ԿարևորՀասարակություն

Մեծ հաղթանակի փոքր պատմությունները

Ե՞րբ ես ավելի շատ գնահատում անկախությունը. երբ այն ունե՞ս, թե՞ երբ ձգտում ես նրան, ու՞մ է հարկավոր անկախությունը՝ անհատի՞ն, հանրությա՞նը, թե՞ ժողովրդին: Այս ու նման բազմաթիվ հարցեր են շարունակ ուղեկցել եւ ուղեկցում մեծ երազի ճանապարհով ընթացողներին։ Մինչդեռ, այսօրինակ հարցերի պատասխանները գտնելու երկունքն է, որ հանգեցրել է առաջին անկախ հանրապետության ծնունդին՝ ապահովելով երկրորդի տեղը երկրի վրա։ 1918 թվական, մայիս 28 …

Պատմական այսօրինակ մեծ թվականների ոգեկոչումներն իմաստավորվում են, երբ այն կերտող ժողովուրդները նոր նվաճումներով ու նոր հաղթանակներով կյանքի են կոչում այս համազգային տարեդարձի՝ սերնդեսերունդ փոխանցած պատգամները։ Երբ սերունդներն իրենց գործերով են փաստում պապերի արյունով գրված հերոսական պատմության արժանի ժառանգորդ լինելը։

Սարդարապատցի Վաչագան պապի ընտանիքը 1915-ին գաղթել է Վանից։ Ծնողների պատմած պատմությունները, նաեւ Սարդարապատի հերոսամարտի մասին, երբեք չի մոռանա։ Ասում է՝ իր անցյալն են ամբողջացնում դրանք ու իր հպարտությունն են։      

Նաեւ այսպիսի պատմություններով է հատիկ-հատիկ ամբողջանում 1918-ի Սարդարապատի հերոսամարտը, որին լծվեցին բոլորը՝ բացառիկ միասնականությամբ՝ շինականից մինչեւ հոգեւորական։ Պարույր Հայրիկյանը մշտապես տպավորված է այդ օրերին Գեւորգ Կաթողիկոսի բացառիկ պահվածքով ու դերակատարությամբ։

Այդպես, 102 տարի առաջ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերով հայ ժողովուրդը կերտեց դյուցազնական 1918-ի Մայիսի 28-ը՝ Հայաստանի ազատ ու անկախ պետականության հերթական հիմքը։

Զրկանքներ ու Ցեղասպանություն տեսած ու ապրած հայության այդ բազմաչարչար սերունդը, բիբլիական լեռան հովանու ներքո, իր առնական բազկի հարվածով կարողացավ թոթափել դարերի ստրկության բարդույթը՝ բացելով ազատ ու անկախ ապրելու Մեծ երազի ճանապարհը…

Ավարայրից մինչեւ Սարդարապատ ու մինչեւ Շուշի հայ ազգի անխախտ կամքն են փառահեղորեն վերահաստատել հայության տարբեր սերունդներ, որ շարունակաբար սնվել են մայիսյան հաղթանակների պատգամ-խորհուրդներով։ Նույն ակունքներից սնվեց նաեւ Արցախյան հերոսամարտն ու պսակվեց հաղթանակով։  

Այդ պատգամներին ականջալուր լինելն է, որ ապահովում է շարունակական հաղթանակն ու գոյատեւման իրավունքը։ Սա է Մայիս 28-ի պատգամներից մեկը, որին պարտավոր ենք հետեւել ազգովի։

Back to top button