Ստարտափ Հայաստան

Գյումրեցի շոկոլադագործ աղջկա բիզնեսն ու թագավարակը․ «Ստարտափ Հայաստան»

Երիտասարդությունը խիզախության ժամանակն է: Այսպես ասել է Ստենդալը դեռ շատ վաղուց։

2020 թվական։ Հայաստան։ Քաղաք Գյումրի։ Երիտասարդ աղջիկն իր խիզախությամբ և նպատակասլացությամբ մինչ կարանտինը կարողացել էր հաղթանակի սերմեր գցել, որոնք որոշ ժամանակ անց պետք է ծիլեր տային, բայց ինչպես շատերի, այնպես էլ Շուշանի կյանքում և բիզնեսում փոփոխություններն անխուսափելի եղան։

Շուշանի պատրաստած շոկոլադե սալիկները հարազատներն ու բարեկամները հավանել են և խորհուրդ տվեցին շարունակել։
Շուշանն ասում է, որ շոկոլադի պատրաստման համար կարևորը կակաոյի փոշին և կակաոյի յուղն է։ Դրանք պետք է այնքան տրորել, որ միատարր դառնան, ձեռքով աշխատելու դեպքում այն 2-ից 3 ժամ է տևում։

Ոգևորվելով արձագանքներից նա փորձել է բաղադրատոմսի մեջ համարձակ փոփոխություններ անել։

Սկզբում ֆինանսի հետ կապված խնդիրներ է ունեցել, հետո շատ պատահական բախտը ժպտացել է աղջկան։

Նա տանն է աշխատում, իր ձեռքով պատրաստած սալիկները մեկը մյուսին նման չեն լինում։ Նրա հաջողության գաղտնիքներից մեկն այն է, որ յուրաքանչյուր հաճախորդի համար իրեն հատուկ համ և փաթեթավորում է մտածում։

Վաստակած գումարից նոր կյանք մտնող բիզնեսի համար պարտադիր գումար է առանձնացնում։ Վստահ է, որ երբ այս ամենն ավարտվի և բոլորս սկսենք ապրել մեր բնականոն կյանքով և ինքն էլ այս տեմպերով շարունակի, Գյումրուց հեռանալու մասին թեման մեկնդմիշտ կփակվի։

Շուշանի խոսքով Գյումրուց հեռացող երիտասարդները լավ օրից չեն գալիս մայրաքաղաք, կամ վատագույն դեպքում երկրից դուրս գալիս։

Շատ երիտասարդներ կան, ովքեր գաղափարներ ունեն, բայց աշխատանքի հետ մեկտեղ չեն կարողանում կենտրոնանալ իրենց գաղափարների վրա, չաշխատել էլ չեն կարող;

Իսկ նրանք, ովքեր իրենց մեջ համարձակություն են գտել և որոշել, որ պետք է մնան իրենց քաղաքում և ամեն գնով այնպես անել, որ չհեռանան, բազմաթիվ դժվարությունների են հանդիպում։

Անկախ դժվարություններից, այսօր գյումրեցի աղջիկը մնացել է քաղաքում և իր փոքրիկ բինզեսը հիմնել, ու եթե չլիներ այս չարաբաստիկ կորոնավիրուսը Շուշանն արդեն կամաց-կամաց կզբաղվեր իր փոքրիկ սրճարանի բացման աշխատանքներով, բայց ամեն ինչ դեռ առջևում է։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close