ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանիշների մասին

ՀՀ առողջապանության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ օբյեկտիվ ախտանիշների մասին։

Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկն արյան թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում թթվածնի սատուրացիան (SpO2):

Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր, ինչը նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենանում բավարար քանակով, և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:

Երբ կորոնոավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է և պացիենտի վիճակը ծանր է:

«Հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում` սկզբում սովորական դիմակով շնչացնելով, իսկ ավելի ծանր դեպքերում թոքերի ոչ-ինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխությանը միացնելով:

Այս ցուցանիշը մեր բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում և համապատասխան միջամտություններ կատարվեն»,- գրել է նա։

Հետգրության մեջ նախարարը նաև նշել է, որ իր պարագայում թթվածնի սատուրացիան 98% է՝ կից ներկայացնելով լուսանկար:

Back to top button