ԿարևորՀասարակություն

Սփյուռքը Հայաստանի մեծ բանակն է աշխարհում. առցանց հանդիպում՝ արգենտինահայ համայնքի հետ

«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի հերթական առցանց հանդիպումն Արգենտինայի հայ համայնքի հետ է եղել: Հայաստան-սփյուռք գործակցության ուղղությունները, գրասենյակի ծրագրերն ու համայնքային խնդիրները Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ քննարկելու համար տեսակապին միացել են համայնքի կուսակցական, կրթական, մշակութային, լրագրողական և այլ շրջանակների ներկայացուցիչներ, հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Զարեհ Սինանյանը նախ ներկայացրել է Հայաստանում համավարակով պայմանավորված ընթացիկ իրավիճակը, անդրադարձել է գրասենյակի ծրագրերին և աշխատանքներին: Այնուհետ արգենտինահայ գործիչները համառոտ ակնարկ են կատարել համայնքում տիրող իրավիճակին՝ նշելով, որ դեռևս փակ են դպրոցները, եկեղեցիները, մարզական և հայրենակցական միությունները: Սակայն համայնքը մշտապես աչքի է ընկել իր ակտիվությամբ, ավանդական կառույցներով և միասնականությամբ:

Տեսակապի մասնակիցները Գլխավոր հանձնակատարին հարցեր են ուղղել համայնքի հետ կապերը սերտացնելու հեռանկարների, մասնագիտական հավաքների, ներդրումների, սփյուռքի հետ հարաբերություններում պետական դիրքորոշման վերաբերյալ: Գործիչները մտահոգություն են հայտնել Հայաստանից դասագրքերի չստացման և կրթական միասնական ծրագրի բացակայության վերաբերյալ, պատրաստակամություն են հայտնել մասնակցել արևմտահայերեն ուսումնական գրականության մշակման գործընթացին:

«Մեր նպատակն է, որ Հայաստանն առաջ գնա: Սփյուռքը Հայաստանի մեծ բանակն է աշխարհում»,-հանդիպման ավարտին շեշտել են համայնքային ներկայացուցիչները:

Back to top button