ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ Ալեքսանդրապոլում առանց ճակատամարտի դիմավորեցին թուրքերին

20-րդ դարասկզբին  առանց մարտերի ընկան Հայաստանի բերդաքաղաքները Կարսը, հետո՝ Ալեքսանդրապոլը։ Արևելյան Հայաստանի շատ տարածքներ անցել էին թուրքերին, ինչ մնացել էր, ընդամենը 12 000 քառակուսի կմ էր եւ այդ տարածքում հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։

Ալեքսանդրապոլն առաջին հանրապետության մաս դարձավ 1918-ի դեկտեմբերին միայն։ Ինչու էր Ալեքսանդրապոլն անպաշտպան և ինչու աղ ու հացով դիմավորեցին թուրքերին․․․

Ալեքպոլյան պատմությունները՝ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանի հետ զրույցում։

Հայասանի Առաջին հանրապետությունը կազմավորելիս Ալեքսանդրապոլը առջնային դերքերում էր, թշնամու հարձակումների թիրախում։ Ալեքպոլի բերդային համալիրը Անդրկովկասում նմանը չուներ, գրծառույթը՝ պաշտպանական էր, իսկ թե ինչքանով կատարեց իր դերը՝ պատմաբան Արմեն Հայրապետյանը պատմական անցքերը լավ գիտե։

«Ալեքսանդրապոլի բերդի կրկօրինակ, երկրորդ օրինակ չկա, այդքան մեծամասշտաբ շինություն, այլ է հարցը, թե ծառայե՞ց արդյոք իր նպատակին, ցավոք սրտի՝ ո՛չ։ 18 թվականի դեպքերը, թվում է, թե ամենաուսումնասիրվածն են Հայոց պատմության մեջ, մայիսյան հերոսամարտեր և այլն, թվում է, թե չկա որևէ թիզ, որևէ հարց, որ անդրադարձ չի եղել, բայց իրականում շատ բացեր կան և դրանցից մեկը՝ ինչու՞ Ալեքսանդրապոլը գրավվեց առանց դիմադրության»,- ասում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանը։

Կարսի անկումից հետո կարծես թե կանխատեսելի էր, որ հաջորդն ընկնելու էր Ալեքսանդրապոլը։ Անդրկովկասյան սեյմը հայկական հողերի հաշվին պահպանել էր վրացականը, խաղաթղթին Կարսն էր և Բաթումը։ Ընկավ Կարսն առանց պայքարի։ Թուրքերը, սակայն, դրժեցին իրենց խոստումը և գրգռված ախորժակով շարժվեցին դեպի Ալեքսանդրապոլ։

«Պարզ է, որ թուրքերը պիտի անցնեին Ախուրյանը, ինչի՞ պետք է չանցնեին, ինչի պետք է մնային հավատարիմ իրենց խոսքին։ Ե՞րբ է թուրքը հավատարիմ մնացել իր խոսքին, էրբևէ։ 18-րդ դարավերջի թուրքն էլ է նույնը, 20-րդ դարասկզբինն էլ, 21-ն էլ։ Ցավոք սրտի, մեր ռազմական իշխանությունները աչքաթող արեցին այդ փաստը, հույս ունեին, որ Կարսով կսահմանափակվեին և 1877-78-ի սահմանով թուրքերը կբավարարվեն։ Մինչ այդ` ապրիլի կեսից, Ախուրյանն անցավ շուրջ 150 000 գաղթական, որոնք Կարսից մի կերպ փախան մեր կողմ։ Մի մասը դեպի Հյուսիսային Կովկաս ու Թիֆլիս, մյուս մասը մնաց տեղում»,- ասում է պատմաբանը։

Խորհրդային տարիներին խոսակցություն էր պտտվում, թե ալեքպոլցիները աղ ու հացով դիմավորեցին թուրքին, պատմաբաններից շատերն այլ մեկնաբանություն ունեն։

«Հայ պատմագիտությունը չգիտես ինչու, չի ուզում անդրադառնալ այն հարցին, թե Ալեքսանդրապոլն ինչու այդքան հեշտ հանձնվեց, կամ՝ ինչու ընդհանրապես հանձնվեց։ Որևէ մեկը չի փորձում նույնիսկ խոսել մասին, որ Ալեքսանդրապոլը կարող էր նույնիսկ չհանձնվել, որովհետև՝ մայիսի սկզբներին քաղաքում կար 16 000 անոց բանակ, հայկական կանոնավոր բանակ։ Այստեղ էին մեր բոլոր անվանի զորահրամանատարները, այդ թվում նաև գլխավոր հրամանատարը՝ Նազարբեկյանը, և հանգիստ կարելի էր պաշտպանել Ալեքսանդրապոլը։  Բայց տեղի ունեցավ են, ինչ տեղի ունեցավ։ Մայիսի 14-19 ընկած ժամանակահատվածում այդ բանակը, որը կոչված էր պաշտպանելու խաղաղ բնակչությանը՝ հեռացավ Ալեքսանդրապոլից մի ուղղությամբ դեպի Ղարաքիլիսա, մյուս ուղղությամբ՝ դեպի Երևան։ Քաղաքը մնաց անպաշտպան, այն քաղաքը, որը հույս ուներ պաշտպանվելու։ Այդտեղից էլ առաջ եկան այն առասպելները, թե ոնց են այեքսանդրապոլցիները թուրքերին ընդունել աղ ու հացով, թե առանց աղ ու հացի։ Կարևորն այն էր, որ կար բանակ, որ այդ բանակն անհրաժեշտության պահին անհետացավ»։

Արևելյան Հայաստանի շատ տարածքներ անցել էին թուրքերին, ինչ մնացել էր, ընդամենը 12 000 քառակուսի կմ էր, եւ այդ տարածքում հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։

«Եթե ավելի կոպիտ խոսենք՝ Երևանը և Սևանա լիճը։ Գերմանացի քաղաքական գործիչներից մեկը մի արտահայտություն է արել, ասում էր, «թուրքերը Սևանա լիճ մտնել լողանալու տեղ տվեցին, բայց ջրից դուրս գալու տեղ չտվեցին»։ Սևան կարելի էր մտնել, դուս գալ չորանալն անհնար էր, տեղ չկար»,- նշում է Արմեն Հայրապետյանը։

Ալեքսանդրապոլն առաջին հանրապետության մաս դարձավ 1918-ի դեկտեմբերին միայն։

«Հայաստանի Հանրապետությունը առաջինը ճանաչել է Թուրքիան, Բաթումի պայմանագրով, հունիսի 4 ին։ Պետությունը հռչակվել է մայիսի 28-ին, 30-ին հռչակման մասին նյութը հրապարակվել է Թիֆլիսի մամուլում, հունիսի 4-ին Թուրքիան ճանաչել է Հայաստանը որպես պետություն ու նրա հետ պայմանագիր կնքել»,- ասում է պատմաբանը։

Զավեշտալին այն է, որ Հայաստանի թե՛ առաջին, թե՛ երկրորդ հանրապետությունները առաջինը ճանաչել է հե՛նց Թուրքիան, մեր հանրապետությունը եւս առաջին ճանաչողներից մեկն է Թուրքիան։ Դիվանագիտական քա՞յլ, թե՞․․․

Պատմության զսպանակաձև զարգացման տեսությունը շատ անգամ հիմնավորվում է փաստերով, իսկ արդյո՞ք դասեր քաղում ենք, թե՞ պատմական սխալներն էլ ենք զսպանակաձև զարգացմամբ կրկնվում. կարտացոլվի հերթական շրջապտուտում։ 

Ցուցադրել ավելի
Back to top button
Close