Ծովահայեր

Կիլիկիա. Միջերկրական ծովի հայկական գաղտնարանը. «Ծովահայեր»

Հետաքրքիր է, եթե հետազոտվեն Միջերկրական ծովի Կիլիկիային հարող տարածքները, ջրասույզ  ինչպիսի՞ հուշարձաններ, ի՞նչ անցքերի վկայություններ ի հայտ կգան  ու կվերաշարադրեն մեր պատմության երբեմնի փառահեղ էջերը։ 

 Միջերկրական ծով.  խորտակված նավերի, ինքնաթիռների, ջրասույզ հուշարձանների, բնակավայրերի ու նույնիսկ՝ քաղաքակրթությունների  գանձարան, իսկական դրախտ՝ սուզորդների ու հետազոտողների համար։ 

21 –րդ դարը նոր հորիզոններ բացեց ստորջրյա հնագիտությամբ զբաղվողների համար, սկսեցին ջրի երես դուրս գալ պատմության փակ էջերն ու զարգացավ նոր ուղղություն, որտեղ ներդաշնակվեցին գիտությունը, սուր զգացողություններն ու հետաքրքրասիրությունը։ 

Ալեքսանդրիայի ծովածոցը Այասի համեմատությամբ ավելի հետազոտված է և հասանելի օտարերկրյա սուզորդների համար: Այնտեղ սուզվելու գայթակղությունն անդիմադրելի է, նույնիսկ եթե հունվար ամիսն է, ջուրը սառը, տեսանելիությունը՝ ոչ այնքան բարենպաստ։

Բազմաթիվ ընկերություններ ձմռանը հրաժարվեցին նույնիսկ հավելյալ գումարի դիմաց կազմակերպել իմ սուզարշավը Ալեքսանդրիայի ծովածոցում։  Բարեբախտաբար՝ հին ու պատկառելի ծանաթ գտնվեց Սինայի թերակղզում, որը ժամանակին կազմակերպել էր իմ դայվինգ տուրերը, նա էլ բարեխոսեց։

Ալեքսանդրիայի համալսարանի դոկտոր Աշրաֆ Սաբրիի խումբը պատրաստակամություն հայտնեց ինձ ուղեկցել դեպի ծովային թաքստոց։ Մինչև Ալեքսանդրիայի փարոսի ջրասույզ ավերակներին հասնելը, պարզվում է 3 տեղ պետք է մեզ ստուգեին հատուկ ծառայությունները։ Դոկտոր Աշրաֆն իմ փոխարեն թղթաբանության հարցը լուծել էր, մնացածն էլ՝ տեղում, իր խումբն էր կարգավորում։

Վերջապես, Միջերկրականի այն հատվածում ենք, որետղ ծովը ծածկում է Հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկի՝ Ալեքսանդրիայի փարոսի ավերակները, իսկ մոտակա ափին երևում է այն ամրոցը, որը 15-րդ դարում փարոսի փոխարեն կառուցել էր սուլթան Քայթ Բեյը։

 Այստեղ էլ խարսխում ենք նավն ու սուզվում ։ Ընդամենը 10 մետր խորանալուն պես երևում են տապալված հսկայի ավերակները։

 Աղբյուրներում այսպես է հիշատակվում․ «Ալեքսանդրիայի փարոսի բարձրությունը 120 մ էր։ Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ ճանապարհ ցույց տալով նավերին։ Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ  տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին, հայտնաբերել թշնամու նավերը և կուրացնել թշնամիներին։ Հին աշխարհի հրաշալիքի կործանման պատճառը երկրաշարժն էր․ մ.թ. 796 թվականին»։

 Ավելի քան 1200 տարի հսկայական կառույցի սյուները ննջում էն ծովի հատակին։

Տեսարանն աննկարագրելի է, քեզ զգում էս արկածային ֆիլմում, այն էլ՝ գլխավոր հերոսի դերում։ Ծովը կարծես արգելափակում է արտաքին աշխարհի մասին մտքերդ, լիցքավորում դրական էներգիայով, միայն դու էս, կենսական ջուրը և հազարամյակների՝ հեքիաթի նմամվող խորտակված պատմությունը։ Քո մտապատկերում վեր է հառնում անծանոթ քաղաքակրթությունն իր ողջ շքեղությամբ․ մեկ-մեկ էլ ուղեկցորդի ներկայությունը քեզ կտրում է հրաշքների աշխարհից, հիշեցնում արտաքին աշխարհի մասին։

Կես ժամը շատ քիչ էր այդ իրականությունը ըմբռնելու համար, բայց դեռ գնալու էինք տեսնելու Կլեոպատրիայի ջրասույզ պալատի ավերակները, սֆինքսները, Առաջին համաշխարհայինի ժամանակ խփված կործանիչը, խորտակված նավերը և էլի մի քանի հուշարձան։

  Հետաքրքրասիրությունս վառվում է հատկապես, երբ պատկերացնում եմ, որ Միջերկրական ծովի շուրջ 500 կմ հատվածում,  Կիլիկիան Հայաստանից  հիշատակ գուցե դեռ չբացված  պատմության մի նոր գանձարան կա։

Կիլիկիայի մշակույթի, տնտեսության, ծովագնացության մասին պատմաբան Զոհրաբ Գևորգյանի ուսումնասիրությունները՝ հարցազրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close