ԿարևորՔաղաքական

Մարդու իրավունքների պաշտպանությունը զայրացնում է Ադրբեջանի ՄԻՊ–ին

Քաղաքական պաշտոնական քարոզչությունից որևէ տառով չտարբերվող դիրքորոշում․  այսպես են Հայաստանում արձագանքում  Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի  ձևակերպումներին, որոնք հնչել են ի պատասխան Արման Թաթոյանի հայտարարությունների։

Իրավունքների պաշտպանությունն ունիվերսալ բնույթ ունի՝ ադրբեջանցի իր  պաշտոնակցին հիշեցրել է Հայաստանի  մարդու իրավունքների պաշտպանը և բացատրել․ Արցախում բնակվող մարդկանց իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չի կարող  պայմանավորվել  Արցախի քաղաքական կարգավիճակի շուրջ առկա անհամաձայնություններով։

Իրավունքների պաշտպանությունը  քաղաքական նախապայմաններ չի ենթադրում՝  ամփոփել  է Արման Թաթոյանը։  

Ադրբեջանում սվիններով են  ընդունվում Հայաստանից հնչող ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավունքի տեսանկյունից անվիճարկելի թվացող հայտարարությունները։  Հերթական բուռն արձագանքի առիթը Հայաստանի օմբուդսմենի ձևակերպումներ են։

Ազգային ժողովում 2019 թվականի հաղորդումը ներկայացնելիս՝ Արման Թաթոյանը, պատասխանելով ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանի հարցին,  թե արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ադրբեջանի  օմբուդսմենի հետ համագործակցության եզրեր կան, արձանագրել էր․ դեռ առիթ չի ունեցել հանդիպել հարևան երկրի նոր օմբուդսմանի հետ, սակայն միջազգային հանդիպումների շրջանակում  պատրաստ է հանդիպել իր գործընկերոջը: Նաև ընդգծել էր, որ ճիշտ կլինի, եթե Արցախում բնակվող հայերի իրավունքներին առնչվող միջազգային քննարկումներին մասնակցեն նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը:

«Ես պատրաստ եմ հանդիպել,  քննարկել հարցեր, բայց եթե Արցախին վերաբերող հարցեր կան, ապա այդ քննարկումներին պետք է մասնակցի նաեւ Արցախի ՄԻՊ–ը»,- ասել էր Թաթոյանը։

Հայաստանի օմբուդսմենի այս հայտարարությունը սարսափով է ընդունել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը՝ այն որակելով ագրեսիա ու ատելություն գեներացնող արտահայտություն:

Ավելին՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը նաև Արման Թաթոյանին ուղղված  հրապարակային վիրավորանքներ է իրեն թույլ տվել ու խոսել նախապայմաններ լեզվով՝  նշելով, թե Հայաստանի օմբուդսմենի հետ բանակցություններ անցկացնել հնարավոր կլինի միայն,  իր ձեւակերպմամբ, «օկուպացիայի» փաստի վերացումից հետո:

Ի պատասխան Հայաստանի  օմբուդսմենն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը երկու կառույցների միջեւ շփումների կամ քննարկումների համար առաջադրում է քաղաքական նախապայմաններ՝ ակնհայտորեն հետեւելով այն քաղաքական գծին, որը իրականացնում են Ադրբեջանի քաղաքական իշխանությունները։

ԱԺ պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը Ադրբեջանի օմբուդսմենի շփոթված արձագանքից եզրակացնում է․

«Սա նշանակում է, որ ՄԻՊ–ի գրասենյակը չի կարողանում իրագործել իր ֆունկցիաները եւ ամբողջովին իրագործում է քաղաքականացված ֆունկցիաներ»,- ասաց Հայրապետյանը։

Նա համոզված է, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի քաղաքականացված արձագանքը, նաև այն փաստը, որ այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանությանը  կոչված կառույցը  չի կարողանում իրագործել իր իրական ֆունկցիաները,   պետք  է ներկայացվի միջազգային հանրությանը, որպեսզի պարզ լինի, թե ինչ մոտեցումներով է առաջնորդվում  այդ կառույցը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close