ԿարևորՀասարակություն

Սթափեցնող տուգանք՝ եկող շաբաթվանից․ կսթափվեն շատերը

Մի կողմից պատժաչափը թեթևացվում է, բայց մյուս կողմից այսուհետ այն կիրառվելու է ավելի հաճախ։ Ճգնաժամի պայմաններում դիմակ չկրելու համար «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով սահմանված 100 հազար դրամի տուգանքը պետությունը մինչ այս պահը զգուշավոր էր կիրառում։ Որպեսզի տուգանքը դառնա գործուն և քաղաքացիները զգան դրա ազդեցությունը՝ կառավարությունը փոխեց դրա չափը։

Խորհրդարանը արտահերթ նիստով՝ երկու ընթերցմամբ ընդունեց նոր տուգանքի չափը։ Համավարակի պայմաններում հրավիրված ԱԺ արտահերթ նիստին 132 պատգամավորից մասնակցել է 70–ը։ Խորհրդարանական 3 խմբակցություններից այսօր աշխատել են երկուսը՝ «Լուսավոր Հայաստան»–ը չի վերադարձել նիստերի դահլիճ։   

10 հազար դրամ՝ դիմակ չկրելու համար․ տուգանքի նոր չափը կիրառվելու է հրապարակման պահից։ Պատասխանատվությունը ձևականից վերածվում է իրականի։ Եթե նախկինում իրավապահները գիտակցված–զգուշավոր էին կիրառում 100 հազար դրամի տուգանքը, ապա առաջիկայում պատկերը կփոխվի՝ համոզված է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Սա վկայում է այն մասին, որ կառավարությունը ունի մտադրություն սկսել լայնորեն կիրառել այս պատիժը, որովհետև նախկինում շատ էպիզոդիկ էր, դիպվածային։ Կարծում եմ, մյուս շաբաթ մենք բոլորս կտեսնենք, որ այս պատիժը լայնորեն կիրառվում է։ Չափը իջեցնում են, որ կարողանան շատ կիրառել և դա սթափեցնող ազդեցություն կունենա մարդկանց վրա։ Այս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը։ Կա շանս։ Հիմա ասում ենք՝ կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան։ Ունեցեք մոտներդ»,-ասաց Միրզոյանը։   

Առողջապահական տեսանկյունից դիմակը անհրաժեշտ է՝ դրսում պետք է ունենալ, փակ տարածություններում՝ կրել։ Նյութական տեսանկյունից պահանջը խնդիր է սոցիալական որոշ շերտերի համար։ Դեղատներում այսօր էժան դիմակ չես գտնի։ Նախկինում 20–30 դրամով վաճառվող դիմակների գինը այսօր հասել է 200 և ավելի դրամի։

Դրան գումարվում են թանկացած ձեռնոցները և ախտահանիչ նյութերը։ Միջին հաշվարկով՝ արտակարգ դրության պայմաններում մեկ ընտանիքին ամսական անհրաժեշտ է 50–60 հազար դրամ։  Խստացումներին կողմ ու դեմ պատգամավորների հիմնական բանավեճը ծավալվեց հենց այս ուղղությամբ։

«Ինչի՞ համար է այն Տնտեսական մրցակցության հանձնաժողովը։ Եթե նախկինում դիմակները վաճառվում էին 30–40 դրամով, այդ մարդիկ հաստատ բարեգործություն չէին անում, իրենց շահույթը ունեին։ Հիմա պետք է հասկանալ՝ ինչի՞ են նրանք ստանում նման գերշահույթներ»,- ասաց ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այստեղ պետությունը ինչ որ դերակատարություն ունի՞, որ մենք հասկանանք, թե այս դիմակի հետ կապված ոնց ենք վարվում, եթե հատկապես տեղում էլ դիմակ ենք արտադրում»,- հավելեց  նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Դուք պետք է որ իմանաք, որ մինչև դեկտեմբերի 31–ը դիմակների ներկրումը 0–ական է, ազատված է մաքսատուրքից։ Բա դա էլ ասեք, ասում եք պետությունն ինչ է անում։ Արել է իր քայլը»,- ասաց «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանը։

«Ես կարծում եմ, որ առաջարկ–պահանջարկի մասին տնտեսագիտական պնդումները տեղին չեն և մեր կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի այս գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար։ Այլընտրանք ուղղակի չկա»,- նշեց ԱԺ խոսնակը։  

Սա զուգահեռ աշխատանք է։ Տուգանքներն ամեն դեպքում կիրառվելու են անհապաղ։ Որպես դիմակ, պաշտպանիչ միջոց համարվում է նաև ինքնաշեն դիմակը և անգամ շարֆը՝ հստակեցնում է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։ Քաղաքացիներին պետք չէ մոռանալ նաև անձը հաստատող փաստաթղթի մասին։ Եթե չկա ոչ դիմակ, ոչ էլ՝ փաստաթուղթ, ապա ոստիկանությունը բերման կենթարկի։

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան․ «Եթե ունի անձը հաստատող փաստաթուղթ, ապա արձանագրությունը կարող է նաև տեղում կազմվել։ Եթե չէ, ապա արձանագրությունը կկազմվի անձի նկատմամբ, երբ ոստիկանությունը անձը իդենտիֆիկացնելու ամբողջ գործառույթները իրականացնի»։

Իրավաբանության մեջ կա սկզբունք՝ եթե պատժաչափերը փոխվում են դեպի մեղմացում, ապա դա կարող է հետադարձ ուժ ունենալ։ Այս դեպքում փոփոխությունը հետադարձ ուժ չի ունենա։ Մայիսի 18-ից ոչ ոք դիմակ չկրելու համար չի տուգանվել։ Իսկ արտակարգ դրության սկզբից տեղաշարժման թերթիկի կամ այլ խախտումների համար կիրառված տուգանքները մնում են ուժի մեջ։

Back to top button