ԿարևորՎերլուծական

Դուրս գալ պաշտպանվողի հոգեբանությունից՝ Լևոն Շիրինյանի արձագանքը ադրբեջանական զորավարժություններին

Մայիսի 18-22-ը Ադրբեջանում օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններ են անցկացվում: Դրանք բացառապես հարձակողական բնույթի են, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ։

Բաքվի կողմից մի շարք հանձնառությունների խախտումով լայնամասշտաբ զորավարժություններ շատ ենք տեսել։ Տեսել ենք նաեւ, որ այդ պետությունը կարող է համաճարակի պայմաններում կրակել սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության ուղղությամբ, սակայն այս զորավարժություններն առանձնահատուկ են, քանի որ անցկացվում են մի իրավիճակում, երբ ռիսկային է ցանկացած հանրային միջոցառում անգամ` կորոնավիրուսի հետ կապված։

Եթե հակառակորդը կասկած անգամ ունենա, որ հայկական կողմի մարտունակությունը բարձր մակարդակի է, ապա լայնամասշտաբ զորավարժություններ չի իրականացնի, վստահ է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Ադրբեջանական կողմը ծանոթ է հայկական ԶՈՒ-ի հզորությանը, դրանում համոզվելու շատ առիթներ է ունեցել։ Վերջինը 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր։

Համաճարակի այս օրերին Ադրբեջանը զորավարժության է դուրս բերում 10 հազար զինվորական ու մի քանի հարյուրի հասնող տարբեր տեսակի զինտեխնիկա։

Զրուցակիցս կարծում է, որ անկախ հանգամանքից` անձրեւ է, ձյուն, թե վիրուս՝  ՀՀ –ը պետք է աշխատի ու պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման։ Պատմությունն է այստեղ մեծ հուշարարը․

«Թուրքը ընդհանուր աշխարհի մեջ չի մտնում։ Մենք պետք է զորավարժություն անցկացնենք։ Իհարկե, ռիսկային է դրա անցկացումը համաճարակի պայմաններում, բայց պետք է լավ կազմակերպել։ Թուրքն իրեն պատեպատ է տալիս, չե՞ք տեսնում ինչ է անում։ Նրանք չունեն այն մտածողությունը, որ աշխարհը այլ չարիքի դեմ է պայքարում, որ դադար տան։  ՊՆ հայտարարությունը լավն էր ու պետք է այդ սկզբունքը պահենք, մի փոքր ինչ-որ բան տեսանք պետք է հարվածենք, ոչ թե սպասենք գան հասնեն չգիտեմ ուր նոր հարվածենք»,- ասում է Շիրինյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ադրբեջանական զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին, այդ թվում Արցախի հետ շփման գծում, ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի մոտեցումը հակառակորդի գործելաոճին հստակ է՝  «Մենք ենք, մեր խնդիրը եւ մենք պետք է մեր հարցերը լուծենք»։

«Մենք միշտ պաշտպանվող ենք, ու դա հոգեբանություն է ձեւավորել։ Մենք պետք է իրենց անհանգիստ վիճակում պահենք, ու մեր մտածողությունը փոխենք»,- ասում է քաղաքագետը։

Back to top button