ԿարևորՀասարակություն

Ընտանիքներ, որոնք անցել են կորոնավիրուսի միջով

Երեք տասնամյակով իրարից բաժանվող 91- ամյա  Սրբուհի Ավդալյանին    և 61–ամյա Գոհար Թորոսյանին միավորել է կորոնավիրուսը․ երկուսն էլ   հաղթահարել են հիվանդությունը, երկուսն էլ այս պահին վայելում են  հարազատների սերն ու հոգատարությունը։ Բայց միայն  իրենք ու իրենց ընտանիքները գիտեն, թե ինչ են ապրել վերջին շաբաթներին։

91- ամյա Սրբուհի Ավդալյանը  երկու անգամ է հիվանդանոց այցելել ՝ մեկ ծննդաբերելիս, մեկ էլ վերջերս` կորոնավիրուսով   վարակվելուց հետո։ Նա  երեկ   դուրս է    գրվել  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից․ ընդունվել էր     երկկողմանի  թոքաբորբ ախտորոշմամբ։ Տատիկին հիվանդանոցից  տուն ուղեկցել է թոռնիկը՝ Ռաֆայել   Ավդալյանը։ Նա Սրբուհի   տատիկի 30 թոռներից մեկն է։

«Թոռները շատ են, ծոռներին էլ չեմ կարող հաշվել»:

Քանի որ Սրբուհի տատիկը  ծանր է լսում ու մեր հարցազրույցը գրեթե  անհնարին  կլիներ, որոշեցինք  զրուցել հենց  Ռաֆայելի   հետ։ Նա պատմեց,  թե տատիկն  ինչ դժվարությամբ է հաղթահարել հիվանդությունը։

 «Էպիկրիզի մեջ գրված էր, որ թոքերի 70 տոկոսը ախտահարված է եղել, այդպիսի էպիկրիզով այդտեղից դուրս գալը գրեթե անհնար է։ Շնորհիվ բժիշկների՝ հաջողվեց, քանի որ այստեղ բժիշկների ու Աստծո մատը խառն են։  Բժիշկ Պապոյանը ու բոլորը շատ հոգատար են եղել»։

Մինչ օրս ընտանիքին  անհասկանալի է, թե վիրուսն ինչպես է  փոխանցվել, քանի որ տան անդամներից ոչ ոք հիվանդ չի եղել, իսկ տիկին Սրբուհին էլ բակ իջել է մի քանի անգամ ընկերուհիների հետ շփվելու համար, որոնց մոտ վիրուս  չի հայտնաբերվել։

Սրբուհի Ավդալյանը 25 օր անցկացրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում։ Հենց այստեղ էլ նա նշել է իր տարեդարձը` 91- ամյակը։ Ռաֆայելն ասում է, որ բժշկական անձնակազմը  այդ   օրը  տոն է  դարձրել նրա համար,  իսկ տորթի մոմերը տատիկը փչել է արդեն տանը` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։

«Այն մարդկանց համար,  որ մտածում են, թե  բոլոր ծերերն անխտիր չեն ապաքինվում ,մենք օրինակ ենք։ Ապաքինվում են, երբ կա հավատ և ուշադրություն բժիշկների կողմից։  Մարդիկ պարզապես պետք է ավելի պատասխանատու մոտենան»,–ասում է Ռաֆայելը։

Չնայած  չարենցավանցի  61- ամյա  Գոհար Թորոսյանը բավականին  զգուշավոր էր, քանի որ  վիրուսն արդեն  ներթափանցել էր  Չարենցավան, բայց իր շրջապատում դեռ ոչ ոք չէր վարակվել։ Այդ օրն էլ   սովորության  համաձայն գնաց շուկա, բայց երեկոյան արդեն  ջերմություն ու չոր հազ ուներ։ Մինչ այդ որևէ նախանշան չի ունեցել։ Սկզբում  բուժում ստացել է Չարենցավանում, բայց վիճակը գնալով վատացել է, ու նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։

«Էնքան ուշադիր են, դու անգամ քո երեխու նկատմամբ էդքան հոգատար չես, անգամ գիշերվա ժամը 4–ին գալիս էին, սրտիս աշխատանքն էին ստուգում։ Ես ամենաշատը վախենում էի, որ փոքրիկ թոռնիկիս չվարակեմ։ Բայց հավատում էի, որ բուժվելու եմ։ Ամենաշատն էլ երեխեքիս էի կարոտել»։

Տիկին Գոհարն ասում է, որ առաջին իսկ օրվանից հավատեցել է, որ բուժվելու  է, առողջ վերադառնալու է տուն։ Պատմում է, որ երբ  գալիս է արդեն հիվանդանոցից դուրս գրման օրը, նա բժշկին հարցնում է` կարող արդեն շփվել ընտանիքի անդամների հետ։ Տիկին Գոհարն արդեն գիտեր ինչ է կորոնավիրուս հիվանդությունը ու գիտեր, որ ամեն գնով պետք է պաշտպանի ընտանիքի անդամներին։ Բժիշկը հավաստիացնում է` վարակն իսպառ հեռացել է իրենից։

Back to top button