ԿարևորՀասարակություն

Հայկական ավտոբուսները փողոց դուրս կգան տարեվերջին

Կառավարությունն այսօր հաստատել է տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը։ Նպատակը լայնամասշտաբ ներդրումային ծրագրերը խթանելն է։ «Ռադիոլուրը» պարզել է՝ կորեական   «Յանգսան» (Youngsan) ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի համատեղ 4.4 մլն դոլար արժեքով  ներդրումային   ծրագիրը դրանցից առաջինն է։ Եվս երկու ներդրումային ծրագիր քննարկվում է։   Երկուսն էլ տուրիզմի   ոորտում են լինելու․ դրանցից  մեկը գնահատվում է  6 մլն, մյուսը՝ 4․1 մլն դոլար։  

Որքա՞ն որակյալ կլինեն հայ-կորեական արտադրության ավտոբուսները` ըստ երեւույթին կիմանանք տարեվերջին։ Դրանց հարմարավետության մասին կարող են խոսել նաեւ Բելառուսում, Ղրզըստանում, Ղազախստանում։ Իսկ մինչ այդ առայժմ մենք են օգտվում չինական, ուկրաինական, բելառուսական ավտոբուսներից։

Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի տնօրեն Դավիթ Փափազյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ  նախատեսում են  ավտոբուսների հավաքման կենտրոն ստեղծել։ Թե քննարկվող հնարավոր երեք տեղերից որտեղ կհիմնվի ապագա գործարանը պարզ գլինի միայն հուլիսին.

«Մեկը մեծ առավելություն ունի մյուս երկուսի  հանդեպ, բայց դա չի նշանակում, որ այն մեկը, որն ունի առավելություն, վերջնական որոշումն է ստանալու։ Ավելի մանրամասն պարզ կդառնա  հուլիսին միայն, երբ կորեացիները կգան ու կքննարկենք  տարածքները, հասկանանք, թե  բաղադրիչների  դրսից ստանալը ինչպես է լինելու։  Ժամանակի ընթացքում դրանք կփոխարինենք լոկալ արտադրությամբ, բայց դրա համար ժամանակ է պահանջվելու»,- ասում է Փափազյանը։

Ավտոբուսները նախատեսված են հիմնականում Եվրասիական տնտեսական միության շուկայի համար: Հայաստանը դառնում է հարմարավետ երկիր միջազգային ձեռնարկությունների համար: Եթե պահանջարկ լինի, տեղական ավտոբուսները նաև ներքին  շուկայում կհայտնվեն։  

Կորեական «Յանգսան» (Youngsan) ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի համատեղ 4.4 մլն ծրագիրը ոչ թե սովորական ներդրումային, այլ՝ Հայաստանի տնտեսության  երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագիր է։  Ստեղծված «Ձեռնարկատեր + պետություն  հակաճգնաժամային հիմնադրամը» Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի  դուստր ընկերությունն է։ Այն ստեղծվեց  կորոնավիրուսի համավարակի այս օրերում  բիզնեսին աջակցելու համար։  

Դավիթ Փափազյանն ասում է, որ հիմնադրամը պետության կողմից ֆինանսավորելու է այդ գործարանի ստեղծման  ինչ-որ մի մասը և դառնալու է 40-49 տոկոս բաժնետեր.

«Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ սկզբունքային որոշում ընդունեց․ պետությունը չպետք է թողնի ձեռնարկատերերին մենակ շուկայի տատանումների ալիքների տակ։ Կառավարությունը վստահություն ներարկելու քայլ է  անում, սեփական կապիտալը  ներդնում է հավասարաչափից  մի քիչ քիչ՝ 49 տոկոսի մասշտաբով մասնավոր նախագծերի մեջ՝ ուղղակիորեն կիսելով նախագծերի հաջողության ռիսկը ձեռնարկատերերի հետ»,- նշում է Դավիթ Փափազյանը։

Ընդհանուր ներդրման ծավալը 4.4 մլն դոլար է, որից մոտ 1 մլն կֆինանսավորի Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը, 1-ից մի քիչ ավելին՝ արտերկրի ներդրողը, մնացած մոտ 2.3 միլիոնը վարկ կվերցվի հայկական առևտրային բանկից: Վարկը կլինի ընդհանուր ձեռնարկությանը, երկու կողմերը ժամանակի ընթացքում կմարեն այն:

Կառավարությունը տնտեսական երկարաժամկետ ծրագրերի վրա նախատեսում է ծախսել  80 մլրդ դրամ։  Առաջին ծրագիրն արդեն հաստատված է։ Աջակցության ծրագիրը 50 մլրդ դրամ  կազմելու հեռանկար  ունի։ Այն բաղկացած է լինելու  հնարավոր  տասը 5 մլրդ դրամ հատկացումներից։ Առաջին  5 մլրդ տրված է։  Հաջորդների վերաբերյալ  որոշումներն առաջիկայում կընդունվեն՝ յուրաքանչյուր նախորդ հատկացման վերաբերյալ հաշվետվությունները քննարկելուց  հետո միայն։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հստակեցնում է․

«Աջակցում ենք, բայց  աջակցում ենք պայմանով, որ այդպիսի ֆինանսական աջակցությունը մեր կողմից կառաջացնի նաև մասնավոր հատվածի՝ մի քանի անգամ գերազանցող ներդրումները նույն ծրագրին ուղղելու՝ մուլտիպլիկատիվ էֆեկտով և շատ ավելի մեծ տնտեսական ազդեցություն ու հետևանքներ առաջացնելուն»,- նշում է Խաչտրյանը։

Որքան կառավարությունը ներդրում կկատարի, առնվազն  նույնչափ էլ ակնկալում է մասնավորից։ Դրան  զուգահեռ` պայման է նաև՝ որքան հիմնադրամը ներդրում կկատարի, առնվազն այդքան էլ վարկային միջոցներ կներգրավվեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց․ «Հիմնադրամը պետք է փնտրի և գտնի  պոտենցիալ ներդրողների, որոնք կունենան վստահելի նախագծեր։ Մենք այս փուլում  5 մլրդ  դրամը տրամադրում ենք և ասում ենք, որ ծրագիրն ունի մինչև 50 մլրդ դրամի պոտենցիալ»։

Հայաստանի պետական հետաքրքրությունների  հիմնադրամի դուստր ընկերություն  համարվող  «Ձեռնարկատեր + պետություն  հակաճգնաժամային հիմնադրամն» արդեն փնտրել ու երկու ներդրումային նախագծեր է քննարկում։ Երկուսն էլ ներդրումներ կանեն տուրիզմի ոլորտում՝ մոտ 10 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Այլ մանրամասները հայտնի կդառնան առաջիկա մեկ ամսվա ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close