ԿարևորՀասարակություն

Օտարերկրացի ապագա բժիշկները՝ հայկական երգչախմբում

Անտեսանելի պատերազմի առաջնագիծ մղված բժիշկներից հետ չեն մնում  նաև ապագա բժիշկ ուսանողները։

Այսօրվա մեր ռեպորտաժը նրանցից մեկի՝ պլաստիկ միկրովիրաբույժ Ասատուր Չաքմանյանի մասին է, ով  ուսանողական կյանքին զուգահեռ  հայոց լեզվի ամբիոնի հետ համատեղ ջանքերի արդյունքում ստեղծել է երգչախումբ։ Սակայն այս երգչախումբը սովորական երգչախումբ չէ։   

Սևամորթ երիտասարդներ սարիով ու ոտաբոբիկ և ոչ միայն։ Այս երգչախբում բոլորն օտարերկարցիներ են՝ հնդիկներից մինչև  արաբ  ու պարսիկ։ Բոլորն էլ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող են։ Գեղարվեստական  ղեկավարը նույնպես նույն համալսարանի ուսանող Ասատուր Չաքմանյանն է։

Մինչև սպիտակ խալաթ հագնելն ու Հիպոկրատի երդումը  երիտասարդները  փորձել են բացահայտել   հայկական մշակույթը, ասում է Ասատուր Չաքմանյանը։ Դասական երգ ու երաժշտության ունակություններն  ապագա պլաստիկ և միկրովիրաբույժ Ասատուրը ժառանգել է հորից՝ Գևորգ Չաքմանյանից։  Երգել սկսել է վաղ տարիքից։

7 տարեկանից հաճախել է  հոր  երգչախումբ  ու այդ տարիքից էլ միշտ մտածել է  հոր հետնորդը դառնալու մասին։ Սակայն մասնագիտություն ընտրելիս  առաջնորդվել է այն մտքով, որ ի վերուստ տրված շնորհն ունի և պետք է մեկ այլ մասնագիտություն, որն ամենամոտն  է արվեստին։  Բժշկությունն ընտրելու հարցում երկար չի երկմտել։  

«Ամենամոտը բժշկությունն է, և ես ընտրեցի հենց այդ ուղղությունը, որն էլ ավելի կմոտեցնի ինձ արվեստին, որպես նեղ մասնագիտություն ընտրեցի միկրովիրաբուժությունը»,- պատմում է Ասատուրը։

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, ապագա պլաստիկ վիրաբույժ Ասատուրի խոսքով՝  պլաստիկ վիրաբույժներն էլ «մարմնի ճարտարապետներ» են:  Սա է, նրա բնորոշմամբ, արվեստի ամենագեղեցիկ քանդակի՝ բժշկության ճարտարապետի առաքելությունը։  Բուհը  նպաստել է սիրելի արվեստը մյուսներին  փոխանցելու հարցում։ Նրա և հայոց լեզվի ամբիոնի համախմբված աշխատանքի շնորհիվ է ստեղծվել «Վերնատուն» երգչախումբը։

Ընտրել է 120 օտարերկրացիների, սակայն բոլորը չէ, որ մնացել են երգչախմբում: Ինչպես Ասատուրն է ասում, մաղով է անցկացրել նրանց։

«Վերնատունը» կայացավ,  մասնակցեց մի շարք միջոցառումների։ Սակայն  այսօր արդեն Ասատուրը չի  մասնակցում երգչախմբի աշխատանքներին ՝ դասերը  չհասցնելու պատճառով։

Բժշկի մասնագիտությունը պահանջում է ավելի շատ ջանքեր ու ժամանակ, ասում է:  Բայց երգարվեստով հետաքրքրվելու,  ինչպես նաև մեր երգերը դրսում ներկայացնելու սերը  չի մարել։ Հոկտեմբերին առողջապահական ծրագրով Ստամբուլ է մեկնել, որտեղ այլ երկրներից ևս ներկայացոուցիչներ են եղել։ Մշակութային օրերի ընթացքում Ասատուրն է ներկայացրել Հայաստանը Կոմիտասի, Գուսան Շերամի երգերով ու նորից  լսել թուրքերի հակադրությունները հայկական երգերի վերաբերյալ։  

Ասատուրի երգն ամենուր է։  Նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում կամավորության սկզբունքով  օգնության մեկնած մեր բժիշկների կողքին։ 100–ավոր հաստատված դեպքերի հետ հյուրանոցներում մեկուսացած  կոնտակտավորների սպեղանին Ասատուրի երգն է եղել։

«Սպոնտան ես միշտ երգում եմ, երբ  հոգնած եմ լինում։  Կոնտակտավորներին ստուգելու հերթական այցիս ժամանակ, տիկինը հարցրեց Դու՞ք էիք երգում»։                      

Այժմ էլ մտածում է կոնսերվատորիայում ուսումը շարունակելու մասին։ Հաճախում է Կոնսերվատորիա անհատական  դասական վոկալ  պարապմունքների։ Համալսրանն ավարտելուց  հետո էլ կմտածի նոր գաղափարները կյանքի կոչելու մասին։

Back to top button