ԿարևորՀասարակություն

Ամենածանրը ոչ թե կորոնավիրուսով վարակվելն է, այլ հարազատներին վարակելը. մի ընտանիքի պատմություն

Սուսաննա Սիմոնյանի ընտանիքի անդամները այն 7113 վարակվածների թվում են, որոնց մի մասը դեռ շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ։ Սուսաննան պատմում է, թե ֆիզիկական խնդիրներից ու բուն հիվանդությունից բացի ինչ հոգեբանական զգացողություններ ունի։ Ամենածանրը կորոնավիրուսով վարակվելը չէ, այլ վարակելը հարազատին, մտերիմին։

Եթե մարտի 14-ին, երբ մեր երկրում արտակարգ դրության առաջին օրն էր, Սուսաննային ասեին, որ ինքն ու ընտանիքի բոլոր անդամները երկու ամիս անց կվարակվեն կորոնավիրուսով՝ չէր հավատա։ Վատ երազ կթվար։ Բայց…

«Եկավ այդ օրը, ու ստացվեց այնպես, որ ընտանիքիս անդամներով հիվանդացանք»,– սկսում է իր ընտանիքի պատմությունը Սուսաննա Սիմոնյանն ու փորձում գնալ մի քանի օր հետ, վերհիշել՝ ինչպես սկսվեց։

«Հիվանդության նշանները նախնական շատ թույլ են եղել, չեմ ջերմել, ունեցել եմ հարբուխային վիճակ մեկ օր, գլուխս էր ցավում, իսկ արդեն հաջորդ օրը ոտքերս էին ցավում, հոդերս, բայց մտածում էի, որ հետվիրահատական խնդիր է, քանի որ երկու ամիս առաջ ողնաշարի վիրահատություն եմ տարել»։

Սուսաննայի ամուսնու աշխատանքի վայրում է կորոնավիրուսով վարակված եղել. սկզբում ուշադրություն չեն դարձրել, անցել առաջ։ Հաջորդող օրերին նմանատիպ ախտանշաններով սկսել են վատ զգալ Սուսաննայի ամուսնու մայրն ու ամուսինը. կոկորդի չորություն, համի ու հոտի բացակայություն, թուլություն։ Անգամ այս նշաններով ուշադրություն չեն դարձրել մինչև այն պահը երբ․

«Ավելի շատ սկսեցի վախենալ, երբ կիրակի օրը առավոտվանից բալիկներս իրենց շատ թույլ էին զգում, ուտել չէին ուզում»,– շարունակում է Սուսաննան։

Այդ կիրակիի հաջորդ օրը՝ մայիսի 12–ին արվել է առաջին թեստը՝ ընտանիքի բոլոր անդամները վարակված են եղել։ Մեկ շաբաթ անց՝ Սուսաննայի ու ամուսնու թեստի պատասխանները բացասական էին։ Մայիսի 12-ի զգացողությունները փոխանցում է հուզված.

«Այդ պահին շոկ ապրեցի, հուզմունքս շատ էր, լացս գալիս էր, բայց հետո հավաքվեցի, քանի որ բժշկուհին ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու։ Բժշկուհին ասաց, որ մեզ տանելու են Ծաղկաձոր՝ հյուրանոց, քանի որ թեթև նշաններով է մեզ մոտ հիվանդությունը»,– շարունակում է Սուսաննան։

Ինը օր Ծաղկաձորում են եղել, հիմա տանն են՝ բոլոր մեկուսացած։ Դեռ 14 օր էլ շարունակելու են տանը մնալ։ Սուսաննայի ընտանիքի անդամներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բայց ինքն իրեն ներսից, հոգում լավ չի զգում։ Ծանրացել է։

Վարակել է իր կողքը նստող գործընկերոջը։ Ու ում վարակել է, թոքաբորբ ունի, հիվանդությունը ծանր է տանում։ Իրեն պատասխանատու լինել է սովորեցրել կորոնավիրուսը։ Մեր հեռավար խոսակցության ամբողջ ընթացքում նույնը խնդրում էր բոլոր նրանց, ովքեր կլսեն իր՝ կորոնավիրուսից քիչ–քիչ լավացողի ձայնը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close