ԿարևորՀասարակություն

Մեծամորի ինֆեկցիոն բաժանմունքն անհրաժեշտության դեպքում կտրամադրվի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար

Կորոնավիրուսի առաջին դեպքերը գրանցվեցին Արմավիրի մարզում. մինչև մայիսի 18-ը ընդհանուր թվով հաստատվել է 299 դեպք, ինքնամեկուսացել է 300 մարդ, ապաքինվել են՝ 100-ը: Կորոնավիրուսով են վարակվել նաև բուժաշխատողները: Նրանց մի մասն արդեն ապաքինվել է ու վերադարձել աշխատանքի: Արմավիրի բժշկական կենտրոնում տեղ գտած չարաշահումների և կորոնավիրուսի հետ կապված հարցերի շուրջ զրուցել ենք Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ:

Արդեն 3 ամիս Արմավիրի բժշկական կենտրոնը տնօրեն չունի:  Նախկին տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ աշխատանքային պայմանագիրը Արմավիրի մարզպետի որոշմամբ  լուծվել է  2020թ փետրվարի 11-ին, նրա արձակուրդից վերադառնալուց հետո:  Ըստ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի պատճառը բնակիչների դժգոհություններն են ու չարաշահումները.

«Եթե կան դժգոհություններ, եթե կա չարաշահում, եթե կան արձանագրված խնդիրներ, եթե կան բազնաթիվ քաղաքացիների նամակներ՝ ուղղված մարզպետարան, եթե կոնկրետ հիվանդանոցի բյուջեի վատ կառավարում է առկա, ապա նշանակում է մարդիկ թերացել են իրենց աշխատանքում»:

Երեք ամսվա ընթացքում «Արմավիրի Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնում» տնօրենի ժամանակավոր 2 պաշտոնակատար է նշանակվել, մեկը՝ ներսից, մյուսը՝ դրսից: Մարզպետը դժգոհեց բժշկական կենտրոնի աշխատանքների որակից և պատրաստվում է նոր փոփոխությունների.

«Ես կարծում եմ, որ բժշկական հաստատությունը լուրջ պոտենցիալ ունի և մենք անելու ենք ամեն ինչ, այդ թվում՝ ներգրավելով նոր ներդրումներ, նոր  ֆինանսական միջոցներ, կադրային փոփոխություններ, նոր վարչարարության մոտեցումներ, որպեսզի բժշկական հաստատությունը ներկայանալի լինի ոչ միայն քաղաքում, այլ, առհասարակ, մարզում և Հայաստանի Հանրապետությունում»:

Արտակարգ դրության պայմաններում  սահմանափակումների մեղմացումն ու  բնակչության ազատ տեղաշարժը հանգեցրել է կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացմանը:  Արմավիրի մարզի բժշկական կենտրոնները  պատրա՞ստ են  հիվանդների ընդունմանն ու բուժմանը, եթե համավարակը մեծ տարածում ունենա՝ հարցիս մարզպետը պատասխանեց.

«Մարզի բոլոր հիվանդանոցներում էլ հնարավորություն կա ստեղծել որոշակի պայմաններ ինքնամեկուսացման համար, բայց հիմնական բուժման համար նախատեսված բժշկական հաստատությունը կարծում եմ էս պահին, եթե անհրաժեշտություն լինի, ապա կլինի Մեծամորի բ/կ-ի ինֆեկցիոն բաժանմունքը: Այս պահին ինֆեկցիոն բաժանմունքը գործում է և հնարավորինս շատ մեկուսացված է մնացած բուժհաստատության աշխատանքներից: Եթե նման բան լինի, ապա պատրաստ ենք նույն բանն անել նաև Արմավիրում»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրառել էր՝ դիմելով առողջության առաջնային պահպանության օղակների՝ պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բուժաշխատողներին, այսուհետ  իրենց  հսկողության տակ վերցնելու   կորոնավիրուսային թեստի դրական արդյունքով թեթև արտահայտված  կամ ախտանշաններ  չունեցող քաղաքացիներին: Այդ քաղաքացիները մեկուսացման վայրերից  վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիներին  չեն մեկուսացնելու  հյուրանոցներում և հիվանդանոցներում: Կորոնավիրուսի առաջին դեպքերը հաստատվեցին Արմավիրի մարզում, դրական դեպքերը շարունակվում են: Արմավիրի մարզպետը հայտնում է  Covid-19-ով վարակվածների  ընդհանուր թիվը  մարտից-մայիսի 18-ը ընկած ժամանակահատվածում.

«Իմ ձեռքի տակ եղած դեպքերի քանակը 299 է, ունենք մոտավորապես 300 ինքնամեկուսացվածներ և 100-ից ավելի ապաքինվածներ: Ինքնամեկուսացածների հետ հատուկ աշխատանքներ են տանում մեր մարզային բուժաշխատակիցները»:

Արմավիրի մարզի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային դրական դեպքեր էին հաստատվել նաև բուժանձնակազմում, ինչպես նաև մշտական բժշկական օգնություն ստացող  մի քանի հիվանդի մոտ: Նրանց մեկուսացրել էին համապախատասխան վայրեր, իսկ  հիվանդներին տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ շարունակում են ստանալ անհրաժեշտ մշտական  բուժօգնությունը:

«Մեր բժշկական հաստատություններում եղել են  հաստատված կորոնավիրուսի դեպքեր, բարեբախտաբար ծանր դեպքեր չունենք, իրենք իրենց բավականին  լավ են զգում: Նախ նշեմ, որ նրանք պարբերաբար թեստավորվում են, դրական պատասխանի դեպքում անմիջապես ինքնամեկուսանում է տվյալ բուժաշխատողը, իր հետ շփված այլ անձինք նույնպես: Հեմոդիալիզի հետ կապված բաժանմունքում շարունակվում են աշխատանքները և ունենք հրավիրյալ բուժաշխատողներ՝ պայմանագրային հիմունքներով»:

Բուժաշխատողների մի մասն արդեն ապաքինվել է ու վերադարձել  աշխատանքի: 

Back to top button