ԿարևորՎերլուծական

ՌԴ տնտեսական շահն ու քաղաքական նպատակահարմարությունը․ Մոսկվան մերժեց Երևանին և Մինսկին

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական  խորհրդի նիստն, ըստ ժամանակացույցի, պետք է տեղի ունենար Բելառուսում՝ մայիսի 19-ին։ Չնայած Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ չէր անձամբ ընդունել գործընկեր պետությունների ղեկավարներին Մինսկում  ու շաբաթներ առաջ բարձրաձայնեց այդ մասին, ԵԱՏՄ մյուս առաջնորդները փակ սահմանների պայմաններում գերադասեցին տեսակապով շփման տարբերակը։ Օրակարգի գլխավոր հարցերից մեկը  ինտեգրացիոն կառույցի տարածքում գազի փոխադրման միասնական սակագնի սահմանումն էր։

Բացելով հանդիպումը` Բելառուսի նախագահը կրկին խոսեց գազի գնի մասին․ «Մենք չենք կարողանում փոխադարձ ընդունելի որոշման գալ արդեն մի քանի տարի, մինչդեռ խնդրի հրատապությունն անընդհատ մեծանում է», -ասաց նա։

ԵԱՏՄ տարածքում էներգակիրների միասնական շուկայի և գնագոյացման միասնական մոտեցման մասին իր ելույթում խոսեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում, որոնց առջև այսօր մենք բոլորս կանգնած ենք, շատ հրատապ է Հայաստանի համար գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը, շեշտեց նա։

«Ինչպես իմ կողմից բազմիցս է նշվել՝ էներգետիկ միասնական շուկան, որի գործունեությունը չպետք է խտրական լինի, պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը: Առանց դրա՝ ինտեգրացիոն գործընթացներում որակական առաջընթացն անհնար է: Առանց դրա՝ անհնար է միության բոլոր մասնակիցների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ»։

Արձագանքելով գործընկերների ելույթներին՝ ՌԴ նախագահն ասաց, որ իր համոզմամբ՝ առայժմ գազի գները պետք է ձևավորվեն շուկայական կոնյուկտուրայի հիման վրա։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ միասնական սակագին հնարավոր է կիրառել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով, միևնույն հարկային համակարգով։  Այդպիսի խորը ինտեգրման մակարդակ դեռևս ձեռք չի բերվել:

Տնտեսագետ Կարեն Ավագյանը՝ մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի այսօրվա ելույթը առանձնացնում է կարևոր մի շեշտադրում․ խտրականության բացառումն է ինտեգրման հիմքերից մեկը, առանց դրա անհնար է տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովումը։

«Հայաստանի տնտեսության մեջ շատ կարևոր դեր է խաղում այն հանգամանքը, որ էներգակիրները ամբողջությամբ ներկրվում են, և էներգակիրների գնից կախված՝ արտադրվող կամ վերամշակվող շատ ապրանքներ կարող են մրցունակ լինել կամ չլինել նույն ԵԱՏՄ, Եվրամիության և այլ շուկաներում։ Գազի գինը ՀՀ ում շատ բարձր է, և այս հանգամանքը որոշիչ է դառնում այն երկների համեմատ, որոնք ունեն էժան գազ, հետևաբար՝ էժան էլեկտրաէներգիա և կարող են ավելի էժան կազմակերպել իրենց արտադրությունը»:

Յուրաքանչյուր երկիր, ունենալով դժվարություններ, փորձում  է իր ռազմավարական ռեսուրսները կիրառել սեփական առաջնային շահերից ելնելով և նոր միայն հարմարեցնել դրանք իր դաշնակիցների կամ գործընկերների շահերին, շարունակում է Կարեն Ավագյանը՝ մեկնաբանելով պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, նա այս  պայմաններում Հայաստանի համար միակ հնարավորությունը համարում է ռուսական գազին այլընտրանքի առկայությունը։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում Ռուսաստանի դիրքորոշումը բացատրում է  ազգային և տնտեսական շահերը պաշտպանելու հաստատակամությամբ և համաշխարհային շուկայում  նավթի և գազի ներկա սակագներով։

«ՌԴ-ն պետք է փորձի իրացնել իր առավելությունները հատկապես գազի պաշարների մասով, որովհետև կա որոշակի կախվածություն ՌԴ-ից։ Բնական է, որ նավթի գնանկման վնասները պետք է փորձել փոխհատուցել նաև գազի վաճառքով։ Ի թիվս տասնյակ երկների, Հայաստանը  փորձում է ավելի նպաստավոր գներ ունենալ, բայց գործիքակազմը, որը օգտագործում ենք, նոր չէ, և ստանդարտ մեթոդները վաղուց իրենց սպառել են»։

Տնտեսագետը միաժամանակ հիշեցնում է․ միասնական  սակագին, ի վերջո, ունենալու ենք 2025 թվականից։

«2019 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած ԵԱՏՄ  գագաթաժողովի ժամանակ ՀՀ խնդրանքով, առաջարկով գազային ընդհանուր շուկա ձևավորելու որոշում կայացվեց։ Այդ ժամանակը գալու է, քանի որ այդ պարտավորությունը ստանձնել են անդամ երկները, առաջին հերթին Ռուսաստանը, և  գազի սակագինը, ի վերջո, միասնական է լինելու»։

Մինչ այդ տնտեսագետը կարևորում է տնտեսական ավելի ճկուն քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ շեշտելով․ երբ խոսքը գազի մասին է, դա ինքնին քաղաքական կատեգորիա է։

Տնտեսագետ Կարեն Ավագյանին գազի միասնական սակագին ունենալու համար ավելի խորը ինտեգրման անհրաժեշտության մասին Ռուսաստանի նախագահի այսօրվա խոսքերը հիշեցրել են մեկ այլ դրվագ՝ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակներից։

«Դա ինձ հիշեցրեց նմանատիպ հայտարարությունները ընդհանուր տնտեսական գոտում միասնական արժույթի ստեղծման աշխատանքները արագացնելու վերաբերյալ։ ԵԱՏՄ շարժիչ ուժ հանիսացող Ռուսաստանն այս պահին  ցանկանում է ավելի խորը ինտեգրում և կիրառում է իր ձեռքում եղած գործիքներից մեկը՝ գազի սակագինը։ Սա  տնտեսական հարկադրանքի ձևերից մեկն է,  որին ցանկացած անկախ պետություն ունի իր պատասխանը»: 

Ցուցադրել ավելի
Back to top button
Close