ԿարևորՀասարակություն

Մեկ լուսանկարի պատմություն

Արցախում արված մի լուսանկարը աղմուկ է բարձրացրել երկու հանրապետությունում էլ՝ Հայաստանում և Արցախում, դրան գումարվում են նաև վիրտուալ կյանքը։ Խոսքը Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո կազմակերպված պաշտոնական հյուրասիրության մասին է։

Սեղան համեղ ուտեստներով, ոգելից խմիչքով բարձրացված բաժակներ, որոք վայրկյան հետո ազդարարելու էին Արցախի նորընտիր նախագահի շնորհավորական զրնգոցը։ Շաբաթներ և ամիսներ շարունակ տարբեր հարթակներով, սոցիալական գովազդներով և հորդորներով մարդկանց սովորեցնում են՝ ինչպես ապրել կորոնավիրուսի հետ և կորոնավիուսի ժամանակ։

Չզլացանք և ուսումնասիրեցինք համացանցի ուշադրությունը գրաված լուսանկարը։ Անզեն աչքով հնարավոր եղավ հաշվել 67 մարդ՝ կողք կողքի, առանց սոցիալական տարածություն պահպանելու և առանց դիմակների։ Դիմակ կրող ընդամենը 5 քաղաքացի կա նկարում, իսկ ձեռնոց կրում է ընդամենը մեկը։  Եվս մեկ փաստ՝ հավաքվածները Հայաստանի և Արցախի հին և նոր պաշտոնյաներն են, որոնք հավաքվել էին Արցախում Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մասնակցելու համար։

Համացանցային աղմուկ չէր լինի, եթե ուղիղ մեկ շաբաթ առաջ պարետը՝ կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումները ներկայացրած չլիներ Հայաստանի Աժ–ում։  Դիմակ կրելը և ունենալը պարտադիր է, հանրային միջոցառումների 5 հոգանոց սահմանափակում կար հենց սկզբում, հուղարկավորության և ուրախության ժամանակ անհրաժեշտ է պահպանել բոլոր կանոնները։

Պարետ Տիգրան Ավինայնը վտանգավոր է համարում ցանկացած տիպի հանրային միջոցառում․  

 «Եթե օրինակ խոսքը հարսանիքների մասին է, մենք առանց էմոցիոնալ պոռթկումների դժվար ենք պատկերացնում։ Եվ ցավոք, պետք է նշեմ, որ նմանատիպ հանրային միջոցառումներ իրապես ամենառիսկայինն են։ Իրականում, եթե հիշում եք, մեր սկզբի դեպքերից մեկը՝ հենց նշանդրեքի միջոցառումից ահռելի մեծ տարածում գնաց»։

Արցախի նախագահի երդմնակալությունից հետո կազմակերպված միջոցառումը եղել է բացօդյա տարածքում, իսկ այդ պայմաններում դա «այդքան էլ խախտում չէ», ասում է Արցախի Հանրապետության պարետատան մամուլի պատասխանատու Սամվել Բալայանը՝ ամեն դեպքում քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ նման հավաքներից և մարդկանց կուտակումներից: Արցախի պարետատնից նշում են, որ բոլոր այն վայրերը, որտեղ նախատեսված են եղել միջոցառումներ, ախտահանվել են մասնագետների կողմից:

Արցախում արված լուսանկարի հետ կապված դժգոհություններին փորձել է պատասխանել Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը․

 «Լուսանկարն արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ և պարետի, ինչպես նաև իրավիճակի կտրուկ տարբերություն կա։ Միջոցառումը արված է բաց տարածքում, արված է Արցախի Հանրապետությունում գործող կանոնների, կարգին, օրենքին համապատասխան։ Այսինքն՝ նման խիստ սահմանափակումներ, որոնք գործում են ՀՀ–ում, Արցախի Հանրապետությունում բարեբախտաբար չկա՝ թե թվի հետ կապված, թե իրավիճակի հետ կապված»,- ասաց Սիմոնյանը։  

Ամեն դեպքում նոր կորոնավիրուսը մտել է Արցախ։ Այս պահի դրությամբ Արցախում հաստատվել է հիվանդության 33 նոր դեպք, 8 քաղաքացի առողջացել է, ընդհանուր առմամբ 69 քաղաքացի մեկուսացված է:

Հայաստանի Աժ փոխխոսնակը ընդունում է՝ լուսանկարը կարող է առաջացնել թյուրըկնալումներ։

«Բնական է, պետք է հաշվի առնել, որ այս իրավիճակում, երբ ամեն մի բառ, ամեն մի լուսանկար, ամեն մի արտահայտություն շահարկումների առիթ են հանդիսանում, նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք էր այդ բանը հաշվի առնել։ Հիմա շատ են խոսում, որ պարետի որոշումը պարտադիր չէ։ Կրկնում եմ՝ մենք Արցախի Հանրապետություն ենք գտնվում։ Միևնույն ժամանակ, կարծում եմ պետք է բոլորս ուշադիր լինենք, պահպանենք կանոնները և օրինակ ծառայենք բոլորի համար՝ այդ սոցիալական հեռավորությունը, ինչպես նաև դիմակների կրելը։ Նույնիսկ նման իրավիճակներում կարծում եմ մենք բոլորս այս իրավիճակում պետք է հետևություններ անենք ամեն ինչից և մեր սխալների, բացթողումների վրա սովորենք։ Կրեք դիմակները, դրանք պարտադիր են, իրոք, իրավիճակը կարող է ավելի վատթարանալ ՀՀ–ում և մենք լուրջ խնդիրներ ունենանք։ Մինչ օրս մենք դեռ կարողանում ենք դիմակայել։ Ինչևէ, լավ եղեք, մի ջղայնացեք մեզ վրա»,- նշեց Սիմոնյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը միեւնույն է` ջղայնացել ու դիմել է Արցախի ոստիկանություն Հայաստանի վարչապետին, Ազգային ժողովի նախագահին ու Արցախի նախագահին տուգանելու պահանջով։

Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հստակեցրել է՝ վարչապետը, կառավարության և Աժ անդամները երդմնակալության ժամանակ կրել են դիմակ, շատերը՝ նաև ձեռնոց։ Խոսնակը կրկին ուշադրություն է հրավիրել՝ հյուրասիրությունը բացօդյա տարածքում կազմակերպելու վրա, որ մասնակիցները կարողանան պահպանել սոցիալական հեռավորություն։ «Լուսանկարում ընդամենը մի պահ է, որ միմյանց շնորհավորել են»,– ասել է Մանե Գեւորգյանը։

Արցախից հրապարակվող այսօրվա լուսանկարներում արդեն բոլոր պաշտոնական հանդիպումների ժամանակ բոլոր պաշտոնյաներն առանց բացառության կրել են դիմակներ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close