ԿարևորՀասարակություն

Դիմակ չկրող ուղևորներն իջեցվել են ավտոբուսներից

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման կատարումը։

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից, մայիսի 18-ին հանրապետության ողջ տարածքում վերսկսվել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։

«Հայտնաբերվել է մի քանի հասարակական տրանսպորտային միջոց, որոնց մեջ կային առանց դիմակի անձինք։ Ուղևորներն իջեցվել են, իսկ ավտոբուսները տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք»,- հայտնում են Ոստիկանությունից։

Արտակարգ ռեժիմով ծառայության են անցել նաև Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները։

«Նրանք հետևում են, որ մետրոյից օգտվեն բացառապես պաշտպանիչ դիմակ կրող անձինք։ Հետևում են նաև, որ կայարաններում և վագոններում մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն»,-տեղեկացնում են ոստիկանությունից։

Պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստելատեղերի ավելացումը։

Կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցները։ Կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ, որպեսզի ուղևորներն ախտահանեն ձեռքերը։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Շահագործվող բոլոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում, ուղևորներին տեսանելի հատվածներում, պարտադիր պետք է փակցվեն այդ մասին տեղեկատվական թերթիկներ։ Անվտանգության կանոնների խախտումները կառաջացնեն օրենքով սահմանված պատասխանատվություն։

Back to top button