ԿարևորՀասարակություն

Արցախի նորընտիր Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը

Արցախի Հանրապետության նորընտիր յոթերորդ գումարման Խորհրդարանը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ է ընտրել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին:

Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական գործունեությունը սկսել է 1995թ. ապրիլի 30-ին, երբ  Գյունե-Կալերի թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ,  ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

1996-1997թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ: 2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ  գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար: 2010թ. մայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, 2010-2015թթ.՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

«Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է, 2005-2006թթ.՝ կուսակցության համանախագահ 2007-2009թթ.՝ կուսակցության նախագահ 2005թ.-ից՝ կուսակցության գրասենյակի տնօրեն, կուսակցության նախագահության անդամ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավարն է: Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

Back to top button