ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս անվանել ենոքավանցի ընձառյուծին՝ Լե՞ո, Ընծա՞, թե՞ Mister Arman

Լեո՞, թե՞ Ընծա. շրջակա միջավայրի նախարարությունը Ենոքավանում բնակվող ընձառյուծի անվան  ընտրության քվեարկություն է նախաձեռնել։ Առաջին փուլում առաջատարը Լեոն է (149 լայք), Ընծա անվան համար քվերակել է 61 օգտատեր։  Ենոքավանցիներն ունեն ընձառյուծի  անվան  իրենց տարբերակը` Mister Arman` ի պատիվ ընձառյուծի հետ մենամարտի դուրս եկած ենոքավանցի Արմանի։

Մեզնից  շատերը այս ձայնը լսել են հեռուստացույցով, սակայն դրա տիրոջը երբեք չեն տեսել։ Բայց Արմանը այս ձայնը երբեք չի մոռանա, որովհետեւ ոչ միայն լսել, այլեւ տեսել է այս ձայնն ու ձայնի տիրոջը։ Արմանը երբեք չի մոռանա ընձառյուծի հետ առաջին հանդիպումը։

Չէին ժամադրվել,  հանդիպումը նախատեսված չէր․

«Տեսել եմ սարի ժայռոտ  հատվածում։ Չէի հասկացել, որ ընձառյուծ է, երկու օր հետո մասնագետները, որ բացատրում էին, նկարներ ցույց տվեցին, արդեն հասկացա, որ ընձառյուծ է։ Իրենք չէին հավատում սկզբից, բայց հետո  համոզվեցին, որ կովկասյան ընձառյուծ է։ Ես արդեն  15 տարի է աշխատում եմ «Ապագա Ռեզորթում», շաբաթը երեք անգամ հյուրերի հետ լինում եմ այդ կողմերում։ Այդ օրը մենակ էի, գնացել էի խոզերին նայելու ու հանդիպեցի»,- ասում է ենոքավանցի Արմանը։

Մոտ 15 վայրկյան տևած մենամարտը բարեբախտաբար հաջողությամբ ավարտվեց երկուսի համար էլ.

«Երկու ժայռի արանքում արահետ էր, ձախ կողմից ժայռի տակ փոքր քարանձավ էր, չէի նկատել։ Մոտեցա, մուտքի մոտ դիմացը կանգնած է, բերանը բացած, երկու ոտքը  բարձրացրած թռավ իմ վրա։ Ես բնազդով բարձրացրեցի ձեռքս, ձախ ձեռքս բռնեց ատամներով, թաթերով վնասեց։ Դրանից հետո մտավ խոր անտառ»,- պատմում է Արմանը։

Նրա բախտը կրկնակի է բերել` «Ռադիոլուրի» հյուրասրահում ասել է շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը․

«Նախ  բախտը բերել է, որ տեսել է կենդանուն, երկրորդ՝ արդյունքում կենդանի է մնացել։  Ձեռքը, իհարկե, վերականգնման փուլում է»,- ասում է Վարդան Մելիքյանը։

Չափից շատ զգուշավոր․ ընձառյուծներն այսպիսին են, մարդու հետ  շփման չեն գնում։ Եթե մարդը հայտնվում է դիմացը, գնալու տեղ չունի, անկախ իրենից հարձակվում է, ինքնապաշտպանություն է` ասում է  Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը․            

«Ընդ որում, Ենոքավանի դեպքը  կարծես  հենց  այդպես էլ  եղել է, որքան որ  մասնագետներն են գնահատել։ Ընձառյուծը հանկարծակիի է եկել։ Ինքը եղել է ժայռի ծերպին, այդ տղան հայտնվել է իր դիմաց ։ Անկախ իրենից` ընձառյուծը հարձակվել է, ինքնապաշտպանվել է, այլապես իրենք , երբ մարդու հոտը զգում են, հեռանում են»,- նշում է Վերմիշյանը։

Զգուշավոր,  իրենց անելիքը  հստակ իմացող կատվազգի այս գիշատիչների հիմնական պոպուլյացիան լինում է Իրանի հյուսիս -արևմուտքում` Ատրպատականում։

Մեր տարածաշրջան հիմնական գալիս են այնտեղից․    

«Մի քանի տարի առաջ, երբ Նեոն եկավ Խոսրովի անտառ, մեզ համար ֆանտաստիկ արդյունք էր, քանի որ այդքան հյուսիս վաղուց չէին արձանագրել։ Հետքերը տեսել էին, ասում էին, բայց փաստագրված չկար։ Իսկ սա՝ Ենոքավանում, չգիտեմ ինչ ասեմ, ոչ մեկս չէի հավատում, որ կարող է նման բան լինել, բայց տեսնում ենք, որ կա։ «Արևիկ» ազգային պարկի հովազները մեզ համար արդեն սովորական են»,- պատմում է Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը։

Մեր տարածաշրջանը ընձառյուծների համար,  «լրացուցիչ» տարածք է` ասում է  Արման Վերմիշյանը։ Այստեղ հիմնականում արուներն են գալիս։  Պարզվում է՝ ընձառյուծների մոտ ընդունված է՝ մայրական  կազմն ու տարիքն առած արուները երիտասարդներին դուրս են քշում՝

«Մենք ունենք բազմացող զույգ  Զանգեզուր-Նախիջևան հատվածում։ Խոսրովի ընձառյուծը՝ Ներոն, այդ բազմացող զույգի ձագն է, այնտեղից է եկել Խոսրով ու մնացել։ Մնացած բոլորը, ցավոք, արուներ են։ Երբ ձագը մեծանում է, ծնողները տարածքից դուրս են քշում, նոր տարածքներ պետք է գրավեն։ Այսպես անցնում են տարածքից տարածք, գտնում են հարմար տեղ։  Նեոն 3-րդ  տարի է Խոսրովում է, իր համար շատ լավ տարածք է, բայց  ռիսկ կա, որ կարող է գնալ, քանի որ էգի խնդիր կա, պետք է բազմանա։ Բազմացման հարցեր առաջանալիս  մեծ տարածքներ են գնում»,- նշում է Վերմիշյանը։

Որտեղի՞ց և ինչո՞ւ է ընձառյուծը Ենոքավան հասել։ Կարծիքները տարբեր են։ Ամենայն հավանականությամբ` այս ընձառյուծը Վայոց ձորում տեսախցիկների արձանագրած երկու ընձառյուծներից մեկն է։

«Վայոց  ձոր և Ենոքավան, հսկայական տարածություն է չէ ՞ ։ Բայց ընձառյուծը կարողացել է, քանի որ իրենք շատ մեծ արեալներ են զբաղեցնում, շատ մեծ տարածքներ են անցնում։ Մեզ համար է թվում, որ շատ մեծ է։ Շատ հանգիստ կարող են այսօր լինել Վայոց  Ձորում, վաղը  իջնել Ատրպատականի հյուսիս ու նորից վերադառնալ»,- ասում է Արման Վերմիշյանը։ 

 Շրջակա միջավայրի նախարարությունը  Ենոքավանում  բնակվող   ընձառյուծի անվան  ընտրության  քվեարկություն է նախաձեռնել․ Լեո՞, թե՞ Ընծա։ Քվեարկության առաջին փուլում առավելագույն 149 լայք` ստացել է Լեոն, Ընծա  անվան համար քվեարկել է  61 օգտատեր։ Ենոքավանցիներն ունեն ընձառյուծի անվան իրենց  տարբերակը՝ Mister Arman` ի պատիվ ընձառյուծի հետ մենամարտի դուրս եկած ենոքավանցի Արմանի։   Ընձառյուծի հետ երկրորդ հանդիպումն Արմանի համար արդեն սպասված կլինի։ Խոստացավ՝ կլուսանկարի ու այն մեզ կուղարկի։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close