ԿարևորՀասարակություն

Ո՞վքեր եւ ինչո՞ւ են լարում իրավիճակը Կապանում

Քաջարանում տեղի ունեցած երեկվա դեպքերում շատերը այս պահին փորձում են քաղաքական պատճառներ գտնել, անգամ հիշում են, որ հեղափոխությունից հետո Հայաստանում դեռ մնացել են բնակավայրեր, որտեղ ղեկավարները իշխող քաղաքական ուժից չեն։ Այդ բնակավայրերի մեջ է մտնում նաև Քաջարանը։

Իրավիճակի և գործերի նյութերին ծանոթանալուց հետո, ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան ներկայացվում է։ Այսօրվա դրությամբ հավաքներ Կապանում չեն կազմակերպվել, բայց իրավապահները ուժեղ վերահսկողություն են սահմանել դեպի Կապան տանող ճանապարհներում և փողոցներում, ստուգում են քաղաքացիների փաստաթղթերը և ավտոմեքենաները։  Փորձենք հասկանալ, թե ինչն է Քաջարանի դեպքերի պատճառը։  

Սովորական քրեական գործ, որը արտակարգ դրության պայմաններում, երբ արգելվում են հավաքներն ու հանրային միջոցառումները, ալեկոծեց Հայաստանի քաղաքներից մեկը։ Քաջարանում մինչև երեկ ուշ գիշեր լարված էր։ Իրավիճակում կարելի է գտնել ամեն ինչ՝ հանցագործություն, որը հետաքննվում է, ուժի կիրառում, որը ծառայողական քննության պատճառ է դարձել, և անգամ՝ քաղաքական ենթատեքստեր։

Քաղաքացիների՝ ժամեր տևած հավաքը քաղաքականի գեներացնելու փորձերը և նոր զարգացումները բացառեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

«Անիմաստ, անտրամաբանական, անտեղի խուզարկություններ, առանց կանչի՝ բերման ենթարկել, ծեծել, բաց թողնել։ Մենք չենք ուզում քաղաքականացնել, բայց տրամաբանությունը տանում է դրան»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Հունան Պողոսյան«Մի քիչ ավելի շատ եմ հասկանում, քան՝ այս պահին ձեզ թվում է, սրանից ավելի չեմ ուզում ասել, դրա համար շատ պազ տեքստով ասում եմ անտեղի ոչ մի բան չի լինում։ Քաղաքականի մասին որ խոսում եք, հստակ ասում եմ իմ պաշտոնավարման 1 տարի 7 ամսվա ընթացքում որևէ մեկին չեն ասել աչքիդ վերևը ունք կա, ժողովրդական ընկալմամբ՝ «սարքոցի»։ Քաղաքական ոչինչ չկա, մտքներից ձեր հանեք։ Եթե մեկը կարծում է, որ քաղաքական բան կա, ուրեմն սադրում է»։   

Իրավապահ համակարգից Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է՝ Քաջարանում ոստիկանների գործողությունները քննվող գործի շրջանակներում է։ Օրեր առաջ տեղի են ունեցել խուզարկություններ և դրա հետևանքով կատարվել են ձերբակալություններ:  Անգամ խուզարկել էին մի քանի համայքապետերի, այդ թվում ՝ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի բնակարաններում։ Մանվել Փարամազյանը Քաջարանի քաղաքապետ է ընտրվել  2017–ի նոյեմբերի 5–ին՝ Հանրապետական կուսակցության թեկնածուն էր։ Ներկայացվում է, որ ձերբակալվածները նրա կողմնակիցներն են և հենց այդ փաստի հետ են փորձում կապել հաշվեհարդարի վարկածներից մեկը։

Իրականում քննվող գործից շատ մանրամասներ հայտնի չեն։ Քաջարանի երկու բնակիչների միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար այս տարվա ապրիլի 26-ին Քաջարան համայնքի ղեկավարի կանչով՝  վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի։  Տեղի է ունեցել ծեծկռտուք՝ հետագա շարունակությամբ այլ վայրում, ուր մասնակիցներից մեկին բռնի են տեղափոխել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում այդ վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Սա է այն քրեական գործը, որը երեկ ալեկոծեց Քաջարանը և որի բնակիչները, փակելով ոստիկանության ճանապարհը, փորձում էին չթողնել ձերբակալվածներին Երևան տեղափոխել։  

Քաջարանցիների և ոստիկանների միջև բանակցությունները փորձում էր կազմակերպել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը․

«Ոչ մեկս այստեղ կանգնած հարուցված քրեական գործի դեմ ոչ մի բան չունեն։ Կերևա հետո՝ ովքեր են մեղավորները և ովքեր են անմեղները։ Ես հավատացնում եմ ձեզ, որ երաշխիքները չպահելու դեպքում շատ վատ հետևանքներ կլինի։ Ես որպես համայնքի ղեկավար, նաև վստահելով մեր ոստիկանության բարձր պաշտոնյաներին, համոզված եմ, որ գործը լինելու է շատ օբյեկտիվ ու առանց բռնության»։

Ուշ գիշերը ոստիկանության համար ճանապարհ բացելուց առաջ քաղաքապետը քանջարանցիների անունից բարձրաձայնեց՝ եթե նկատեն ոչ իրավական գործողություններ, ապա հավաքված յուրաքանչյուր հազար մարդու փոխարեն կհավաքվի 10 հազար մարդ։

Թեեև երեկ բանակցությունները վարում էր Քաջարանի քաղաքապետը, բայց այսօր արդեն հայտնի դարձավ, որ նա արձակուրդում է դեռ ուրբաթ օրվանից՝ իր դիմումի համաձայն օգտվում է տարեկան հասանելի արձակուրդից։ Սա հաստատել է քաղաքապետի տեղակալը։  Իսկ քաջանացիների երեկվա զայրույթի ալիքը ու ոստիկանների հասցեին հնչած ամոթանքի խոսքերը հնչել էին այն բանից հետո, երբ Կապանի ոստիկանության շենքից դուրս գալուց հետո Մանվել Փարամազյանը հայտարարել էր, որ բոլոր ձերբակալվածների նկատմամբ բռնություն է կիրառվել։ Ազատ արձակված երիտասարդներից մեկը նույնպես հայտարարել էր, որ բաժանմունքում իրեն բռնության են ենթարկել, ծեծել եւ ցույց էր տվել վնասվածքները: Դեպքի առնչությամբ սոցցանցերում դատապարտող հայտարարություններով հանդես եկան իրավապաշտպանները՝ կոչ անելով ոստիկանությունում բացառել խոշտանգումներն ու բռնությունները։

«Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները գլխավոր դատախազությունից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»,- տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  Ոստիկանության պետի հրամանով էլ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել:

Զուգադիպություն էր, բայց ոստիկանության հետ կապված կարևորագույն նախաձեռնություններից մեկին այսօր սկիզբ դրվեց խորհրդարանում՝ «Ոստիկանության մասին» օրենքում նոր լրացումներով և փոփոխություններով։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան․

 «Ոստիկանությունը գուցե առաջին անգամ կունենա հնարավորություն ներկայանալ նոր կերպարով, նոր սպառազինությամբ, նոր ինտելեկտով։ Եվ հասարակության հետ նրա շփումները կլինեն այնպիսին, որ ոչ մեկի մոտ կասկած չի առաջանա, որ ոստիկանը, երբ ասում է մի արա դա, ինքը այդ հրահանգից հետո արդեն պետք է չանի։ Չի քննարկելու, որ այստեղ քաղաքական դրդապատճառ կա, պախկվի քաղաքական տեքստերի տակ։   Պատվերով համերգները վերջանում են»,- ասաց Քոչարյանը։  

Քաջարանի դեպքերի հետ կապված` Քննչական կոմիտեից քաղաքացիներին զգուշացնում են և հորդորում՝ չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը, քանի որ խոչընդոտելու համար  նախատեսված է քրեական պատասխանատվություն: Ամեն դեպքում ոստիկանությունը ոչ այս հիմքով, ոչ էլ՝ համավարակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության խախտման փաստով երեկ ուժ չկիրառեց։

Back to top button