ԿարևորՀասարակություն

Առաջին ընթերցմամբ ԱԺ-ն հավանություն է տվել բաց տարածքում դիմակի բացակայության դեպքում 10 000 դրամ տուգանելու նախագծին

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը` հոդվածը լրացնելով նոր մասով, որի համաձայն` Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Օրինագիծն առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ` 10 հազար դրամի չափով:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված՝ բաց տարածքներում դիմակների պահանջին. գործող օրենքով տուգանքը 100-250 հազար դրամ է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ: Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, մինչդեռ պարտադիր է անձի մոտ դրա առկայությունը։

Ինչ վերաբերում է փակ տարածքներին, ապա փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, մինչդեռ այս դեպքում տուգանքի կենթարկվի ոչ թե դիմակ չկրող անձը, այլ՝ տնտեսվարող սուբյեկտը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցումը ևս կկազմակերպվի այսօր, որից հետո նախագիծը կընդունվի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Back to top button