ԿարևորՀասարակություն

Հայկական պառլամենտարիզմը. 30 տարի առաջ ընտրվեց ԽՍՀՄ վերջին եւ ՀՀ առաջին խորհրդարանը

2020 թ. մայիսի 20-ին լրացավ ՀԽՍՀ վերջին եւ ՀՀ առաջին խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի կազմավորման 30-րդ տարեդարձը: Հենց այդ մարմնով Հայաստանում բազմակարծության եւ բազմակուսակցական քաղաքական համակարգի սկիզբը դրվեց։ 

Մամուլի ազգային ակումբի նախաձեռնությամբ՝ ԳԽ-ի պատմաքաղաքական նշանակության եւ նրա գործունեությունից քաղելիք հնարավոր դասերի մասին 30-ամյա հեռվից այսօր խոսել են ՀԽՍՀ վերջին եւ ՀՀ առաջին խորհրդարանի պատգամավորները։

30 տարի անց էլ ԳԽ պատգամավորներ Ազատ Արշակյանի եւ Կիմ Բալայանի ջրերը մի շարք գաղափարական հարցերում մի առվով չեն հոսում։ Սա նաեւ հենց այդ ԳԽ-ի կարեւոր ցուցիչներից մեկն է։  

Գեւորգ Բաղդասարյանը հիշեցրեց անուներ։ 271 պատգամավորներից 99-ն այլեւս մեզ հետ չեն։ Թվեր վեր հանեց՝ ԳԽ-ի պատգամավորների գիտական կոչումների ու կրթական ստիճանների հետ կապված.

«Սրանք թվեր են, որ խոսում են պառլամենտի մակարդակի մասին։ Երբեք չենք անդրադարձել սրան, բայց սա ուզում եմ հիշեք, որովհետեւ սրանք համեմատելու թվեր են»,- ասաց Գեւորգ Բաղդասարյանը:  

Մեկ այլ ցուցանիշ էլ վեր հանեց Կիմ Բալայանը՝ հիշելով մի դրվագ։

«Եթե այդ ոգով շարունակեինք, այսօր այս վիճակը գոյություն չէր ունենա։ Փորձը ցույց տվեց, որ այս 30 տարվա մեջ Գերագույն խորհրդին անցնող չի եղել»,- նշեց Բալայանը։

Այսպես, 30 տարվա հեռվից ԳԽ պատգամավորները հիշեցին, համեմատեցին, գնահատեցին՝ Արցախյան շարժումից մինչեւ անկախության հռչակում ու արցախյան պատերազմ եւ հաղթանակ, ապա վերստին փաստեցին՝ գաղափարական բանավեճերն ու քաղաքական քննարկումները ԳԽ-ում անպակաս են եղել։

Ազատ Արշակյան. «Այ հենց խորհրդարանականը նա էր՝ օրինակելի Ազգային ժողով էր, որտեղ կար բազմակարծություն, կային վեճեր եւ կառուցողական գործընկերություն»։  

Հենց այդպես էլ Հայաստանում 30 տարի առաջ պառլամենտարիզմի հիմքը դրվեց։ ԳԽ-ի դերն ու նշանակությունն անուրանալի է նաեւ անկախ Հայաստանի Հանրապետության կայացման հարցում։ Ազատ Արշակյանը, ցավալի է համարում, որ այդ ԳԽ-ին չի տրվել համապատասխան գնահատական։    

«Ես կարծում եմ, որ մեր հանրության առաջ խնդիր է՝ գնահատական տալ ԳԽ-ին, այսինքն՝ ԳԽ-ինստիտուտին։ Այն պետք է գնահատական ստանա»,- ասաց Արշակյանը։

Ամենապատասխանատու եւ բարդ պատմական ժամանակահատվածում ձեւավորվեց  ու աշխատեց ԳԽ-ը, դա մի իրական հեղափոխական ժամանակաշրջան էր՝ իր հերթին նկատեց ԳԽ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ապա եզրահանգեց։ 

«Բոլոր բացթողումներով, իր բոլոր սայթաքումներով ու թերություններով, այդուհանդերձ, մեզ հաջողվեց առանց խորը ցնցումների ու մեծ կորուստների համակարգային այդ անցումն ապահովել՝ ձեւավորելով, այո, մրցակցային քաղաքական միջավայր՝ քաղաքական այլակարծություն, խոսքի ազատություն։ Սրանք նորույթ էին մեր իրականության մեջ եւ հանրությունն այդ ամենը ողջունում էր»,- նշեց Խոսրով Հարությունյանը։  

Ձեռքբերումներն անուրանալի են, սակայն 30 տարի անց պետք է մի հարցի պատասխան էլ տալ՝ քննելով պտուղները, մտահոգություն-կարծիք հայտնեց Սուրեն Զոլյանը.

«Ինչու՞ չկայացավ հայոց պառլամենտարիզմը եւ ո՞վ էր մեղավոր դրա համար։ Եթե չկայացավ՝ ուրեմն ի սկզբանե հիմքերը սխալ էին դրված միգուցե եղել, կամ միգուցե շեղվել են այդ հիմքերից։ Պետք է շատ լուրջ քննարկում կայացվի»,- նշեց Զոլյանը։  

ԳԽ-ի պատմական, քաղաքական դերակատարման վերաբերյալ առավել լուրջ վերլուծության բաց Խոսրով Հարությունյանը նույնպես տեսնում է։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է նախեւառաջ դասեր առնելու տեսանկյունից։

«Բնավորություն չունենք՝ մենք չենք սիրում դասեր քաղել։ Հատկապես դասեր առնելու տեսանկյունից երբեւէ մեր պատմական անցյալին անդրադարձ չի կատարվել։ Դասեր առնել այն առումով՝ ի՞նչ սխալ թույլ տվեցինք, արդյո՞ք կարելի էր այդ սխալը թույլ չտալ։ Կամ՝ որոնք էին այն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, որոնք կարող են վաղը մեզ օգտակար լինել՝ համանման սխալներից զերծ մնալու համար։ Այս տեսանկյունից, կարծում եմ, որ Գերագույն խորհրդի գործունեություննն ունի առանձնահատուկ վերլուծության կարիք»,- ասաց Հարությունյանը։

Սուրեն Զոլյանն էլ ասաց, որ որակյալ խորհրդարանի մասին խոսելիս չպետք է մոռանալ նաեւ որակյալ ընտրողի մասին՝ հիշեցնելով այն ժամանակ կրթությանը ՀՆԱ-ից հատկացվող միջոցների տոկոսային հարաբերությունը։

Back to top button