ԿարևորՀասարակություն

Մառնեուլիի հայերն ամբողջ Վրաստանին բրոկկոլիով են ապահովում

Վրաստանի Մառնեուլիի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղը համավարակի այս օրերին բրոկկոլիով է ապահովում գրեթե ողջ Վրաստանին։ Չնայած Մառնեուլիում խիստ կարանտինային ռեժիմ է գործում՝ համայնքների ելքերն ու մուտքերը փակ են, սակայն Կարմիր գյուղի բնակիչների բրոկկոլին և դեռևս քիչ ծանոթ բանջարաբույսերը հասնում են մայրաքաղաք Թբիլիսի ու երկրի մյուս վայրեր։

Վերջին տարիներին բրոկկոլին դարձել է Վրաստանի Մառնեուլիի հայաբնակ Կարմիր գյուղի բրենդը։ Այստեղ գրեթե յուրաքանչյուր երկրորդ ընտանիք զբաղվում է բրոկկոլիի, սավոյան ու բրյուսելյան կաղամբների արտադրությամբ։ Կաղամբի ավելի քան տասը տեսակներ են այստեղ աճեցնում, դրանցից շատերը եզակի են վրացական շուկայում։

Գյուղի ոչ ավանդական բանջարեղենի արտադրությունն այնքան պահանջված է երկրում, որ բնակիչների բերքը խիստ կարանտինային ռեժիմում անգամ արագ վաճառվում է։ Լիլի Փանոսյանն ասում է․ 

«Ջերմոցների բերքը, երբ արդեն պետք է իրացվեր, այդ ընթացքում շրջանում մտցվեց խիստ կարանտինային ռեժիմ։ Առաջին շաբաթը շատ խիստ էր, մենք չգիտեինք ինչ անել, ինչքան կարելի է պահել բերքը, դիմում գրեցինք տեղական մարմիններին։ Հիմա արդեն Թբիլիսիից գալիս են տանում»։  

Զրուցակիցս ասում է, որ օրինակ՝ իր ընտանիքը բրոկկոլիի մեկ հա տարածքից տարեկան 10 հազար լարիի (ավելի քան 3000 դոլարի) եկամուտ է ստանում։

Այս օրերին, երբ խիստ կարանտինային ռեժիմում գտնվող շրջանի մյուս գյուղերի բնակիչները բողոքի ցույցեր են անում, իրենց գյուղատնտեսական ապրանքները իրացնել չկարողանալու համար, Կարմիր գյուղի բրոկկոլին գալիս հենց գյուղից տանում են։

Բացի այն, որ գյուղը բնակլիմայական բարենպաստ պայմաններ ունի, գտնվում է նաև շրջանի բանուկ հատվածում, որտեղով անցնող գնացքը միայն այս գյուղի տարածքում կանգառ ունի։

Մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը, Կարմիրը կրել է Մանթաշովկա անունը` ի պատիվ հայազգի մեծ նավթարդյունահանող եւ բարերար Ալեքսանդր Մանթաշովի: Գյուղի հողատարածքները պատկանել են Մանթաշովին, եւ 20-րդ դարի սկզբում դրանք տրվել են Արեւմտյան Հայաստանից եւ Թավրիզից այստեղ տեղափոխված հայերին: Գյուղի բնակիչ Արայիկ Հակոբյանը ասում է՝ գյուղի ստեղծման մասին մի պատմություն կա, որ բոլորը գիտեն. «Մանթաշովը, ում նստավայրը մոտակա Շահումյան գյուղում էր, իր հողատարածքներով անցնելիս այստեղ տեսել է գետնափոր մի տունէ «дом манташева, живут Сааковы» գրությամբ։ Տեսնելով դա, Մանթաշովը կոչ է անում այստեղ տներ կառուցել ու ապրել»։

Վրաստանի հայաբնակ Կարմիր գյուղի և ընդհանրապես Մառնեուլլիի խիստ կարանտինային ռեժիմը կհանվի և ելումուտն ամբողջությամբ կվերականգնվի մայիսի 18-ից։

Back to top button