ԿարևորՀասարակություն

Երևանի կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը

Երևանի կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ վարչական շրջանի ենթակայությամբ գործող մարկապարտեզներն այսօրվանից վերսկսում են աշխատանքը և հորդորում քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել և խստագույնս պահպանել նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով սահմանված ընդհանուր կանոնները:

Մասնավորապես՝

1. Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն
2. Բացառվում են նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները: Հաստատություն հաճախող սաների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթայնության կառավարմամբ (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների՝ նախակրթարան գալու և գնալու ժամային միջակայքեր)՝ պահպանելով մարդկանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն:
3. Նախակրթական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացը կկազմակերպվի բեռնաթափված` 10-12 հոգանոց խմբերով՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։
4. Ժամանակավորապես կսահմանափակվի նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելիությունը՝ առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով և/կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված:
5. Եթե երեխայի ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), կամ նրանք շփում են ունեցել նշված հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման մեջ, ապա առաջին անգամ ներկայանալիս այդ երեխաների ծնողների (խնամակալների) կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք (տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը):

Նաև նշվում է, որ՝

1. Նախադպրոցական կրթական հաստատություններում իրականացվում են ընդհանուր մաքրման և ախտահանման աշխատանքներ հաստատության ամբողջ տարածքում:
2. Իրականացվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս` նախքան կրթական հաստատություն մուտք գործելը: Ջերմություն ունենալու դեպքում աշխատողներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:
3. Իրականացվում է երեխաների ջերմաչափում և զննում հեռավար կամ անհատական օգտագործման (ծնողի կողմից բերված) ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ նախքան կրթական հաստատություն մուտք գործելը: Ջերմող երեխաներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն, և այդ մասին անմիջապես տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին՝ զանգահարելով 8003 համարով:
4. Ժամանակավորապես չեղարկվում կամ հետաձգվում են նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները (օրինակ՝ հանդեսներ, տոնական միջոցառումներ, ծննդյան տարեդարձներ և այլն):
5. Խաղերի և պարապունքների ժամանակ նվազագույնի կհասցվեն երեխաների միջև սերտ շփումները։
6.Ավագ խմբերում կիրականացվեն բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

Back to top button