ԿարևորՏնտեսական

Պտղի այգիներում բերքը պակասել է շարունակական անձրևների պատճառով

Արմավիրի մարզում ցրտահարությունից չտուժած այգիներում բերքատվությունը նվազել է շարունակական անձրևների պատճառով: Խոնավությունից գլուխ բարձրացրած հիվանդություններն ավելացրել են գյուղացիների հոգսերը, որոնց դեմ  պետք է պայքարեն մինչև բերքի հասունացումը: Մարզպետը հավաստիացրել է, որ բնական աղետներից ապահովագրված այգիներում խնդիրներ չեն լինի, իսկ ապահովագրական ծածկույթից դուրս մնացած մշակաբույսերի վնասները կուղարկվեն կառավարություն:

Տևական անձրևներից պտղատու այգիների  բերքատվությունը կիսով չափ պակասել է, իսկ խոնավությունից առաջացած հիվանդություններից՝  կորցրել  ապրանքային տեսքը: Դա ավելի է արտահայտվում օդի ջերմաստիճանի բարձրացմամբ:

«Ծիրանը 1 հեկտարից 200կգ հազիվ լինի, խոնավությունից ծակծկվեց, էդ չի անցնում, կարանք սրսկենք, որ չավելանա, ինչ կա, էդ մնա»:

«Չի անցնի, շոգերից տոթը կտա, կբարձրանա ու կավելանան ծակոտկենները»:

Ծառերի միակ պաշտպանությունն այս դեպքում որակյալ բուժանյութերն են, զրուցակիցս սկսել է վստահել բույսերի պաշտպանության նպատակով թունաքիմիկատներ վաճառող այն ծառայությանը, որից օգտվում է: Ասում է՝  նրանք խորհուրդներով օգնում են  պայքարել հիվանդությունների դեմ.

«Ֆալշ (կեղծ) դեղեր չի ծախում, գրքույկ է տալիս, հարցնում՝ ինչի դեմ է ուզում սրսկել, նշում՝  ինչ է տվել, որպեսզի հաջորդ անգամ իմանա, թե ինչ պետք է տա»:

Ջանֆիդեցի երիտասարդ այգեգործը մինչև փորձում է հասկանալ ծառերի ու հողի լեզուն, մինչև խորհուրդների միջոցով կկարողանա գտնել լավ բերք ստանալու բանաձևը, մրգաշատցի  գյուղատնտես Կարենը երկարամյա աշխատանքային փորձով է հասել  նպատակին: Թեպետ այս տարի ցուրտը խնայեց նրա ծիրանի այգին, բայց անձրևներից ու քամիներից չհաջողվեց պաշտպանվել: Եղած  բերքը պաշտպանելու համար պայքարը դեռ կշարունակի եղանակի ու հիվանդությունների դեմ:

«Տեղումները նպաստեցին հիվանդությունների զարգացմանը, չնայած կանխեցինք, բայց էլի բերքի կորուստ ունեցանք: Եթե անցած տարի էս 6000 քմ տարածքից, 70 ծառից 15 տոննա բերք եմ ունեցել արտահանելու՝ բարձրորակ, էս տարի, երևի, 7 տոննա հազիվ լինի»:

Ծիրանի այգին 20 տարեկան է, ասում է ծիրանենիները կարող են  մինչև 50 տարեկանում լավ բերք տալ, եթե ժամանակին ճիշտ խնամվեն, երիտասարդացվեն, պահանջվող բոլոր միջոցառումները կիրառվեն: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համեմատություն անցկացնելով անցած տարվա հետ, նկատեց՝ գրեթե համընթաց է տարին ընթանում, իսկ տևական անձրևներն էլ բնորոշեց  ոռոգման խնդրի հնարավոր լուծման միջոց.

«Գյուղատնտեսության խնդիրներն ավելի մեղմ են, նկատի ունեմ կարկուտը, բնածին այլ աղետները: Վերջին ժամանակահատվածում առատ անձրևները մի փոքր խնդիրներ առաջացրեցին, կան հողատարածքներ շատ անձրևների դեպքում առաջացնում են աղակալման խնդիրներ, բայց մյուս կողմից անձրևները աջակցեցին մեզ, որ ոռոգման սեզոնին ընդառաջ լինենք բավականին պատրաստ»:

Մարզպետն ասում է, որ ցրտահարություն դիտվել է Էջմիածնի և Բաղրամյանի տարածքի այգիներում, իսկ վնասի փոխհատուցման լավագույն տարբերակը ապահովագրությունն էր.

«Ցրտահարության բոլոր արդյունքները արձանագրվել են: Այն հողատարածքները, որոնք ապահովագրված են եղել, որևիցէ պրոբլեմ չեն ունենա, իսկ  որոնք ապահովագրություն չեն ունեցել և այդ մշակաբույսերը չէին հանդիսանում կառավարության ծրագրի մաս, ապա մենք ուղարկել ենք կառավարություն և կարգի համաձայն այդ խնդիրներին կանդրադառնանք տարեվերջին»:

Ջանֆիդեցի երիտասարդ այգեգործը գյուղապահովագրության մասին 1.5 ամիս առաջ էր իմացել, հետաքրքվել էր ու 1 հեկտար այգին կարկուտի դեմ ապահովագրել՝ վճարելով  37000 դրամ: Ապահովագրողը մեքենայով էր հասել Ջանֆիդա և թույլ տվել վճարները կատարել 1-2 ամիս հետո:

Ապահովագրության պայմանները ուսումնասիրել  ու ծանոթացել է նաև մրգաշատցի գյուղատնտեսն ու հրաժավել այգին ապահովագրելուց՝ պայմանները չեն գոհացրել:

Back to top button