ԿարևորՏնտեսական

Ծիրանի բերքից այգեգործները դժգոհ չեն

Արմավիրի մարզի այգիներում հասունանում է կեռասն ու ծիրանը: Լավ բերք ունենալու համար գյուղացիները ծառերը բուժում են, պարարտացնում, ոռոգում: Ցրտահարությունը որոշակի վնաս հասցրել է, բայց բերք կա: Արտահանողներն էլ արդեն գյուղում են, ուսումնասիրում են այգիները, որպեսզի պայմանավորվեն ու լավ բերք ունենալու դեպքում արտահանեն։

Ո՛չ արտակարգ դրությունը, ո՛չ էլ կորոնավիրուսը չխանգարեց գյուղացուն դուրս գալ այգի ու զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, միակ խանգարողը եղանակն էր:

Մի քիչ ցուրտ, մի քանի օր տևական անձրև, ինչն անխուսափելի է գարնանը: Լավ բերք ունենալու համար գյուղացիները յուրովի կռիվ են տալիս եղանակի դեմ:

Գետաշենցի Մանվել Համբարձումյանն ամեն օր այգում է, հետևում է բույսի աճին՝ հանկարծ չհիվանդանա ու չպտղազրկվի.

«Ծիրանն ու մյուս ծառապտուղներին արդեն 3 բուժում տվել ենք, անձրևն եկավ՝ չորրորդ բուժումը կտանք: Ինչքան անձրևը գալիս-դադարում է՝ բուժումը տալիս ենք: Բերքն այս տարի շատ ռիսկային է, արդեն ծակոտկեն բծավորությունն աշխատում է, տերևներն է ծակ-ծակ անում, դեղնացնում, պտուղները փչացնում»,- ասում է Մանվելը:

Եղանակը մի քիչ հետ է գցել բերքի հասունացումը, ծիրանի բերքից այգեգործը չի դժոհում, բայց գյուղում ցրտահարությունը որոշակի վնաս հասցրել է, վնասվել են հատկապես սահմանային գոտում գտնվող այգիները, որտեղ մուտքն ու ելքը թույլատրելի է միայն ցերեկային ժամերին.

«Իմ այգում բերքը լավ է, բայց գյուղում ալիք-ալիք ցրտահարություն կա, սահմանային գոտում բերքը շատ պակաս է, եթե ուզեր ծխահարեր՝ չէր կարող, չունի բերք: Գյուղի մեջ էլ 100-200մ-ի վրա տարբերություն կա»:

Այգիների տեղ-տեղ ցրտահարությունը գյուղացիները պայմանավորում են քամիների հետ, ասում են ծառի վերևի մասում ավելի շատ բերք ունեն, քան ստորին, իրենց խոսքով՝ ծառի փեշերին: Գետաշեն համայնքի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն էլ չժխտեց, ասում է՝ որ գյուղի մի մասի պտղատու այգիներն են վնասվել,  սահմանային գոտու մերձակայքում լավ բերք կա:

«Մեր գյուղում հիմա մի կողմի վրա լավ է բռնել, մի կողմի վրա ոչ մի ծիրան չկա: Զաստավի կողմը լավ կա, ներսում՝ չունենք ծիրան»:

Գյուղացիներին այս տարի ավելի կարևոր խնդիր է հուզում, բերքի իրացումը, նոր կորոնավիրուսը խառնել է պլանները, անցած տարի Մանվել Համբաևձումյանը բեռնատարի խցիկում վարորդի կողքին նստել ու բերքը տեղ  է հասցրել, վաճառել: Հիմա մտահոգված է՝ անցակետերում մեքենաները շատ երկար են կանգնում:

Մտահոգությունը փարատում է համայնքի ղեկավարը, այսօր արտահանողներն արդեն գյուղում են, եկել են ուսումնասիրեն ինչ բերք կա, ինչ քանակությամբ: Անցած տարվա արտահանողներն են, գնի մասին դեռ վաղ է խոսելը, բայց անցած տարի արտահանել էին 1 կգ-ը 250-300 դրամով.

«Ծիրանի բերքի իրացնողներ էս պահին ինձ մոտ են, եկել են, պիտի գնանք նայենք, ինչքան կա, ոնց կա, էս պահին չենք կարող ասել, բայց արտահանելու են, ֆուռերով են տանելու, էդ ժամանակ էլ գինը կպայմանավորվեն ժողովրդի հետ»։

Ծիրանի բերքահավաքին դեռ մեկ ամիս կա և այգետերերը հույս ունեն, որ այս տարի էլ կկարողանան բերքն իրացնել ժամանակին, առանց տուժելու։

Back to top button