ԿարևորՀասարակություն

Տատիկի սեղանից՝ մեծ շուկա․ Հայաստանում ձիթապտղի մուրաբա կարտադրեն

Բիզնես նախաձեռնություն, որը սկիզբ առավ տատիկի պատրաստած ձիթապտղի մուրաբայից։  Աստղիկ տատիկը վաղուց  հեռացել է կյանքից, բայց  մուրաբայի համն ու գաղափարը մնացել է։ Կարեն Մաթևոսյանի բիզնես նախաձեռնության հիմքում հենց այդ գաղափարն է, որն էլ  փորձում  կյանքի կոչել։ Մեղրու տարածաշրջանի Արաքսաշեն գյուղում հիմնած ձիթապտղի նրա այգին սեպտեմբերին է բերք «խոստանում», այնպես որ ձիթապտղի մուրաբան էլ երկար սպասեցնել չի տա։

Ամեն ինչ սկսվեց Կարեն Մաթևոսյանի հայրենի գյուղից ու հատկապես նրա Աստղիկ տատիկից։ Մանկական հիշողություններում տատիկի պատրաստած ձիթապտղի մուրաբայի ու մարինադի համն էր, որը  բիզնես նախաձեռնության շարժառիթ դարձավ։

«Ես հիշում եմ, որ փոքրուց մեր տանը միշտ եղել է ձիթապտուղ։ Դա մեր սեղանի անբաժանելի մասն էր։ Հետո, երբ մեծացա, կարգերը փոխվեցին, ու սուպերմարկետներում սկսեցին վաճառել ձիթապտուղ, ես ուտում էի ու զգում, որ մի  բան այն չէ․  համը ինձ դուր չէր գալիս»,- պատմում է Կարենը։

Երկար տարիներ Կարենն ապրում  էր Ռուսաստանում, բայց ամռան ամիսներին միշտ տատիկի տուն էր գալիս՝ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ,  որտեղ դեռ այն  տարիներին ձիթապտուղ էին աճեցնում ու պահածոներ պատրաստում։  Սուպերմարկետից գնածի ու տատիկի պատրաստածի համեմատության մեջ վերջինը շահում էր, ու Կարենը որոշեց ուսումնասիրել տեխնոլոգիան։

«Սեղանին սովորաբար դրվող սիրուն, փայլուն ձիթապտուղն ինձ համար այնքան էլ ընդունելի չէ։ Ես այդ խեղճերին նայում եմ որպես փոքրիկ դիակներ, որոնք իրենց մեջ չունեն որևէ պիտանի հատկություն։ Այդպես խորանալով, խորանալով՝  դարձավ հոբբի ինձ համար։ Ես շարունակեցի հետաքրքրվել , կինս էլ կենսաբան է, ինձ խորհուրդներ էր տալիս, մենք որոշ քանակի ծառեր տնկեցինք, մշակեցինք, ընդլայնեցինք  մեր այգին»,- նշում է Կարենը։

Ձիթենու այգին Մեղրու տարածաշրջանի Արաքսաշեն գյուղում  է, սակայն ուզում են այգիներ տնկել նաև մայրաքաղաքին ավելի մոտ տարածքներում։  Առհասարակ, փորձելու են պարզել ՝ Հայաստանում որտեղ է ձիթապտուղն ավելի լավ աճում։

«Փորձում ենք լուծել ոչ միայն ձիթապտղի աճեցման խնդիրը, այլև մեր ֆերմերներին այլընտրանք առաջարկել։ Եթե Արարատյան դաշտում կարողանանք սելեկցիան ճիշտ իրականացնել, դա հետագայում կարող է դառնալ այլընտրանքային արտադրանք Արարատյան դաշտավայրում»,- ասում է Մաթևոսյանը։

Ուզում են շուկա մտնել ավելի համեղ ու օգտակար ապրանքատեսակով, իսկ առաջարկած ձիթապտղի մուրաբան, վստահեցնում են, գրեթե էկզոտիկայի ժանրից է․ հայկական շուկայում որ հաստատ՝ երբեք չի եղել․

«Քանի որ դա  ինձ համար միշտ կար մանկուց, ինձ թվում էր, որ այնպիսի ապրանք է, որ գոյություն ունի։ Հետո հասկացա, որ այն լուրջ ներկայացվածություն չունի։ Միայն գտել եմ, որ մարդիկ  Չիլիում են պատրաստում, բայց  մասնավոր մարդիկ՝ իրենց համար։ Այսինքն՝ կարելի է ասել, որ աշխարհում առաջիններից ենք երևի։ Սեպտեմբերից կսկսենք այդ ուղղությամբ աշխատել»։

Տատիկի բաղադրատոմսով պատրաստած մուրաբան հավանում են գրեթե բոլոր ընկերներն ու մտերիմները։ Արտասահման մեկնելիս էլ  կոնյակի փոխարեն հայկական ձիթապտղի մուրաբա են տանում՝ որպես նվեր։ Ասում է՝ շատ լավ ընդունվում է։ Որոշ շրջանակներում այն արդեն հայկական բրենդ է դարձել։

Ոչ միայն ձիթապտղի մուրաբան, այլև հայկական ձիթապտղից պատրաստված այլ պահածոները տարբերվելու են իրենց որակով ու օգտակար հատկություններով․ սա արդեն Կարենի կենսաբան կինը՝ Զառա Հարությունյանն է վստահեցնում․

«Շատ հետաքրքիր է, որ Հայաստանում աճեցրած ձիթենու պտուղների մեջ յուղայնությունը շատ բարձր է, քանի որ օդի մեջ խոնավության աստիճանը  ցածր է։ Ընդհանուր առմամբ՝ ձիթենու կարևորագույն և օգտակար հատկանիշը պայմանավորված է հենց այդ յուղերի պարունակությամբ։ Մենք առաջարկելու  ենք ոչ միայն ձիթենու պտուղներից պատրաստված արտադրանք, այլև ձիթենու չորացրած տերևները՝ որպես թեյ»,- ասում է Զառան։

Ափսոսում են միայն, որ Հայաստանում  սահմանափակ են այն շրջանները, որտեղ հնարավոր է ձիթենի աճեցնել։ Այդ պատճառով էլ  հրաշալի բույսից փորձելու են ստանալ  առավելագույնը։   

Back to top button