ԿարևորՀասարակություն

Կար պահ, որ անգամ չէինք հասցնում համազգեստ փոխել. վարակված բժշկի պատմությունը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ինֆեկցիոնիստ, առաջին բաժանմունքի ղեկավար  Օֆելյա Նալբանդյանը հաղթահարել է կորոնավիրուսը և այսօր մյուսների նման պատրաստ է գնալ համավարակի առաջնագիծ, սակայն հարկադիր պարապուրդի մեջ է։

Կորոնավիրուսով  վարակակիրների հետ աշխատել է  մարտի սկզբին։ Ասում է, որ հաճախ չեն հասցրել կանոններով հագնվել, արագ դրել են դիմակն ու շտապել հիվանդի մոտ:

«Մենք աշխատել ենք հայտնի դեպքերի հետ. Էջմիածնի դեպքերը, Մասիսի գործարանից խմբերով էին գալիս։ Դեռևս նոր հանված, հասցնում էինք դիմակն ու ձեռնոցները դնել, խալաթը գցել, այդպիսի դեպքեր եղել են, ինձ թվում է այդ ժամանակ եմ վարակվել»,- ասում է բժիշկը։  

Վարակակիրների հետ աշխատել է մոտ 15 օր, մինչև  կառավարության՝ մեծահասակ բուժաշխատողներին հարկադիր պարապուրդի ուղարկելը։ Տանը մեկ օր մնալուց հետո է զգացել է որոշ թույլ ախտանշաններ։

«Ես չեմ ջերմել, զգացել եմ  մկանացավ,  ունեցել եմ զգացողության խանգարումներ բերանի շուրջ։ Առաջին ախտանշանս դա է եղել։ Եվ ես անմիջապես հավաքվել եմ ու գնացել  հիվանդանոց»,- պատմում է Օֆելյա Նալբանդյանը։   

Բժշկուհու մոտ  կլինիկական երևույթները՝ ջերմություն և թոքաբորբ,  արդեն  զարգացել են  հիվանդանոցում։  Իր աշխատավայրում՝  «Նորք» ինֆեկցիոնում,  կոլեգաների հոգատարության արդյունքում է հաղթահարել կորոնավիրուսը։

«Ընդհանրապես հիվանդանոցում ամեն ինչ կատարվում է լիարժեք։  Ես ստացել եմ սովորական ուղեցուցային  բուժում։ Հավատը մեր բժիշկների, առողջապահության նախարարության նկատմամաբ օգնեցին ինձ հաղթահարել վիճակը։ Ես հավատում էի, որ բուժվելու եմ»,- ասում է բժշկուհին։

Բուժվելուց հետո ինֆեկցիոնիստ Օֆելյա Նալբանդյանը չի վերադարձել աշխատանքի՝ հարկադիր պարապուրդի մեջ  գտնվելու պատճառով։ Սակայն հեռվից էլ անհանգստանում է  յուրաքանչյուր պացիենտի առողջության համար։ Պատրաստ է  նորից վերադառնալ համավարակի առաջնագիծ և մասնագիտական հմտությունները  կիրառել հիվանդների  շուտափույթ ապաքինման համար։

Back to top button