ԿարևորՀասարակություն

ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգումները շարունակում է

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով` տեսչական մարմինների ստուգումների արդյունքում, մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Այսօր առավոտյան այցելել էի մեր թաղամասում գտնվող փոքրիկ մթերային խանութ ու պարզվեց, որ  տեսչական մարմնի ստուգումների արդյունքում նրա գործունեությունը դադարեցվել է 24 ժամով։

Տնտեսվարողն ասում է, որ շատ ուշադիր են, բայց չգիտեին, որ ջերմաչափում պետք է օրական երկու անգամ իրականացնեն․

«Դե ստացվում է, որ  պահի տակ մոռանում ենք ձեռնոցի ու դիմակի մասին։ Ու ստացվեց, որ մենք էլ այդ 24- ժամյա «պարգևը» ստացանք։ Դե քանի որ նոր է ամեն ինչ, մենք փորձում ենք հնարավորինս հետևել պարետատան ցուցումներին, բայց դե լինում է»,- ասում է տնտեսավարողը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ մշտադիտարկումներ է  իրականացնում  ողջ հանրապետությունում։ Մայիսի  24-27 ընկած ժամանակահատվածում պարետի որոշմամբ կասեցվել է 1049 տնտեսվարողի գործունեություն։

Առողջապահական և աշխատանքի տեսչության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյան․ «Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն»,- նշում է Լիանա Եղիազարյանը։

Նա նշոըմ է, որ եթե մի քանի օր առաջ առավել շատ խախտումներ էին արձանագրվում առևտրի և սպասարկման խոշոր օբյեկտներում, ապա վերջին օրերին անվտանգության կանոնների ամենաշատ խախտումները գրանցվել են գեղեցկության սրահներում, ստոմատոլոգիական կենտրոններում և փոքր խանութներում։ 

Զրուցակիցս գեղեցկության  սրահի տնօրեն է, որի սրահի  գործունեությունը կասեցվել է 24 ժամով։ 

«Այդ օրը եկան, ճիշտ ասած հաճախորդներից կային, որ դիմակով չէին, ու մեր վարսահարդարներից մեկը։ Դե պահի տակ ստացվել էր։ Այնպիսի խախտումներ են, որ կշտկվեն, ու հաստատ ավելի ուշադիր կլինենք»

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ ուսումնասիրություններ իրականացնել ու տնտեսվարողներին այցելում է առանց զգուշացնելու։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close