Ծովահայեր

Անիտա Կարագոշյան. առաջին կին օվկիանոսագետը. «Ծովահայեր»

Մայիսը հաղթանակների ամիս է, լավ գիտենք: Իսկ գիտե՞նք անրդյոք, թե հե՛նց մայիս ամսին հայերս ինչպիսի հաղթանակներ ենք գրանցել ծովերում ու օվկիանոսներում։ Հայ ծովակալներ ու փոխծովակալներ, 1000-ից ավելի խիզախ նավաստիներ, հայանուն նավեր։ 1919թ.-ի մայիսին է ձևավորվել հայկական նավատորմիղը Սևանա լճում: 1899թ.-ի մայիսի 17-ին է ծնվել աշխարհում առաջին կին օվկիանոսագետը, ազգությամբ հայ Անիտա Կարագոշյանը, ամուսնական ազգանունով՝ Անիտա Կոնտին։

Խորհրդային միությունում հայանուն նավերի պակաս էլ չունեինք:  Սևծովյան նավատորմիղի մեջ էր մտնում «Լենինական» հեղուկանավը, որը կառուցվել է Ճապոնիայում և ջրարկվել 1964 թ.-ի մարտի 14-ին Ճապոնական Այոյ քաղաքում։ Ծովագնացների ավանդույթով՝ նավը ջուր իջեցնելուց հետո այն ցամաքի հետ կապող վերջին ճոպանը կտրում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչը, որն էլ  դառնում է այդ նավի կնքամայրը։  «Լենինականի» կնքամայրը լինելու պատիվը Ճապոնիայում  խորհրդային դեսպանության աշխատակիցներից մեկի կնոջը՝ Վալենտինա Կոնստանտինովնա Ռավտինայինն էր։

 Խորհրդային օվկիանոսային նավերից է «Ալեքսանդր Վերմիշևը», այն անվանակոչվել էր հայազգի հեղափոխական գործչի անունով:

Հայ գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս Հմայակ Բաբայանի անունով է կոչվել Կասպից ծովում «Գեներալ Բաբայան» տանկերը։

Հայկական անուններով Խորհրդային նավերից են «Հովհաննես Թումանյան», «Ավետիք Իսահակյան» շոգենավերը, «Արարատ», «Հակոբ Հակոբյան», «Սևան» հեղուկանավերը, «Նելսոն Ստեփանյան» օվկիանոսային ձկնորսանավը, «Ադմիրալ Իսակով» հածանավը։

Ծովային պատմության ամենաողբերգական ճակատագիրը  բաժին է ընկել «Արմենիա» ջերմանավին:  Պաշտոնական տեղեկություններով՝ 1941թ.-ի նոյեմբերի 7 –ին «Արմենիա»-ն ռմբակոծվում է գերմանական կործանիչների կողմից՝ խլելով 6 000-10 000  փախստականի ու վիրավորի կյանք:   

«Արմենիա»-ն փնտում էին 79 տարի և միայն վերջերս, Ռուսական աշխարհագրական ասոցիացիայի  ստորջրյա հետազոտողները Ղրիմի ափերից 15 մղոն (28 կմ) հեռավորությամբ, 1500 մետր խորության վրա հայտնաբերեցին խորտակված նավը: 

Նախնական զննությամբ, նավի վրա չեն երևում ռմբակոծության հետքեր. միգուցե գերբեռնվածությո՞ւնն է եղել խորտակման պատճառը, չէ՞ որ 1928 թ.-ին, երբ Լենինգրադում կառուցում էին «Արմենիա»-ն, այն նախատեսված էր 950 ուղևորի  համար, իսկ տարբեր աղբյուրներում նշվում է, թե խորտակվելիս 6 000-10 000 ուղևոր է փոխադրել: Ծովային պատմության ողբերգական նավաբեկության մեզ անհայտ էջերը կլուսավորեն նավի հետագա հետազոտությունները: 

Վերադառնանք Հայրենիքից հեռու հերոսացած  մեր ծովակալներին

Մինչ մեր հայ  ծովակալները հերոսական էջեր էին կերտում հայրենիքից հեռու,   հայուհի Անիտա Կարագոշյանը միայնակ  շրջում էր պատմության անիվը՝  դառնալով աշխարհում առաջին կին օվկիանոսագետը։ Ազգությամբ հայ էր, քաղաքացիությամբ՝ ֆրանսիացի:

 Նրան տարբեր անուններով էին կոչում՝ օվկիանոսի տիրուհի,  շրջազգեստով Մագելան, օվկիանոսի առեղծվածային տիկին:

Հայաստանում քչերը գիտեն մեր աշխարհահռչակ հայրենակցին, աշխարհում՝ շատերը,  Ֆրանսիայում Անիտայի պատվին գրադարան, դպրոցներ են բացվել, որտեղ երեխաներին ծանոթացնում են օվկիանոսագիտության, ձկնորսության և բուսական աշխարհի հետ: Անիտայի անունով Ֆրանսիայում նաև փողոց և բուլվար են անվանակոչել:

Անիտա Կարագոշյան ըծնվել է 1899 թ. մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրն էր։ Ընտանիքը շատ էր ճանապարհորդում։ Անիտան ծնողների հետ ճանապարհորդում է ամբողջ  Եվրոպայով, և վաղ մանկությունից նրա մեջ ձևավորվում է սերը  ծովի  և գրքերի հանդեպ։

Անիտան գրէլ է. «Ծնողներս ինձ կյանքի մի հստակ կանոն են սովորեցրել՝ երբեք չփնթփնթալ և չբողոքել քաղցից, շոգից կամ ցրտից:

Կարագոշյանների արմատները Կոստանդնապոլսում էին, նրանք հաճախ էին այցելում բարեկամներին: Հորեղբայրը՝ Սարգիս Կարագոշյանը Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյա էր, Բոսֆորի ափին շքեղ ամառանոց ուներ:  Անիտան հիշում է՝ 12 տարեկան էր երբ ծնողների հետ այցելեց հորեղբոր՝ պալատի նմանվող ամառանոց: Այդ ժամանակ Բոսֆորն առանձնակի գույներով է դրոշմվում  աղջկա մտապատկերում: 

 Հետաքրքիր է՝ այսօր ովքե՞ր են բնակվում Անիտայի հորեղբոր՝ Ստեփան Կարագոշյանի շքեղ առանձնատանը Բոսֆորի ափին, արդյո՞ք Կարագոշյաններ են ապրում թե՞…

Անիտայի հիշողություններում էլ չենք հանդիպում այդ տեսարաններին ու պատմություններին:

1914  թվականին՝ պատերազմի սկզբին, Կարագոշյանների ընտանիքն ապաստան է գտնում  Օլերոն  կղզում, որտեղ երիտասարդ աղջիկն իրեն նվիրում է նավերին, ընթերցանությանը, լուսանկարչությանը։ 1917 թ. կատարում է իր առաջին  լուսանկարները Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին։

 Պատերազմից հետո Անիտա Կարագոշյանը բնակություն է հաստատում Փարիզում։ Մասնագիտանում է որպես գեղարվեստական կազմարար և մեծ հաջողություններ գրանցում։ 

Բայց Անիտային ձգում էր օվկիանոսն իր ողջ գեղեցկությամբ ու ինչո՞ւ չէ նաև խնդիրներով: Անիտային ձգում էր այն հորիզոնը, ուր երկինքը ձուլվում է օվկիանոսի անհունին, երբ վերջալույսի շողերից սահմանգիծը կորցրած՝ երկփեղկված շառագունում էին օվկիանոսի անհուն ու անհամար գաղտնիքները քողարկող թեթև ալիքներն ու տիեզերքի անծիր հեռուներին անհաղորդ ամպերը:

 Անիտան ձգտում էր իմանալ օվկիանոսի գաղտնիքները, նա վստահ էր՝ պատրաստ է:

Այդ տարիներին Ֆրանսիայի օրենսդրությամբ կանանց, առավել ևս ամուրի, արգելված էր մասնակցել ծովային գիտարշավների: Բայց՝ Անիտայի նպատակասլացությունն ու համարձակությունը կոտրում են բոլոր արգելքները:

Երիտասարդ աղջնակը որպես կրտսեր նավաստի աշխատանքի է անցնում ծանոթ նավապետի ձկնորսական նվի վրա: Հիշում էր.« Օձիքիս մինչև վերջին կոճակը կոճկած սպիտակ վերնաշապիկով, պատշաճ հագուստուվ կանացի տեսք բոլորովին չունեի, ես մի երիտասարդ տղայի էի նման»:

 Նավի անձնակազմն ու ձկնորսներն առանձնակի հարգանքով էին վերաբերվում Անիտային, նա էլ ջանք չէր խնայում իր գիտելիքները ծառայեցնել նրանց օգնելու գործին:

28 տարեկանում Անիտան ամուսնանում է դիվանագետ, Վիեննայի դեսպանատան աշխատակից,  ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ և դառնում՝ Անիտա Կոնտի։

Մարսել Կոնտին առանձնակի հարգանքով ու ընբռնումով է մոտենում կնոջ գործին ու առաքելությանը, և Անիտան  չի լքում իր կյանքի մեծագույն սերը՝ օվկիանոսագիտությունը:

 1935թ.- ին Ֆրանսիայում այն ժամանակ տեխնիկայի վերջին շնչով զինված հռչակավոր «Պրեզիդենթ Թեոդոր Թիսիեր» նավը պատրաստվում է երկարաժամկետ գիտահետազոտական նավարկության: Իսկ էլ ի՞նչ նավարկություն առանց լուսաբանման: Նավահանգիստ ժամանած եվրոպական խոշոր երկրների լրագրողները զարմանքով արձանագրում են՝ նավի անձնակազմում կին է ընդգրկված:

 Նավը մեկնում է Ատլանտյան օվկիանոսով երկարատև նավարկության: Ֆրանսիայի նավատորմային նախարարությունը՝ տեղեկանալով, որ նավում կին կա, հրամայում է անմիջապես նրան ափ վերադարձնել: Սակայն Փարիզի գիտական շրջանակներին սա դուր չի գալիս, բողոքում են այդ որոշման դեմ, և Ֆրանսիայի Սենատը հարկադրված մի հատուկ դեկրետ է ընդունում, ինչի շնորհիվ Անիտան կարողանում է ազատ նավարկել:

 Երկարատև նավարկության ընթացքում Անիտան հետազոտում է օվկիանոսի խորքերը, ջրերի ջերմությունն ու աղի պարունակությունը, կազմում է գեղեցիկ բնապատկերներով ձկնորսական քարտեզներ:

1936-38 թթ. Անիտան մասնակցում է մի շարք կարևոր նավարկությունների, գիտական փնտրտուքներով անցնում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից մինչև Խաղաղ և Հնդկական օվկիանոսներ:

1939 թ.-ին Անիտա Կոնտին  «Վիկինգ»  ձկնորսանավով  ուղևորվում է Արկտիկա՝  ձողաձուկ որսալու:  Ուղևորությունը տևում է  3 ամիս: Այս ուղևորության ընթացքում Անիտան բացահայտում  է, որ օվկիանոսում  ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների  հանգեցնել։        

Նուրբ հոգով օվկիանոսների տիրուհին նաև բանաստեղծություններ էր գրում: Ինչպե՞ս կարելի է չոգեշնչվել, երբ բնության ամենահզոր տարերքն իր գրկում քեզ մեղմիկ օրորում է, երբ թափանցիկ ու լազուր ջուրը ամեն անգամ իր անթափանց խորքի գանձերից մեկի գաղտնիքները քեզ է նվիրում, երբ զգում էս օվկիանոսի փոխադարձ սերն ու ներդաշնակությունը:

 Անիտան անձամբ էր ձևավորում ու փորանկարներով զարդարում իր գրքերի կազմերը:  «Գրքի կազմը շատ կարևոր է, քանի որ ստեղծագործության ներքին բովանդակության արտաքին դրսևորումն է: Դա իմ  հոգու պահանջն է,  ինչը ժառանգել եմ Ոսկան պապիցս, նա արվեստի ստեղծագործությունների հմուտ կազմարար էր», -գրել է նա:

Սկսվում է երկրորդ աշխարհամարտը: Չնայած Անիտան ռազմածովային նավատորմում չեր, բայց ստանում է հույժ գաղտնի առաջադրանք: Գերմանացիները հյուսիսային ծովում մագնիսական ականներ էին տեղադրել, Անիտան պետք է գտներ այդ ականներն ու վնասազերծեր:  Տաղանդավոր հայուհին պատվով է կատարում  առաջադրանքը, հայտնաբերում և ոչնչացնում է այդ ականները, և դեռ  մի բան էլ ավելին, նոր մոտեցումներ է առաջարկում, թե ինչպես հետագայում անվնաս շրջանցել ծովային ականները:      

Ֆրանսիական  ծովակալության հանձնարարությամբ 1941-1943 թվականներին ձկնորսանավով ուսումնասիրություններ  է անում  Աֆրիկայում՝ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, բացահայտում ձկների  նոր տեսակներ։

1943 թվականին բնակչության և բանակի պարենային վիճակը բարելավել էր պետք. ինչպե՞ս զարգացնել ձկնորսությունը, որ ձկնային պաշարներն էլ չտուժեին: Կառավարությունն այդ գործը վստահում է օվկիանոսների տիրուհուն:

Անիտայի ուշադրությունը հանկարծ գրավում են շնաձկները: Այդ տարիներին, երբ մոլեգնում էր պատերազմը, հերոսներից շատերը լուսանկարներ են պահպանել զենքը ձեռքերին: Անիտայի արխիվի լուսանկարներում նրա նուրբ ձեռքերում սարսափելի շնաձուկն է՝ հսկայական չափերի: Ասում են՝ շնաձկան ծխեցրած միսը շատ համեղ է, իսկ լյարդում՝զգալի քանակությամբ վիտամին A է պարունակվում: Անիտան  փորձում  է ստեղծել շնաձկների փորձարարական արդյունահանություն։

Բնիկներն Անիտային շատ են սիրում՝ անվանելով Սպիտակ փոկ: Օվկիանոսի հայ տիրուհին միշտ սպիտակ զգեստ էր կրում, ու մինչև արմունկները սպիտակ ձեռնոցներ:

Երիտասարդության 10 տարին Անիտան նվիրում է  Մավրիկիայի,  Սենեգալի, Գվինեայի հետազոտությանը։

 1947թ.-ին Շերբուր է ժամանում օվկիանոսագիտության մեկ այլ հսկա, ակվալանգի գյուտի հեղինակ Ժակ Իվ Կուստոն:

Նրանք բարեկամանում են։

«Նա առաջին կինն էր, ում ես տեսնում էի նավի տախտակամածին, ես ապշում էի՝ տեսնելով թե ինչպիսի պատասխանատվություն է Անիտան վերցնում իր վրա՝ համարձակորեն խառնվելով անկիրթների համբավ ձեռք բերած նավաստիներին: Անիտան նաև մի զարմանալի հոբբի ուներ, նա մեծ կիրք էր տածում օձերի նկատմամբ: Մի անգամ, երբ Աֆրիկայում այցելեցի նրան, նա ինձ հանդիպեց մեծ օձը պարանոցին: Զարմանահրաշ կին էր, կարծում եմ  նրա կոչումն էր ջախջախել մարդու ստեղծագործական խիզախումների ու ձգտումների ճանապարհին ծառացած խնդիրները: Անիտան կատարելություն էր», — պատմել է Կուստոն:

 Նավաստիները նրան պարզապես աստվածացնում էին, նրանք զարմանում էին, թե ինչպես էր Անիտան հասցնում նավի վրա և արտադրություն կազմակերպել և այդքան լուսանկարներ անել և միաժամանակ գիրք գրել: 

 180 օր տևած հերթական ծովարշավի ընթացքում Անիտան հեղինակում է «Օվկիանոսը կերտողները» ծավալուն աշխատությունը, որն  արժանանում է «Վիկինգ»  մրցանակի: Անիտայի այդ վիթխարի աշխատությունը գիտական աշխարհն անվանում է օվկիանոսագիտության աստվածաշունչ:

1952 թվականինԱնիտան վերադառնում է  Փարիզ։

1958 թ.-ին Անիտային կրկին կանչում է ծովը, այս անգամ Ֆրանսիացի հայտնի գիտնական, բնագետ Թեոդոր Մոնոյի հետ ուսումնասիրում է Միջերկրական ծովը:

Առաջին անգամ Անիտան ուսումնասիրությունն իրականացնում է ծովի խորքերում, բատիսկաֆի օգնությամբ: Դա ոչ միայն Անիտայի, նաև բատիսկաֆի առաջին փորձարարական սուզումն էր: Նա սուզվում է 600 մետր և այնտեղից հեռախոսակապով Թեոդորի հետ կապ հաստատելով՝ նկարագրում է այն կենդանիներին, որոնք ապրում էին այդ խորություններում: Այդ ժամանակ աշխարհին հայտնի են դառնում բազմաթիվ նոր ձկնատեսակներ, որոնցից շատերին անվանակոչում է Անիտան:

 1960 թվականին Անիտան առաջարկում է ծովային միջավայրի համալրման մեթոդներ։

Անիտան մի շարք պետությունների ծովային օրենսդրությունների հեղինակ է, աշխարհի տարբեր օվկիանոսագիտական ակադեմիաների պատվավոր անդամ:

1962 թ.-ին Ֆրանսիայում ջրարկվում է Անիտա Կոնտի անունով նավը:

1971 թվականին Անիտա Կոնտին հրապարակում  է հետազոտություններ օվկիանոսի, կենդանիների և մարդու փոխազդեցության մասին։ Նա առաջարկում է մեթոդներ, որոնք կապահովեն օվկիանոսի և մարդու ներդաշնակությունը։

 1979 թ.-ին Օվկիանոսների թագուհին  80-ամյակն է նշում, թվում է՝ թե անցնելու է վաստակած հանգստի ու խաղաղ վայելի ծերությունը,  բայց  Անիտան մի մեծ, աներևակայելի նավարկություն է նախաձեռնում: Նա ճամփորդում է Պորտուգալիայից Նորվեգիա, հետո՝ Ճապոնիա: Այդ ընթացում մարդկությանն է նվիրում ևս մեկ աշխատություն՝ «Օվկիանոսը, մարդը և կենդանիները» վերնագրով:

Անիտային շնորհվում է Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետի կոչում:

Օվկիանոսի առեղծվածային տիկինը մահանում է 99 տարեկանում՝ 1997 թվականի  դեկտեմբերի 25-ին, Ֆրանսիայի Դուարնե քաղաքում։ 

Աշխարհահռչակ հայուհին  մարդկությանը թողեց հսկայական գիտական ու գրական ժառանգություն և հարուստ արխիվ, ինչը պահպանում է որդին՝ Լորան Կոնտին:  Նրան հողին չհանձնեցին, իր կտակի համաձայն՝ Անիտային դիակիզեցին և փոշին շաղ տվեցին Միջերկրական ծովում:  Նա ձուլվեց իր կյանքի ամենամեծ սիրուն:

Անիտան ասում էր. «Ես միշտ ապրում եմ ապագայով, այլ ոչ անցյալով: Ես չեմ էլ պատկերացրել, թե ինչ անել հիշողությունների հետ, ապագան կերտելու համար առաջ էի մղում հորիզոններ»:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close