ԿարևորՀասարակություն

Լաչինի հաղթանակն անցնում էր Թուրուսի խութով

1992-ի մայիսի 18-ին  հայկական զինված խմբավորումները ազատագրեցին Բերձոր քաղաքը՝  Լաչինը, ճանապարհ բացելով, ապահովելով Մայր Հայաստանի հետ Արցախի ցամաքային կապը։ Վճռորոշ նշանակությամբ այս հաղթանակը գուցե չամրագրվեր արցախյան հերոսամարտերի տարեգրության մեջ, եթե մայիսի 18-ին չնախորդեր  92-ի մայիսի 16-ը, ու  դեպի Բերձոր տարող ճանապարհին չգրանցվեր ռազմավարական տեսանկյունից չափազանց կարևոր մի հաղթանակ։ Թուրուսի խութի  մասին քչերը գիտեն, բայց հենց սա էր այն ռազմավարական բարձունքը, որի գրավումն էլ ճանապարհ հարթեց դեպի Բերձոր։ 28-ամյա վաղեմությամբ իրադարձությունների հերոսը Մելիքսեթ Պողոսյանն է՝ Սյունիքի Մելոն, որի հետ էլ, ցավոք, միայն հեռախոսով ենք զրուցել։  

«Ցավդ տանեմ, էտի պիտի հանգիստ պայմաններում նստենք, առիրիս խոսենք։ Ես կարող է կապից տյուս կամ»։  Համաձայն ենք, որ  փոքր-ինչ անսովոր է, երբ  Սյունիքից Արցախ տանող ճանապարհին, մեքենայի ղեկին, զանգահարում են  ռադիոյից ու խնդրում պատմել  28-ամյա վաղեմության իրադարձությունների մասին, որը կենսագրությանդ թերևս ամենաթանկ էջերից է։ Բայց լրագրողական համառությունը հաղթում  է, որովհետև  այլ տարբերակ չունեմ։ Շարունակում ենք ապրել ու աշխատել  արտակարգ դրության պայմաններում։ Հրամանատար Մելիքսեթ Պողոսյանը՝  նույն ինքը՝ Սյունիքի Մելոն,  պատմում է ուղիղ 28 տարի առաջ այս օրը տեղի ունեցածի  մասին։

Դեպքի վայրը՝ շատերիս գուցե ոչինչ չասող Թուրուսի խութ. «Թուրուսի խութ» ռազմավարական բարձունքը՝ ռուսներն էին  սարքել, բետոնակառույց, ինժեներական մի կառույց։ Հետո ռուսական բանակը Հայաստանից ու Ադրբեջանից դուրս է եկել ու դա հանձնել է թուրքերին՝ զենքով, զինամթերքով։

Տեղ և Բերձոր համայնքների միջակայքում  գտնվող  բետոնակուռ բարձունքից  գրեթե ամեն օր հրետակոծվում էին շրջակա գյուղերը: Տարածաշրջանի համար բարձունքն իսկական չարիք էր դարձել։  Տեղ գյուղի կամավորական ջոկատի հրամանատար Մելիքսեթ Պողոսյանը ստիպված էր գործել:

Մինչև լուսաբաց մղած մարտը կամավորական ջոկատն ավարտեց  հաղթանակով և չտվեց ոչ մի մարդկային կորուստ: Հինգ վիրավոր ունեին, իսկ  թշնամին՝ 14 զոհ , տասնյակ վիրավորներ, առգրավվեց ադրբեջանցիների ողջ զինանոցը: Անակնկալ հարձակումը շփոթեցրել էր նրանց, հակառակորդի ճամբարում կատարյալ խուճապ էր… Շատերը գերեվարվեցին, իսկ փախչողների  համար միջանցք բացվեց: Ռազմավարական բարձունքի  գրավմանը հաջորդեց Լաչինի հաղթանակը՝ արդեն առանց որևէ կրակոցի։ Լաչինի հիմնական մարտը  Թուրուսի խութում էին տվել։

«18-ին, եթե մեկը ասի ես փամփուշտ եմ կրակել, սուտ է ասում»։

Իրադարձությունների հերոս հրամանատարի մասին․Սյունիքի Տեղ գյուղից է, մինչև պատերազմը, ինչպես ինքն է ասում, սովորական գործերով էր զբաղված։ Տեղի կամավորական ջոկատը նրա հրամանատարությամբ է  կազմավորվել, այնուհետ՝ մասնակցել ազատագրական մարտերին, բազմաթիվ հաղթանակներ տարել։ «Պատերազմի դաշտում  35 վիրավոր եմ ունեցել, ու ոչ մի  զոհ»,- այն էլ ինչ հպարտությամբ ասում է հրամանատարը։

«Ոչ մի զոհ չեմ ունեցել։ Էդ Թուրուսի խութի գրավման ժամանակ էլ հինգ վիրավոր եմ տվել։  Շիրինյան Սամվելն է վիրավորվել, աչքը թողել է այնտեղ։ Քոչարյան Գրենան՝ գլխից գյուլեն մտելա մյուս կողմից դուրս եկել։ Երկու գյուլա է կպել, բայց հիմա էլ ողջ է»։

Սյունիքի մարզի Արավուս գյուղում է այսօր ապրում Գրենան` նույն Գրենա Քոչարյանը ։  Հին փամփուշտը մինչև հիմա էլ հանգիստ չի տալիս նրան։

«Սպասում էի կամանդիրի ուռա կանչելուն, որ արդեն գրավածա, էդ վախտ խփածա ելալ, բայց խփած էնքան եմ մնացել, մինչև ինքը ուռա է կանչել։ Դրանից հետո գիդում չեմ»։

Գրենա Քոչարյանի մասին փոքրիկ մի նյութ կարդացի։ Հեղիանակն ինձ անծանոթ Սասուն Բադասյանն էր։ Պատմում է․«Ծանր վիրավորվելուց հետո մի օր էլ հայտնվեց դիրքերում: Ներս մտավ, թե՝ եկա՛, տղե՛րք: Ո՞ւր եկար, այ տղա, ասացինք, թող տուն գնա: Ասաց՝ չէ, բժիշկն ասել է, որ կարող է մինչև խոր ծերություն ապրեմ, կարող է՝ «տումբլերը» ամեն վայրկյան անջատվի… Հետո ասաց՝ տղերք, որ իմանայի՝ կապրեմ, մի կուշտ լաց կլինեի հիվանդանոցում, ցավս կթեթևանար: Մտածում էի՝ կմեռնեմ, լացով տղերքին չկոտրեմ, չխեղճացնեմ….Բայց ցավը շատ ուժեղ էր, սպանում էր…

Ու ես հիշեցի, թե ինչպես էր հիվանդանոցում ուռած գլխով պառկել, անտրտունջ, առանց տնքոցի զրույց էր անում… Շատ հուզվեցինք, նույնիսկ լաց եղանք, մոտեցանք, գրկեցինք, ճակատը համբուրեցինք…

Հիմա Գրենան ողջ է: «Տումբլերը», փառք Աստծո, չի անջատվել: Կենդանի հերոս է»:

Վերադառնանք սյունեցի հերոս  Մելիքսեթ Պողոսյանին։ Ավելի քան երեսուն տարի հրամանատար է, սկզբում՝ կամավորական ջոկատի, այնուհետ՝ Հայոց բանակի տարբեր ստորաբաժանումներում,  Գորիսի զինվորական կոմիսարն էր, այժմ՝ Սյունիքի մարզի ԵԿՄ նախագահը։  Ապրիլյան պատերազմի օրերին էլ առաջնագծում էր։

«Պատերազմից հետո ուզում էի գնալ իմ աշխատանքին, Վազգեն Սարգսյանը թույլ չտվեց։ Ասաց՝ Մելո՛, պիտի գնաս զորքեր մտնես, հիմա էլ բանակշինության պատերազմ է»։

Ինչի՞ շնորհիվ հաղթեցինք քիչ ուժերով, հարցին պատասխանում է․

«Ասեմ, այն ժամանակ ոչ մեկը չէր մտածում տան համար, հագուստը ամեն օր փոխում էինք, գնում կռվի դաշտ՝ մենակ մտածելով, որ հաղթելու ենք»։

Սյունիքի Մելոյի ջոկատը կարգախոս ուներ՝ ընկերոջդ մի կորցրու, ընկերոջդ կորցրեցիր, մահանում ես։ Ինքը հավատում ու նաև վստահեցնում է՝  հենց  այս հավատամքն   է իրենց  հաջողություն ու հաղթանակ բերել։

Back to top button