ԿարևորՀասարակություն

Ոչ թե ջրից չոր դուրս գալ, այլ մնալ ջրի երեսին. բիզնեսը՝ կորոնավիրուսի պայմաններում

Դժվար է  հստակ սահմանել, թե համավարակի այս օրերին  բիզնեսը Հայաստանում ինչ վիճակում է։  «ԲԻ-ԷՍ-ՍԻ»  բիզնեսի աջակցման կենտրոնի  հիմնադիր  տնօրեն Սամվել Գևորգյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ բիզնեսն ունի  տարբեր կարգավիճակներ՝ անորոշ տրանսֆորմացիոն և  օպերացիոն  մեծ գործունեություն ապահովող։

Պատկերացնենք, թե կորոնավիրուսի համաշխարհային ծովում ինչպես են կործանվում բիզնեսները տարբեր երկրներում։ Տնտեսվարողներն այս փուլում ոչ թե ցանկանում են ջրից չոր դուրս գալ, այլ՝  պարզապես մնալ ջրի երեսին։  

Գևորգ Վարդանյանի հիմնած բիզնեսի տեսակը մինչև կորոնավիրուսը ջրի երեսին էր՝  բառի ամենաուղիղ իմաստով` Ռեֆթինգով։

Rafting in Armenia-ի հիմնադիր Գևորգն ասում է, որ այժմ որևէ աշխատանք չեն իրականացնում.

«Սպասում ենք, որ իրավիճակը մի քիչ էլ հանդարտվի, քանի որ մեր բիզնեսն ինքը խմբակային է, ամեն խումբը 40 հոգի է լինում, իրար շատ մոտ են լինում։ Մենք մեր ռիսկերը գնահատելով չենք աշխատում, միևնույն ժամանակ ատամներով բիզնեսն ենք  պահում։  Քանի որ ծախսեր կան, որ արել ենք, մտածելով, որ այս տարին լավն է լինելու։ Ամեն դեպքում` դեռ հույս ունենք, որ շուտ կավարտվի, բիզնեսը կսկսի ծաղկել»,- ասում է Rafting in Armenia-ի հիմնադիրը։ 

Ռևթինգը լեռնային գետերի վրա մակույկներով թավարում են` փորձելով հաղթահարել ջրի ուժը։ Սա էքստրեմալ զբոսաշրջության տեսակ է։

Այժմ այս բիզնեսով զբաղվող Rafting in Armenia- ում ավելի շատ տեղեկատվական նյութեր են  տեղադրում՝ ժամանակ շահելու, նաև՝ հաճախորդներ  ներգավելու համար։ Ներքին շուկայում աշխատելու համար այս տարի նոր առաջարկներ են ներկայացնում՝ ջրային սղարան, վոլեյբոլ ու ոչ միայն։

«ԲԻ-ԷՍ-ՍԻ» բիզնեսի աջակցման կենտրոնի  հիմնադիր  տնօրեն   Սամվել Գևորգյանի  թիմն այս օրերին  խորհրդատվություն է տալիս հնարավոր բոլոր տարբերակներով՝ հեռախոս, մեսինջեր, վայբեր ու ոչ միայն։ Գևորգյանն արձանագրում է՝ սա աննախադեպ ճգնաժամ է` տնտեսական, առողջապահական, սոցիալական, հոգեբանական ճգնաժամ։ 

Որևէ  կոնկրետ բնորոշում, թե ինչ վիճակում է բիզնեսը, դժվար է տալ, քանի որ ոլորտից ու զարգացման ուղղությունից կախված, իրավիճակն է տարբեր։

Ամենամեծ հարվածը, թերևս, զբոսաշրջությունն է կրել։ Սամվել Գևորգյանն ասում է, որ  կան ընկերություններ, որոնք չնայած շահույթ չունեն, սակայն անում են հնարավոր ամեն ինչ՝ շուկայից դուրս չմղվելու համար․

«Օրինակ ռեստորանային կամ կենցաղային տարբեր արտադրանք արտադրող ընկերությունները սահմանափակեցին իրենց գործունեությունը որոշակի իմաստով կամ   դիվերսիֆիկացրեցին  իրենց ծառայությունները։ Օրինակ, ռեստորանային բիզնեսով զբաղվողների մի մասը սկսեց առաքման ծառայություններով զբաղվել։ Ամեն դեպքում շարունակում են գործել։ Կան նաև ոլորտներ, որոնք մեծ աճ են ապահովում՝ օն-լայն  վաճառքները, առողջապահական տարբեր ապրանքների վաճառքը, երբ մի քանի անգամ ավելացել է։ Բիզնեսի տեսանկյունից շատ կարևոր է հաշվի առնել այն, որ  որոշ ընկերությունների   գործունեությունը ընդհանրապես   դադարեցված է, հայտնի չէ, թե վաղն ինչ է լինելու»,- պատմում է Գևորգը։

Որոշ ընկերություններ ապագա  ծրագրերի  ու ռազմավարությունների  մշակմամբ են զբաղված։ Ապագայի ծրագրերով է զբաղված մասնագիտությամբ լրագրող Արփի Սուքիասյանը։ Որոշեց  ռիսկի գնալ,  գնել  Օշականում պահպանված  ամենահին  տունն  ու իրականացնել իր երազանքը` դարձնել այն  հյուրատուն, հյուրերին  ծանոթացնել  օշականյան առօրյայի ու հայկական ավանդույթների հետ։ Անգամ այս օրերին, երբ  շատերը մտածում են բիզնեսը փակելու մասին, որոշեց  շարունակել գործը, անգամ վարկ վերցնել․

«Հետաքրքիր մի պատմություն բանկերից մեկում եմ ունեցել։   Երբ կառավարչին լուսանկարներն էի ցույց տալիս, պատմում էի, թե ինչ եմ ուզում, կառավարիչը  ասաց՝ ձեզ հետ ամեն ինչ նորմալ է։ Ասում է՝ նորմալ աշխատանք ունեք, նորմալ վարձատրվում եք, կարող եք գնալ Երևանի մի էլիտար շենքում բնակարան ձեռք բերել ու հանգիստ ապրել, ինչո՞ւ եք գնում այս փլատակի հետևից»,-ասում է Արփին։

Թոնրատունն ու մառանը պատրաստ են։ Մնացած հատվածները աստիճանաբար են կյանքի կոչվում։ Արփին լրագրող գործընկերներին չի  մոռացել, գործընկերների համար հատուկ հատված է առանձնացնում։ Հենց  մենք ենք ամենաշատը ոգևորում սկսնակ գործարարին։

Եվ քանի որ ապագայի ծրագրերն այս պահին ակտիվ են, ուստի   Հայաստանում բիզնեսն  այս պահին, ըստ «ԲԻ-ԷՍ-ՍԻ» բիզնեսի աջակցման կենտրոնի  հիմնադիր  տնօրեն Սամվել Գևորգյանի, տարբեր կարգավիճակներ   ունի՝ անորոշ տրանսֆորմացիոն և  օպերացիոն  մեծ գործունեություն ապահովող։ 

«Ռազմավարության տեսանկյունից տարբեր մոտեցումներ կան․ ամենաշատը դիմում են տրանսֆորմացիոն ռազմավարության համար ինչպես եղած բիզնեսը ձևափոխել մեկ այլ բիզնեսի՝ ոչ ամբողջությամբ, գոնե մասամբ։ Հայկական շուկայում աշխատող  սննդի  վերամշակման ընկերություններից  մեկը որոշել է  չկենտրոնանալ հայկական շուկայի վրա, այլ միանգամից կենտրոնանալ արտասահմանյան շուկաների  վրա, քանի որ այստեղ պահածոյացված սննդի պահանջարկը  գնալով   մեծանում է»,- նշում է Գևորգյանը։ 

Ճիշտ ռազմավարության ու կառավարման արդյունքում  ճգնաժամը նաև հնարավորություն է։ Սամվել Գևորգյանը վստահ է՝ գյուղատնտեսությունը  առաջընթաց  ապահովող ոլորտներից կարող է լինել․ պատճառը հստակ է՝  աշխարհում սննդի պահանջարկն ավելանում է։ Հայաստանը փոքր  երկիր է, ուստի ավելի ճկուն, հեշտությամբ կարելի է նաև  գործազրկության խնդիրը լուծել․

«Արտագնա աշխատանքի մեկնողների թվի հստակ գնահատական դժվար է  տալ, սակայն այս տարի պետական բյուջեի կապիտալ ծախսերի շնորհիվ  որոշակի զբաղվածություն կապահովվի։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին  գյուղատնտեսությունում սեզոնային աշխատուժի  պահանջարկը մեծ էր, աշխատող չկար։ Շատերը աշխատանք էին փնտրում, բայց այդ աշխատանքը չէին ուզում անել։ Սեզոնի ժամանակ վարձավճարը բավականին  բարձրանում է։ Օրինակ, ծիրանը  ունի հավաքելու համար մեկ ամիս ժամանակ։ Այդ ընթացքում պետք է լուրջ թվով  մարդիկ ներգրավված լինեն այդ աշխատանքի մեջ»,- ասում է Սամվել Գևորգյանը։ 

Ու քանի որ աշխարհում սննդի պահանջարկն է ավելանում, սա  հնարավորություն է Հայաստանի համար զարգացնել սննդի վերամշակման ու պահածոյացման ուղղությունները։ Նաև կարևորում է մարզային լոգիստիկ կենտրոնների  ձևավորումը։ Այստեղ թարմ կամ վերամշակված պտուղ բանջարեղենը կբրենդավորվի ու կառաքվի տարբեր երկրներ։ Սեփական  փորձից  գիտի՝ արտերկրում առևտրի  ցանցերին ոչ թե  գինը կամ որակն է հետաքրքրում, այլ՝ քանակը։

Back to top button