ԿարևորՀասարակություն

Տրանսպորտն այլևս նախկինը չի լինի

11 համարի, այսինքն՝ սեփական ոտքերի ու տաքսի ծառայություններից  զատ, մայիսի 18-ից կարող ենք օգտվել նաև հասարակական տրանսպորտի ծառայություններից։  Գործունեության արգելքը Պարետի որոշմամբ հանվել  է։ Բայց Երևանի համաճարակային տրանսպորտն այլևս նախկինը չի լինի։ Ոչ միայն գրկախառնված, այլև մեկ մետրից ավելի մոտ կանգնած այլևս չենք կարող երթևեկել։  

Ըստ պարետատան հրապարակած  կանոնների` երթուղայիններում չեն կարող լինել նաև կանգնած ուղևորներ, տաքսիների առաջին նստատեղը միշտ պետք է դատարկ լինի, մետրոյի վագոններում էլ պետք է լինեն սահմանափակ թվով քաղաքացիներ։

Կաշխատի տրանսպորտը, թե` ոչ, Բագրատին քիչ է մտահոգում։ Ասում է՝ իմ ուղևորները հավատարիմ  են։  Հայտնի է, որ երկուշաբթի օրվանից հասարակական տրանսպորտի գործունեության սահմանափակումները վերանում են։ Պարետն է այդպես որոշել ։

«Իմ ուղևորները չեն պակասի, իրենք ինձ են հավատարիմ, ես` իրենց։ Միշտ ինձ զանգահարում են, անհանգստանալու բան չունեմ»,-ասում է Բագրատը։

Հարկային ծառայությունում աշխատանքը կորցնելուց հետո Բագրատը սեփական մեքենայով տաքսու վարորդ է աշխատում։ Համավարակի շրջանում օրվա լրահոսից էլ առանձնացնում է հիմնականում այն, որն իր աշխատանքին է վերաբերում։ 

Ասում է՝ այն, ինչ գիտի, սրբորեն պահպանում է․

-Ճիշտը, որ ասեմ, ձեռնոցներ ունեմ։ Ախտահանող այն հեղուկն էլ օգտագործում եմ։ Պետք է պահպանել կանոնները, մինչև հասկանանք՝ ինչ է կատարվում։ Քիչ մարդ պետք է վերցնենք՝ մեկ-երկու հոգի, բայց որ նայում եմ՝ տաքսիները կողքին  էլ են նստեցնում, հետևն էլ։

-Ծանոթացել ե՞ք տուգանքներին,- հարցնում եմ։

-Լսում եմ, նայում եմ։ Այ որ մի երկու բան ասեք, ինձ ահագին օգնած կլինեք։

Չգիտեմ՝ Բագրատին օգնած կլինեմ, թե` ոչ, եթե ներկայացնեմ նրան էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի պատասխանն այն հարցին` եթե վարորդի  կողքին չի թույլատրվում ուղևոր նստեցնել, ապա ինչ տրամաբանությամբ է ուղևորը նստում հետևի նստատեղին։

«Տրամաբանությունը կայանում է նրանում, որ հետևում նստած լինելը շատ ավելի քիչ ռիսկեր է պարունակում, քան վարորդի կողքին նստած լինելը։ Համանման կանոն գործում է, օրինակ, սննդի օբյեկտներում, որտեղ սեղանները պետք է իրարից այնքան հեռու դասավորված լինեն, որ երկու տարբեր սեղանների շուրջ նստած մարդկանց միջև հեռավորությունը լինի առնվազն 1․5 մետր»։

Հանրային տրանսպորտում կգործեն ինչպես աշխատողների, այնպես էլ ուղևորների համար սահմանված պարտադիր կանոններ։ Օրինակ՝ արգելվում է կանգնած ուղևոր տեղափոխելը, բացառությամբ այն դեպքերի, երբ տրանսպորտային միջոցը 9 մետրից երկար է։

«Հանրային տրանսպորտում պարտադիր է ախտահանիչ նյութի առկայությունը, անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը՝ դիմակներ, ձեռնոցներ և այլն։

Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ: 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։

Համավարակային ճակատագիրը կբաժանի ու անհրաժեշտ հեռավորության վրա կպահի նաև մետրոյի ուղևորներին։  Մայիսի 18-ից կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը։

Մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյան․ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը  աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Սպասասրահներում  նշանակվելու   են   ուղեւորների   նստեցման և իջեցման    համար պատասխանատուներ,  որոնք  կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան  ուղևորափոխադրումը: Վագոնում  ուղևորների թիվը չի կարող գերազանցել 40-ը։ Կանգնած ուղևորների միջև հետավորությունը պետք է լինի մեկ մետր»։

Ձեռնոցներ, դիմակներ, ախտահանիչ միջոցներ․ մեր կյանքի անբաժանելի մաս դարձած պարագաների առկայությունը  մետրոյում ևս  պարտադիր է։

Back to top button