ԿարևորՀասարակություն

Թոշակը՝ միայն քարտով. թոշակառուների «շփումը» բանկոմատների հետ անխուսափելի է

ԱԺ–ում գտնվում է մի նախագիծ, որով ենթադրվում է պարտադիր անցում կենսաթոշակների անկանխիկ փոխանցման համակարգին։ Պարզ ասած՝ խոսքը կենսաթոշակները բանկային քարտերին փոխանցելու մասին է։ Կենսաթոշակառուների համար այդ համակարգը սկսել է գործել 2010–11 թվականներից, բայց մինչ օրս շատ կենսաթոշակառուներ թերահավատորեն են մոտենում դրան՝ չեն վստահում կամ բանկին, կամ քարտին։

Համավարակի շրջանում անկանխիկ փոխանցումները նվազեցնում են ռիսկերը, բացի այդ` համակարգի համատարած կիրառման դեպքում այն ազդակ կլինի գործարարներին և բանկային համակարգին՝ այն զարգացնելու համար։

Նոր կարգերի համար փաստաթղթում նախատեսված են ժամկետներ՝ 3 ամիս պարտադիր համակարգի անցում Երևանում, Գյումրիում և Վանաձորում, 2021–ի հունվարից՝ Հայաստանի մնացած տարածքներում։   

Բանկոմատի և տիկին Արմենուհու ծանոթությունը 4 տարի առաջ հեշտ չստացվեց․ սարքը չլսող էր, թոշակառուի հրահանգներին չենթարկվող, աղմկոտ և անգամ դրամի աղբյուր հանդիսացող բանկային քարտը «կուլ տվող»։

Այսօր արդեն բանկոմատի և տիկին Արմենուհու փոխադարձ շփումը կարգավորվել է։

«Սկզբնական շրջանում չեմ կարողացել , երիտասարդներին խնդրել եմ, իրենք շատ հաճույքով մոտենում են, օգնում են։ Մի երկու անգամ աղջիկս եկավ ցույց տվեց, դրանից հետո արդեն ես եմ ստանում։ Այդքան էլ բարդ բան չէ, ինձ թվում է բոլոր մեծերն էլ կկարողանան օգտվել դրանից։ Ժամերով հերթ չենք կանգնում, գիտենք՝ ինչ վերցրեցինք, ինչը մնաց, մնացորդը ասում է, կոպեկները՝ առաջ 200, 300 նույնիսկ 500 դրամ թողնում էինք կասիրին, հիմա ոչ մի կոպեկ չենք թողնում, գումարվում է հաջորդ թոշակին»,- ասում է թոշակառուն։      

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այսօր Հայաստանում կենսաթոշակառուների կեսից քիչ ավելին են թոշակը ստանում անկանխիկ՝ բանկային քարտի միջոցով, մնացածը դեռ չեն հարմարվել նորարարությանը։ Նրանց համար դեռ գործում է քիչ փոփոխված ասույթը՝ «ավելի լավ է դրամը ձեռքին, քան՝ քարտը գրպանում»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյան․ «Այստեղ սովորույթի ուժն է ավելի շատ, որ մարդկանց խանգարում է այսպես մասսայական անցնել անկանխիկի։ Մարդկանց մոտ այդ քարտի նկատմամբ վստահություն չկա։ Օրինակ՝ ես գիտեմ բազմաթիվ կենսաթոշակառուներ, որոնք այդ քարտի վրա վստահություն չունեն, որովհետև այդ քարտով աշխատավարձ չեն ստացել, այդ քարտի մասին բան չգիտեն, ուղղակի չեն վստահում»։

Այսպիսի դեպքերի համար կառավարությունը մշակել է նոր կարգ։ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և կից փաստաթղթերում արվող փոփոխություններն ու լրացումները հուշում են․ կենսաթոշակների անկանխիկ՝ բանկային քարտին փոխանցումով կարգը առաջիկայում դառնալու է պարտադիր բոլոր կենսաթոշակառուների համար։ Նախագծում կան բացառություններ, որոնցից մեկը վերաբերում է օրինակ՝ հաշմանդամներին։ 73–ամյա տիկին Անժելան տարիներ շարունակ իր կենսաթոշակը ստանում է առձեռ։

Այն ժամանակ, երբ անցնում էր կենսաթոշակի, քաղաքացիներին դեռ չէր առաջարկվում բանկային քարտից օգտվելու տարբերակը։ Սովորույթի ուժով, հին ձևերով  շարունակում է ստանալ կենսաթոշակը։ Չի նեղվում, եթե պարտադիր անցնի կենսաթոշակի ոչ կանխիկ փոխանցման համակարգի։

Անծանոթ բանկոմատից չի վախենում և պատրաստ է հաստատել ծանոթություն․ «Ես դեռ չեմ փորձել, որովհետև նոր պետք է սկսեմ օգտվել։ Դե ես կարծում եմ, որ միգուցե կսովորեմ, կօգտվեմ, իսկ եթե չստացվի, բնականաբար, պետք է խնդրեմ երիտասարդներին ինձ օգնեն։ Վստահություն կա քարտի նկատմամբ, մեծ մասն այդպես են ստանում, պարզապես, չի ստացվել հենց սկզբից այդպես»,- ասում է տիկին Անժելան։   

ԱԺ–ում առաջին ընթերցմամբ արդեն ընդունված և վերջին ընթերցմամբ քննարկման սպասող նախագծով ենթադրվում է կենսաթոշակի փոխանցման անկանխիկ պարտադիր համակարգին անցնել փուլերով։  Այս տարվա սեպտեմբերի 1–ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում, 2021–ի հունվարից՝ մարզերում՝ մեծ գյուղերից աստիճանաբար անցում կատարելով փոքր գյուղերին։ Ընթացքում կզարգանան ենթակառուցվածքները, իսկ գործարարներն ու բանկերը պետությունից հստակ ազդակ կստանան։

 «Օրինակ վերցնենք բանկոմատը։ Որպեսզի բանկը իր հաշվարկները կատարի՝ այդ գյուղում բանկոմատ դնի, թե ոչ, կամ 1, թե 2 հատ դնի, ինքը պետք է մոտավորապես բիզնես տեսանկյունից հասկանա, թե ինչ է կատարվում։ Բոլոր տեսակի վերլուծությունները ցույց են տալիս, որ սոցիալական տրանսֆերտները գյուղական բնակավայրերում՝ դրանք բնակչության հիմնական կանխիկ շրջանառվող միջոցներն են, որովհետև մեր գյուղում կա ընդամենը 4 աշխատատեղ՝ գյուղապետն է ու գյուղապետարանի մի քանի աշխատողներ, բայց ենթադրենք 300 կամ 500 կենսաթոշակառու կամ նպաստառու կա։ Այսինքն՝ այս առումով ուղերձը, որ ասում ենք, այն նկատի ունենք, որ սոցիալական տրանսֆերտային վճարումները երբեմն տվյալ գյուղ կանխիկի մուտքի հիմնական աղբյուրն է»,- նշում է փոխնախարար Սմբատ Սաիյանը։

Ոչ բոլոր պատգամավորներն են այս պահին պատրաստ կողմ քվեարկել նախագծի այս տարբերակին։ Խնդիրը ժամկետներն են։ Երեք ամսից խոշոր քաղաքներում համակարգի կտրուկ փոփոխությանը տարեցները պատրաստ չեն, կարծում է, օրինակ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Շատ մեծ հարց է՝ մենք դրանով հարմարավետություն ենք ավելացնում, թե պակասեցնում, որովհետև եթե թոշակը բերում էին իր տունն էինք տալիս, թոշակառուն հիմա պետք է գնա ստիպված բանկոմատ գտնի։ Ու եթե 70 տարեկան մարդը թոշակը ստանում է քարտով և ապրում է ենթադրենք Շիրակի կամ Սյունիքի մարզի մի հեռավոր գյուղում, ի՞նչն է լինելու իր առաջին անելիքը՝ ինքը գնալու է այդ գումարը նույն օրը բանկոմատից հանի ու կանխիկով իր առևտուրը անի»,- ասում է Թունյանը։

Համակարգը չի լուծում անկանխիկ առևտրի խթանումը, կարծում են պատգամավորները՝ զուտ այն պատճառով, որ ոչ թե կենսաթոշակառուները պատրաստ չեն, այլ շատ խանութներում չկան անկանխիկ վճարային հարմարություններ։ Նախագիծն առաջիկա լիագումար նիստում քննարկվելու է, բայց հնարավոր է պարտադիր անցման ժամկետները փոխվեն։ Կդիտարկվի նաև կենսաթոշակառուների խմբերի վերանայման հնարավորությունը՝ կենսաթոշակի անկանխիկ փոխանցման պարտադիր կարգը կիրառել նոր կենսաթոշակի նոր անցնողների վրա։   

Back to top button