ԿարևորՀասարակություն

Թոռան ծնունդին չգնալը ամոթ չէ. Ֆրանսիայում կորոնավիրուսը հաղթահարում են սիրո միջոցով

«Nous sommes en guerre».  Ֆրանսիայի նախագահը կորոնավիրուսի դեմ իր երկրի պայքարը պատերազմ անվանեց։ Ինչպես յուրաքանչյուր պատերազմում՝  անտեսանելի թշնամու դեմ պայքարը պահանջեց համազգային մոբիլիզացիա, և ֆրանսիացիները հաղթող են դուրս գալիս այս պատերազմում․  շարունակում է իջնել ինչպես նոր վարակակիրների, այնպես էլ մահվան դեպքերի թիվը՝  չնայած արդեն երկու շաբաթ է կոշտ միջոցները վերացվել են, և Ֆրանսիայում կյանքը վերադառնում է բնականոն հուն։

«Ֆրանսիայում ունենք 64 մահ, եղել է, որ ունեցել ենք հազար մահ մեկ օրում։ Բայց  օրենքները պահպանելով՝  դիմակ, ձեռնոց կրելով, հեռավորությունը պահպանելով կարողացել ենք նվազեցնել մահերը», ասում է մեր ավագ գործընկերը՝ լրագրող  Անժելա Սահակյանը։

Նա  Փարիզում է բնակվում արդեն երկար տարիներ, պատմում է՝ ֆրանսիացիների կյանքը չփոխվեց անգամ մայիսի 11-ից հետո, երբ շատ սահմանափակումներ երկրում վերացան։ Նրա խոսքով՝ Փարիզի կենտրոնական փողոցներն այսօր մարդաշատ չեն, մշտապես  լեփ լեցուն հասարակական տրանսպորտը՝ կիսադատարկ։

Կիսադատարկ են  նաև Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցները։ Մեր մյուս  զրուցակիցը պատմում է․ Մոսկվայում իշխանությունները խստագույնս հետևում են կարգ ու կանոնին։

«Ինքնամեկուսացման պայմանները Մոսկվայում շատ կոշտ են, մեքենայով դուրս գալ կարելի է շաբաթը երկու անգամ  տեսախցիկները ֆիքսում են օրինազանցի մեքենայի համարն ու դուրս գրում տուգանք, ինչը թանկ հաճույք է», – ասում է Իզաբելա Աթաջանյանը։

Նրա ընտանիքին հաջողվում է խուսափել վարակից՝ խստագույնս պահպանեով կանոնները։

«Երեխաների հետ զբոսանքը բառացիորեն անհնարին է, մեքենայով այգի չես կարող գնալ, իսկ բակի խաղահրապարակներ մուտքը, կարուսելները ժապավենով փակված են։  Երեխաների հետ մնում ենք տանը, դա շատ դժվար է, հատկապես երբ լավ եղանակ է։ Վարակվել չենք ուզում, սպասում ենք»։

Իզաբելայի ծանոթների շրջանում վարակվածներ կան, նույն շքամուտքում ապրող հարևաններ էլ ունի։

«Առաջին օրը, երբ նրանք բժիշկ կանչեցին, եկան կազմեցին արձանագրություն, լուսանկարեցին նրանց։ Տանից դուրս գալը խստիվ արգելեցին,  ելումուտը հսկվում էր շքամուտքերում տեղադրված տեսախցիկների միջոցով, որոնց տեսագրությունները փոխանցվում են ոստիկանություն։ Նրանք այնքան տանը մնացին, մինչև առողջանալուց հետո հանձնեցին եռակի թեստ։ Միայն համոզվելուց հետո, որ վարակակիր չեն, թույլ տվեցին դուրս գալ։ Բացի այդ` ինչ–որ ծրագիր են ներբեռնում տնային ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց հեռախոսներ, այդպես  հսկում ամեն քայլը»,- շարունակում է Իզաբելան։ Մասնագիտությամբ բժիշկ մեր զրուցակիցը զարմանքով է հետևում հայաստանյան լրատվամիջոցների հեռարձակած կադրերին, երբ տեսնում է անդիմակ փողոցներում շրջող անձանց։

Հայաստանում վարակակիրների թվի աճին անհանգստությամբ է հետևում նաև Փարիզում ապրող մեր հայրենակցուհին։

 «Ի՞նչ է նշանակում, երեխայիս ծնունդ է, վայ քոռանամ ես, գնամ շնորհավորեմ, ամոթ է։ Այդպիսի բան այստեղ գոյություն չունի, ի՞նչ ծնունդ, ի՞նչ կնունք։ Ես հետևում եմ հայաստանյան իրադարձություններին, թե ինչպես են մարդիկ անուրջ վերաբերվում այս վարակին»։

Ի՞նչն է օգնում Ֆրանսիային հաղթահարել վարակը. հարցին  Անժելա Սահակյանը պատասխանում է․  կարգապահությունը, հարգանքը երկրի օրենքների, միմյանց նկատմամբ։ Նրա համոզմամբ՝  դա է սերը։

Back to top button