ԿարևորՀասարակություն

Կին հրետանավորները կամ մեկ օր ռազմական համալսարանում

Արցախցի Քրիստինե Մաթեւոսյանն ու արմավիրցի Կարինե Սարգսյանը Երեւանում են ծանոթացել, ընկերացել ու Երեւանում են մասնագիտություն ստանում։ Նրանք երկուսն էլ ապագա հրետանավորներ են։ Սովորում են Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանի երրորդ կուրսում։

Երկուսին էլ ռազմական կրթօջախ բերել է ժառանգականությունը։ Քրիստինեի ընտանիքի տղամարդիկ են զինվորական, Կարինեի հայրն է հրետանավոր։

Հումորով նկատում է՝  բանակը  ոչ միայն տղաներին է կոփում,  այլև աղջիկներին։ 

Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանը սպասում է նոր կուրսանտների։ Համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը ստանձնել է այս պաշտոնը  2019 թվականին։  Տեսախցիկների առաջ շատ քիչ է հայտնվում, գուցե   դրանով էլ պայմանավորված է զինվորականին ոչ բնորոշ հուզմունքը։

Պատմական էքսկուրս  է  կատարում,  խոսում  է 25- ամյա  համալսարանի  ձեռքբերումների մասին։ Հպարտությամբ նշում՝ համալսարանը  երկրի  ռազմական կրթության կարևորագույն դարբնոցն է։ 

«Առաջիկա շաբաթների ընթացքում դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել ընդունելության քննություններին: Համավարակի առկայությունը հաշվի առնելով՝ ռազմական հաստատություն ընդունվելու համար անհրաժեշտ կլինի հանձնել ընդամենը մեկ քննություն՝ մաթեմատիկա առարկայից»,- ասում է գնդապետ Խաչատրյանը։

Հասկանալի  պատճառով  չի մանրամասնում,  թե քանի երիտասարդ է ցանկանում ծառայության անցնել ԶՈՒ «Պատիվ ունեմ»  ծրագրով, բայց  ժպիտից հասկանալի  է,  որ ցանկացողների թիվը մեծ է։

«Ռադիոլուր»–ն  այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում  հետևել  է կուրսանտների մարզումներին, հրետանավորների դաշտային պարապմունքներին, ռազմերթին, նաև ծանոթացել  ապագա կին հրետանավորների  հետ։

Back to top button