ԿարևորՀասարակություն

«Հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո». Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ կապված ֆեյսբուքյան գրառումներից մեկին: «Տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ-որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։

Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոտնահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։

Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։

Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձն առավել չհանրայնացնելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։

Ձեռնարկված քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը աղջիկ է ունեցել։ Երեկ նա ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր լուսանկարներ ու գրել՝ «Երբեք այսքան օրհնված չեմ եղել կյանքում»։

Տես նաև՝ Տաթևիկ Ռևազյանը մայր է դարձել

Back to top button