հազար բնակչությամբ։ Ունեցել ենք 103 վարակակիր, որոնցից երեքը՝ մահվան ելքով։ Մեր քաղաքում մեծ վնասներ կրեցին փոքր բիզնես ունեցողները, և կորոնավիրուսից հետո շատ սրճարաններ կարող է  այլևս  չբացվեն»,- շարունակում է Անուշը՝ քայլելով դեպի ավտոբուսի կանգառ: Վիթենբերգում հիվանդության պիկը հաղթահարված է, սահմանափակումները՝ թուլացված։  Բաց տարածքում դիմակ կրելու պարտադրանք արդեն չկա, ուստի Անուշն այն պայուսակից կհանի ավտոբուս բարձրանալու պահին։

Մինչ այդ պատմում է իր աշխատանքի բնույթի մասին․ ունի մասնագիտություն, որը հայաստանցիներին քիչ է  ծանոթ։

Լուսանկարը՝ Անուշ Պետրոսյանի արխիվից

«Աշխատում եմ որպես սոցիալ-պեդագոգ կամ թարգմանաբար՝ սոցիալ-մանկավարժ։ Երեխաներին ու պատանիներին օգնում եմ ինտեգրվել հասարակության մեջ։ Աշխատանքս այս պահին փախստական երեխաների հետ է, կորոնավարակի պայմաններում մուտքը  մեր հաստատություն արգելված է, բայց աշխատում ենք հեռավար՝ հեռախոսազանգերի, տեսազանգերի միջոցով»,- շարունակում է Անուշը՝ ափսոսանք հայտնելով, որ տեսանկարահանել աշխատավայրում չի կարողանա․ ներկա պայմաններում թույլտվություն ստանալը ժամանակատար կլիներ։ 

Փախստական երեխաների՝ գերմանական հասարակության մեջ  սոցիալական ինտեգրման իր պարտականությունները կատարելուց հետո Անուշը կրկին սեղմում է «REC»  կոճակն ու վերհիշում լրագրողական հմտությունները։ Սուպերմարկետ գնալու ճանապարհին զրույցը նրա լավ ընկերներից մեկի՝ Ռոբի Վիմփելբերգի հետ է։ Ռոբին  զբաղվում է բնակարանների ներքին հարդարմամբ և պատմում է, թե ինչպես է փոխվել  իր առօրյան կորոնավիրուսի ժամանակ։

«Այնքան լավ է ամեն ինչ նախատեսած։ Մեկ սենյակում երկու մարդուց ավելի չի աշխատում, ուստի պարտավորված չենք դիմակ կրել, քանի որ ֆիզիկական աշխատանքը դիմակով անհնար է։ Դիմակ ունեմ, որը կրում եմ  խանութներում, հասարակական փակ վայրերում, բենզալցակայաններից օգտվելիս։ Կորոնավարակն իմ աշխատանքային առօրյան չի փոխել, նախկինի պես շատ եմ աշխատում։ Բայց լեհ աշխատակիցներ ունեմ, որոնք մեկնեցին հայրենիք՝ ընտանիքներին տեսնելու ու չկարողացան վերադառնալ, սահմանները փակվեցին։ Վեց շաբաթ բացակայեցին, ու դա շատ շոշափելի էր իմ բիզնեսի համար, մոտավորապես երեսուն-հիսուն հազար եվրո չկարողացանք աշխատել: Ունեմ նաև բնակարանների ներքին հարդարման խանութ, որի համար ստացա պետական աջակցություն՝ երեք ամսվա համար 9 հազար եվրոյի չափով։ Այդ գումարը բավարարում է միայն տարածքի վարձը վճարելու համար։

Ներկա պահին, կարելի է ասել, դեռ ամեն ինչ լավ է․ անցած տարիների ֆինանսական ձեռքբերումները օգնեցին ինձ հաղթահարել այս ճգնաժամը»:

Անուշի անսովոր օրվա ավարտը տոնական է․ հրավիրված է իր ընկերներից Կլաուդիայի ծննդյան երեկոյին, որը նշում են բացօթյա։ Այս պահին թույլատրվում են ընտանեկան հավաքներ՝ մինչև 20 մարդու մասնակցությամբ։ Համտեսում են գերմանական ուտեստներ՝ պատրաստված կարտոֆիլիվ, լոբով ու եղնիկի մսով:

Անուշի՝ «և, ինչպե՞ս ենք մեզ զգում» հարցին նրա ու մեկ օրով նաև մեր ընկերները  դարձած  գերմանացիները  պատասխանում են ջերմ` հայերենով «laaaav»։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close