ԿարևորՏնտեսական

Լոռու մարզը պատրաստվում է լինել ներքին զբոսաշրջության առաջատար դիրքերում

Թեև համավարակի տարածման արդյունքում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, ամենատուժած ոլորտներից է զբոսաշրջությունը, այնուամենայնիվ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի համոզմամբ, միևնույն ժամանակ լավ հնարավորություն ներքին տուրիզմը զարգացնելու համար, և այս նպատակով Լոռու մարզը պատրաստվում է լինել առաջատարի դիրքերում:

Դրա համար Լոռին ունի բոլոր հնարավորությունները՝ չքնաղ բնություն, հարուստ պատմամշակութային արժեքներ, հյուրընկալ բնակիչներ և որ ամենակարևորն է՝ մարզային իշխանությունների ու ՀՀ կառավարության կողմից խրախուսվում և աջակցություն է ցուցաբերվում նաև զբոսաշրջության ոլորտում արվող ներդրումներին:

Լոռու մարզպետետարանի ֆեյսբուքյան էջը գրում է, որ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալվել է վանաձորցի գործարար Զոհրապ Քեշիշյանին պատկանող տարածքում, որը շատ շուտով կվերածվի հանգստի գոտու՝ քոթեջներով, ռեստորանով, ժամանցի համար նախատեսված տարբեր կառույցներով: Տարածքը գտնվում է Վանաձորի մարզադաշտից վերև ընկած հատվածում: Այստեղ հողատարածք ձեռքբերելու հարցում Զոհրապին աջակցել է մարզի ղեկավարը՝ հենց սկզբից պատրաստակամություն հայտնելով օգնել գործարարին՝ ներդրումների իրականացման և տարածքը հանգստի գոտու վերածելու նախաձեռնության իրականացման հարցում: Այժմ էլ բանակցություններ են տարվում Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ անտառային գոտում շուրջ 7 հա տարածք վարձակալելու ուղղությամբ:

Պաշտոնյան շրջել է տարածքում՝ ծանոթանալով տարվող աշխատանքներին և վայելելով Վանաձորի հրաշք բնությունը: Շինարարական աշխատանքներին մասնակցող վարպետներից մի քանիսը նաև նշել են, որ այս տարի, ստեղծված իրավիճակով պայմանավորված, արտերկիր չեն մեկնել և ներգրավվել են հանգստի գոտու կառուցման աշխատանքներում:

Ծրագրի լիարժեք իրականացման համար երկրորդ փուլ ևս նախատեսվում է: Այժմ մարզի ղեկավարը բանակցություններ է վարում ՀՀ կառավարության հետ պետություն-համայնք-մասնավոր ներդրում եռակողմ համագործակցությամբ կյանքի կոչելու այս տարածքում ճոպանուղու կառուցման ծրագիրը:

-Եռակողմ համագործակցության այս մոդելն իրագործելու դեպքում այն ընդօրինակելի կարող է դառնալ նաև այլ բիզնես նախագծեր իրականացնելու համար,-ասում է մարզի ղեկավարը և նշում, որ զուգահեռ կարող են զարգանալ ձմեռային սպորտաձևերը՝ վերականգնելով Վանաձորում առկա գեղեցիկ ավանդույթները, հեծանվարշավը, քայլքային տուրիզմը և այլն:

Այցի շրջանակներում մարզի ղեկավարը եղել է նաև «Կիրովական» հյուրանոցում. այստեղ ևս մեծածավալ ներդրումներ են իրականացվում: Շրջայցի ընթացքում տնօրեն Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ հյուրանոցում ներկա պահին շահագործվում է 40 հյուրանոցային սենյակ: Շինարարական աշխատանքների թույլտվությունից հետո մեծ թափով վերսկսվել են ևս 20 հյուրանոցային սենյակի հիմնանորոգման աշխատանքները՝ 4-րդ հարկում և շատ շուտով դրանք ավարտին կմոտենան:

Մարզի ղեկավարն իր խոսքում կարևորել է, որ չնայած ստեղծված իրավիճակին, ներդումային ծրագրերը մարզում չեն նահանջում.

-Հավասարության սկզբունքով փորձում ենք աշխատել բոլոր ներդրողների հետ՝ նպաստելով հնարավորինս շատ ծրագրերի իրականացմանը մեր մարզում և ուրախալի է, որ համավարակով պայմանավորված իրավիճակը որևէ կերպ չի խոչընդոտում մեր գործարարներին ծրագրերի և ներդրումների իրականացման հարցում,-ասում է Անդրեյ Ղուկասյանը:

Back to top button