ԿարևորՀասարակություն

Ունիվերսա՞լ, թե՞ մասնագիտացված բանկեր

Մասնագիտացված բանկերի անցնել միանգամից հնարավոր չէ, սակայն, սկսելն անհրաժեշտ է՝ կարծում է ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը: Նա վերջերս խորհրդարանում նման բանավոր առաջարկ է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:

Վերջինս կարծում է, որ դա քննարկումների արդյունքում պետք է լինի եւ վստահեցնում, որ բաց են այդ թեման քննարկելու, եթե դրա կարիքը կա: ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հիշեցրել է, որ մասնագիտացված բանկերի գաղափարից ժամանակին հրաժարվել են դրանց՝ անիմաստ, անբովանդակ լինելու պատճառով:  

Ընդհանրապես բանկային համակարգում մեկ բանկի կողմից մատուցվում են բոլոր բանկային ծառայությունները ու բոլոր բանկերն էլ ծառայությունների գրեթե նույն  ծավալներն են սպասարկում: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը նկատում է, որ նման պարագայում որեւէ բանկ պրակտիկ փորձաքննություն իրականացնելու կարողություն ունեցող մասնագետներ ներգրավելու հնարավորություն չունի: Այս իմաստով, պատգամավորը կարծում է, որ առավել արդյունավետ կլինեն մասնագիտացված բանկերը:

 «Գերադասելի է, որ եթե օրինակ գյուղատնտեսական տնտեսություններին սպասարկի մեկ բանկ, նա կունենա բավարար մասնագիտական հմտություններով օժտված մասնագետներ, որոնք կարող են հստակ քննարկել գյուղացիական տնտեսության խնդիրները եւ նրա վարկավորման հնարավորությունները, ռեսուրսները, վարկունակությունը եւ դրանով իսկ կարող է վստահ ձեւակերպել այն առաջնահերթությունը, որ պետք է բանկն իր ռազմավարության մեջ ներառի եւ կարողանա վարկային պորտֆելները ձեւակերպի»,- ասաց Բագրատյանը:

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով, սակայն, ունիվերսալ բանկն ամենեւին էլ չի բացառում ինչ-որ ուղղությամբ մասնագիտացումը, այսինքն՝ յուրաքանչյուր բանկ ինչ-որ ուղղությամբ կարող է մասնագիտանալ: Հետեւաբար՝ նման քայլն անիմաստ է.   

«Յուրաքանչյուր բանկ ինչ-որ ուղղությամբ կարող է մասնագիտանալ: Բանկն ինքը որոշում է եւ մասնագիտանում այս կամ այն ուղղությամբ: Այսինքն, ինքը՝ հարցադրումն անբովանդակ է»,- նշեց Ասատրյանը:  

Սերգեյ Բագրատյանի կարծիքով, մինչդեռ, եթե նույն բանկը միաժամանակ մատուցում է սպասարկման ոլորտի ծառայություններ, ունենում է սպառողական վարկերի սպասարկում, արտադրության, փոքր եւ միջին ձեռնարկությունների սպասարկման ծառայություններ եւ այլն, անհնար է, որ այդտեղ որակյալ մասնագետներ կենտրոնացած լինեն՝ կոնկրետ ուղղությամբ:  

«Բազմապրոֆիլ է ստացվում եւ, կարծես թե, ամեն ինչ վարկավորում են, բայց ավելի հասցեական վարկավորման ծավալը նվազում է: Օրինակ, մի քանի ծրագրերով եթե փորձում ենք գյուղացիական տնտեսությունների հասցեական օգնություն ցույց տալ՝ կորոնովիրուսի հետ կապված ծրագրերի այս բազմազանության մեջ, պարզվում է, որ դա էֆեկտիվ չէ»,- ասաց Բագրատյանը:

Մասնագիտացված բանկերի պարագայում, մինչդեռ, թե՛ ուսուցումը, թե՛ թրեյնինգներն ու տնտեսության զարգացման ամեն կարգի տեսլականները կարող են ռազմավարական մշակման ենթարկվել: Դրանով էլ բանկը կկարողանա վարկավորումն իրականացնել առավել հասցեական՝ ասում է տնտեսագետը, հիմնավորում օրինակով:

«Մասնավորապես, եթե օրինակ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար բանկային համակարգում առանձին բանկ աշխատի, նրանք կարող են տարբեր ծավալի ուսումնասիրություններ կատարել, մարկեթինգ իրականացնել, կարող են հենց ՓՄՁ-ներից միջոցներ ներգրավել եւ ստեղծել կոոպերատիվ բանկ, այսինքն՝ տվյալ ոլորտի աշխատակիցները, որոշակի գումարային ներդրումներ անելով, ունենում են իրենց բանկը եւ իրենք նաեւ մասնակցում են վարկավորման պրոցեսին: Այսինքն, մասնագիտական բանկի առավելությունն այն է, որ վարկավորման հասցեականությունն ապահովվում է եւ որակյալ ծառայություններ է մատուցվում»,- ասում է Սերգեյ Բագրատյանը:

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հիշեցնում է, որ պրակտիկայում նման դեպքեր ունենք՝ կան առանձին բանկեր, որոնք այս կամ այն ուղղությունը բռնում են: Ինչ վերաբերում է հատուկ մասնագիտացված բանկերին.

«Ուզում եմ հիշեցնել, որ մեր օրենսդրական պրակտիկայում դա եղել է: «ԿԲ-ի եւ բանկերի բանկային գործունեության մասին» 1993 թվականի առաջին օրենքում դա ասվում էր, որ՝ բանկերը պետք է մասնագիտացված լինեն: Խորհրդային Միությունից ժառանգությունն էլ դա է եղել, բայց որից մենք հրաժարվեցինք՝ անիմաստ, անբովանդակ տեսնելու պատճառով»,- նշեց Բագրատ Ասատրյանը:

Մասնագիտացված բանկեր ձեւավորելու առաջարկ վերջերս արվեց նաեւ խորհրդարանում՝ ԿԲ նոր նախագահի ընտրության նիստում: Ի պատասխան՝ Գլխավոր դրամատան նորընտիր նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ մասնագիտացված բանկերի ձեւավորումը պետք է լինի քննարկումների արդյունքում եւ շեշտեց, որ իրենք բաց են այդ թեման քննարկելու համար, եթե դրա կարիքը կա:    

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, մինչդեռ, կարծում է, որ այս ոլորտում քննարկելու համար այսօր արդիական է ոչ թե մասնագիտացված բանկերի ձեւավորման, այլ՝ ընդհանրապես բանկային համակարգում դիֆերենցվածության խնդիրը: 

«Որովհետեւ այն պահանջները, որոնք մենք այսօր ունենք ունիվերսալ բանկերի նկատմամբ (մասնավորապես՝ կապիտալի նվազագույն պահանջը, որը շատ բարձր է),  այս տեսանկյունից միշտ չէ, որ արդյունավետ է գործում»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:  

Մասնագիտացված բանկերի անցնել միանգամից հնարավոր չէ, սակայն, սկսելն անհրաժեշտ է՝ համոզված է ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ասաց« որ առաջարկն իր հիմնավորումներով կթարմացնի, երբ ԿԲ նորընտիր նախագահը ստանձնի իր պաշտոնավարումը:

Back to top button