ԿարևորՄշակույթ

Թումանյանը «խոսում» է չինարեն

Հայ-չինական մետաքսի նոր ճանապարհը կառուցվում  է հեքիաթների միջոցով նաեւ։ Թումանյանի «Ոսկու կարասն» ու «Սուտասանը» չինացիներն արդեն չինարենով են կարդում, անգամ լսում։ Հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների զարգացմանն ուղղված կրեատիվ գաղափարի հեղինակն ու իրականացնողը Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական մասնաճյուղն է։

Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական մասի տնօրեն Գոռ Սարգսյանն ասում է՝ բոլոր ժողովուրդների համար հեքիաթը միմյանց լեզուն հասկանալու լավագույն միջոցն է․

«Հեքիաթը ամենակարևորն է հանրային երկխոսություն ծավալելու համար։ Եվ մենք  այդ ճանապարհին ենք, որպեսզի կայանա այդ երկխոսությունը երկու ժողովուրդների միջև, որի բացակայությունը մենք ունենք։ Իսկ ամենամեծ բացը ինֆորմացիայի բացակայությունն է մեկս մյուսի մասին»,- ասում է Գոռ Սարգսյանը։

Հայ-չինական հարաբերություններում բացը լրացնելու համար պետք է, որ Թումանյանը խոսեր չինարեն։ Երկու հեքիաթ՝ «Սուտասանն» ու «Ոսկու կարասն» արդեն թարգմանվել, հրատարակվել ու անգամ ձայնագրվել են, մի քանիսն էլ ընթացքի մեջ են։

«Պետք է ասեմ, որ հեքիաթներ հայերենից չինարեն թարգմանվել են, սակայն ֆենոմենը նրանում է, որ սա ունի նաև աուդիո տարբերակ, չինացին կարդում է հեքիաթը չինարենով՝ բավականին հետաքրքիր առոգանությամբ։ Սա է մեր ծրագրի հիմնական կորիզը։ Իսկ ընդհանրապես, այս ծրագիրը միտված է Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը Չինաստանում»,- նշում է Սարգսյանը։

Թումանյանի չինարեն հեքիաթներն ակտիվորեն շրջանառվում են չինական սոցկայքերում։ Մեկ ժամվա ընթացքում երկու հարյուր դիտում։ Ըստ Սարգսյանի՝ վատ ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը Չինաստանի համար անծանոթ երկիր է, և չինացիների սիրտը միանգամից գրավելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Վերադառնալով  ձայնագրություններին, զրուցակիցս նշում է, որ հեքիաթներն ընթերցում են չինացի և հայ մասնագետները։

«Չինարենով կարդում են տարբեր մարդիկ։ Կոնկրետ «Սուտասանը» և «Ոսկու կարասը» կարդում են Կոնֆուցիոսի ինստիտուտի չինացի ուսուցիչները։ Իսկ թարգմանությունը կատարում են հայ և չինացի մասնագետները համատեղ»,- ասում է Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական մասի տնօրենը։  

Կարևոր մեկ նկատառում՝ հայ-չինական դիվանագիտական, մշակութային, առհասարակ՝ մարդկային հարաբերությունների բարելավմանն ուղղված այս ծրագիրն իրականացվում է միայն ու միայն հայ և չինացի մասնագետների էնտուզիազմի շնորհիվ, զրո դրամով։

Back to top button