ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ վեթինգ տեղի չի ունենում

Արտակարգ դրության երկարաձգումը հետաձգում է նաև ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։ Հանրաքվեն, հնարավոր է, չկայանա, բայց անհրաժեշտ է գտնել այլ լուծում և չեղարկել հանրաքվեի որոշումը։ Հակառակ դեպքում՝  եթե հունիսի 13–ից հետո արտակարգ դրությունը չերկարաձգվի, նախագահն օրենսդրորեն ստիպված կլինի հանրաքվեի նոր օր նշանակել, քանի որ որոշումը  չեղարկված չէ։ Վերջին զարգացումները հուշում են, որ ՍԴ ճգնաժամը լուծելու այլընտրանքային ճանապարհներ են որոնվում։  

Կոռումպացված և վարկաբեկված դատաիրավական համակարգից վիրահատական բուժում, ըստ ամենայնի, կստանա միայն Սահմանադրական դատարանը։ Խնդրի լուծման տարբերակներում կողմնորոշվելու ակնկալիքով արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողով ՝ ՍԴ կազմն առանց հանրաքվեի ԱԺ–ի կողմից ցրելու տարբերակի առնչությամբ խորհրդակցություն ստանալու համար։

Սա ճանապարհներից մեկն է։  Խորհրդարանական մեծամասնությունը հանրաքվեից բացի  դիտարկում է հարցի լուծման այլ տարբերակներ․ դեռ սեպտեմբերին «իմքայլական» Հովիկ Աղազարյանը պետաիրավական հանձնաժողովին ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում էր ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի փոխարեն ստեղծել նոր  կառույց։ Երկու օր առաջ վարչապետը կրկին խոսել է սրա մասին։

«Մենք պետք է լուծումներ գտնենք, մենք չենք կարող այս իրավիճակը, որը միջազգայնորեն արձանագրված է որպես պրոբլեմ, ուղղակի թողնել բարձիթողի։ Մյուս կողմից ՝չենք կարող հանրաքվե անել կորոնավիրուսի պայմաններում՝ արհամարհելով մեր քաղաքացիների առողջապահական խնդիրները։ Քննարկման թեմաներից մեկը ընդհանրապես ՍԴ ինստիտուտը վերացնելու  և դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետև այսօրվա համակարգն, ըստ էության,  ՍԴ–ն և դատական համակարգը կտրել է իրարից,  և այդտեղ պրոբլեմներ են առաջանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ոչ միայն Սահմանադրական դատարանի, այլև ընդհանրապես  դատաիրավական համակարգի առողջացման և վեթինգի կիրառման հարցում արդարադատության նախարարությունն այս փուլում որոշել է ականջալուր լինել եվրոպացիների  խորհդուրդներին։ Եթե նախկինում  հաճախ  էր խոսվում վեթինգի և Ալբանիայի փորձի մասին, ապա այսօր նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացնում է այդ փորձի հակառակ կողմը․ համատարած վեթինգի համար Ալբանիան ի սկզբանե  նախատեսել էր 5 տարի, հետո առաջացել է ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն։

Համատարած վեթինգի արդյունքում 2019–ին Ալբանիայի Գերագույն դատարանում 19 դատավորից մնացել էր մեկը,  իսկ ՍԴ–ում՝ 3–4–ը, ինչը բավարար չէր հարցերը քննության առնելու համար։ Սա կարող է վատ հետևանքների բերել՝ կարծում է արդարադատության նախարարը՝ ներկայացնելով ևս մեկ հակափաստարկ՝ համատարած վեթինգ առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ իրականացնել։  

 «Կարծում են «դատական օրենսգրք»–ի այն մեխանիզմները, որ դրված է թույլ է տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում և դա իրականացնել աստիճանական։ Իրականացնել դատական համակարգի միանգամից և ամբողջական զտում, դա էլ՝ միանգամից և ամբողջականը հարաբերական է։ Էլ չեմ ասում , որ դա առաջացնում է հակասահմանադրական որոշ կարգավորումների ռիսկեր։ Մեզ ոչինչ չի խանգարում, հաշվի առնելով այդ բոլոր կարծիքները , ընտրել այնպիսի մոդել, որը կհամապատասխանի եվրոպական ստանդարտներին»,- ասում է Բադասյանը։

Նախարարի վկայակոչած եվրոպական ստանդարտները հուշում են, որ օրինակ Վենետիկի հանձնաժողովը չի ողջունել Ալբանիայում իրականացված համատարած վեթինգը։ Հայաստանի արդարադատության նախարարի այս դիրքորոշումը ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին ստիպել է  բարձրացնել Բադասյանի հրաժարականի պահանջը՝ առայժմ միայն իր անունից։

«Ռուստամ Բադասյանը արձանագրեց, որ այլևս պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության ու բարեվարքության կանոնների մասին, քանի որ պարզվում է, որ դրանց կիրառմանը խանգարում է Սահմանադրությունը, Վենետինի հանձնաժողովը, խանգարում է ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Նույն այն դատավորները, որոնք մինչ օրս էլ գտնվում են նախկին իշխանությունների, օլիգարխների, ուղղակի և անուղղակի ազդեցության տակ, և դուք միամտորեն որոշել եք նրանց ինքնամաքրման շանս տալ»,- նշում է Բաբաջանյանը։

«Անպատասխանատու եզրահանգումներ»․ այսպես է գնահատել նախարար Բադասյանը պատգամավոր Բաբաջանյանի հայտարարությունները։ Արդարադատության նախարարը գրավոր պարզաբանում է տարածել՝ նշելով․ «Բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, որ վեթինգը հնարավոր է անել առանց Սահմանադրության փոփոխությունների, պետք է ներկայացնեն իրենց տարբերակը՝ հիմնավորումներով»։ Իսկ դա մինչ օրս չի արվել։

Վեթինգի պատճառով արդարադատության նախարարը նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության քննադատության թիրախում է։ Անընդհատ վկայակոչվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը կամ նոր «Դատական օրենսգրք»–ը բավարար չեն վատառողջ համակարգերը բուժելու համար։

Տարոն Սիմոնյան․ «Ոչ միայն չի փոխվելու, այլ նաև բացասական որոշ գործընթացների է բերելու։ Մեզանից ավելի շատ դատական համակարգի մաքրության մասին երազում են լավ դատավորները՝ իրենք։ Որովհետև այդ մարդիկ չեն կարողանում աշխատել այն միջավայրում, որը այսօր կա։ Նրանք առաջինն էին ուզում, որ զտման գործընթացը որքան հնարավոր է շուտ տեղի ունենա։ Կորցրել ենք այդ հնարավորությունը, այո, երկու տարի անցել է և հիմա արմատական փոփոխություններ բերելը միգուցե ժամանակավրեպ է»։

Ամեն դեպքում, քանի դեռ ՍԴ հարցով հանրաքվեի որոշումը չի չեղարկվել, այն դեռ ուժի մեջ է։ Հանրաքվեի համար հատկացված ֆինանսական միջոցները որևէ  այլ նպատակով չեն ծախսվել․ դրանք պետբյուջեում են՝ հավաստիացնում է վարչապետը։ Հանրաքվեն չեղարկելու դեպքում կծախսվեն այլ նպատակներով։

Back to top button