ԿարևորՀասարակություն

Սևան համայնքում ճանապարհաշինական ծրագրերը դիտարկում են առաջնահերթությունների ցանկում

Բարեկարգ, ներկայանալի փողոցներն ու ճանապարհները յուրաքանչյուր համայնքի այցեքարտն են: Սևան համայնքում տեղական իշխանությունն էլ ճանապարհաշինական ծրագրերը դիտարկում են առաջնահերթությունների ցանկում, և այս տարի համայնքում իրականացվելու են միաշերտ ասֆալտապատման, բարեկարգման և փոսալցման մի շարք աշխատանքներ:

Փոսալցման աշխատանքների մեկնարկը տրված է, որը ներառելու է Սևան քաղաքի և Գագարին գյուղի շուրջ 15 փողոց: Նախատեսված են փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթների քայքայված տեղամասերի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:

Աշխատանքների մեկնարկը տրվել է քաղաքի գլխավոր` Նաիրյան փողոցից, որին հաջորդել և հաջորդելու են Սայաթ-Նովա, Ս. Սևանեցի, Նալբանդյան, Հրազդան, Էներգետիկների, Խաղաղության, Շինարարների, Աբովյան, Մյասնիկյան, Չարենց, Գագարին գյուղի Թումանյան, Կոմիտաս, Երիտասարդական փողոցները: Աշխատանքների ընդհանուր ծավալն ընդգրկել է շուրջ 1631քմ, որն իրականացվելու է համայնքային բյուջեի միջոցներով:

Ճանապարհաշինական այս աշխատանքներին զուգահեռ Սևանում նախատեսված է նաև միաշերտ ասֆալտապատում: Արդեն 3-րդ տարին է, ինչ Սևան համայնքը սուբվենցիոն ծրագրերի միջոցով կարողանում է իրականացնել համայնքի համար կարևորագույն նշանակություն ունեցող աշխատանքներ, որոնք նոր շունչ ու տեսք են հաղորդում համայնքին:

Համայնքային առաջնահերթությունների մեջ կարևորելով ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգված և բարեկարգ տեսքը` ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի առանցքն էլ դառնում են ասֆալտապատման աշխատանքները:

Արդեն իսկ հիմնանորոգված փողոցներին այս տարի սուբվենցիոն ծրագրերի կավելանան Գրիբոյեդով և Նալբանդյան փողոցների, քաղաքի 5 բակային հատվածների ճանապարհների ասֆալտապատումն ու հիմնանորոգումը:

Այս տարի ճանապարհաշինական ծրագրերից ևս մեկը կդառնա իրողություն, որը տասնամյակներ շարունակ եղել է օրակարգային և խիստ հրատապ: Կհիմնանորոգվի Մ-4 Ցամաքաբերդ-Գոմաձոր՝ 6,3 կմ-ոց ճանապարհահատվածը` «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում:


Back to top button