ԿարևորՀասարակություն

Ձեռնոց ու դիմակ չկրող տաքսու վարորդները դժգոհում են տուգանքներից

Պարետի որոշմամբ մայիսի 18-ից  վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը և երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով:

Մինչ այդ Արմավիրի մարզի բնակիչները հաճախ օգտվում են տաքսիներից, որոնց վարորդները չեն պահպանում անվտանգության կանոնները, չեն կրում դիմակներ ու ձեռնոցներ, մեքենաների ախտահանումն էլ իրենց հայեցողությամբ են կազմակերպում, իսկ կայանտեղում կուտակումներն անխուսափելի են:

Գրեթե 2 ամիս  արտակարգ դրությամբ պայմանավորված Արմավիրի ավտոկայանում կայանում են ոչ թե  երթուղային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, այլ անձնական օգտագործման մեքենաները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում մարզի այլ բնակավայրեր կամ մայրաքաղաք շտապող ուղևորներին: Տաքսիների աշխատանքն ավելի շահեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքերի չեզոքացման ծրագրերով բանկերից սոցիալական աջակցություն տրամադրելու ժամանակ, երբ մեծ էր ուղևորահոսքը գյուղից քաղաք:  

Անձնական մեքենաներ չունեցող գյուղացիները հարկադրված են այդ միջոցին դիմել. «Գյուղից տաքսի եմ բռնել, եկել, հասել եմ բանկ, գնացել եմ Հոկտեմբեր գյուղ՝ ջրային տնտեսություն, հիմա սպասում է, նորից գնալու եմ գյուղ (Լուկաշին), երևի 2-3 հազար դրամ կուզի»:

Տեղաշարժի խստացված սահմանափակումների ժամանակ տաքսի ծառայություն մատուցող անձնական օգտագործման մեքենաների վարորդները թանկացրել էին տեղափոխման գները, իսկ սահմանափայկումների մեղմացումից  հետո վերադարձել  հին սակագներին: Հիմա  ավտոկայանում իրար կողքի կայանած տաքսիներն ուղևորներ են փնտրում:

Զրուցակիցս Ջանֆիդա գյուղից է, Արմավիրի հիվանդանոց էր հասել  առողջական  խնդիրներով. «Տաքսի կանչել, եկել եմ, պիտի տաքսիով տուն գնամ»:

«Սերվիսները մինչև Ջանֆիդա տանում են 1500 դրամով, անհատականները՝ 1000 դրամով: Մի պահ թանկացավ տրանսպորտը, երբ միայն մեկ ուղևոր էին թույլատրում, հետո նորից հին գնին անցան: Ասենք, ինչքանով է ճիշտ՝ Հայկավանը 7 կմ է՝ 1000 դրամ, Տանձուտը 10 կմ է՝ 1000 դրամմ, Իսկ ստեղից մինչև Արգավանդի գյուղամեջ 14 կմ է՝ էդ էլ 1000 դրամ: Արգավանդ 1500 դրամ էր, բայց դե դարձրին 1000: Էն ժամանակ, որ տրանսպորտն աշխատել է, ժողովուրդը շարժի մեջ են եղել, ստեղից մարդ եմ տարել 1000 դրամով, ոնց չլինի հետադարձ 2 հոգի բերել եմ, բայց հիմա էդ էլ չկա, 1000 դրամով ձեռ չի տա»:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարդիկ պետք է պահեն սոցիալական հեռավորություն, զերծ մնան կուտակումներից, կրեն պաշտպանիչ միջոցներ, ինչն այդպես էլ իրագործելի չդարձավ հատկապես վարորդների շրջանում:

«Երկու հոգի իրար հետ քայլում են, ասում են՝ վիրուսա, իրարից հեռու պտի քայլեն,  բայց որ 12 հոգի օրենքի աշխատող իրար հետ կանգնում են, ըտեղ վիրուս չի՞ ֆռում, թե ֆորմեն հագնում են՝ վիրուսը վերանումա»:

Ավտոկայնում տաքսիների վարորդները  շարունակում են հավաքվել մի մեքենայի մեջ ու զրուցել առանց պաշտպանիչ միջոցներ կրելու: Նրանք թերահավատ են կորոնավիրուսի գոյության ու տարածման նկատմամբ: Տաքսու վարորդին հարցրեցի ուղևոր ունենալու դեպքում դիմակ կրում է, պատասխանեց՝ այո, իսկ մեքենան ախտահանում է, նույնպես դրական պատասխան տվեց ու ասաց սպիրտ է պահում:

Գրեթե բոլոր վարորդներն էլ ապահովության համար մեքենաներում սպիրտ և դիմակ ունեն, երբեմն էլ ձեռնոց, բայց սպիրտով մեքենաները չեն ախտահանում, թանկ հաճույք է,  ախտահանիչ այլ միջոցներ չունեն:

Ուղևորվելիս էլ վարորդները դիմակներ չեն կրում, իսկ  ուղևորները՝ հազվադեպ:  Պարետի որոշմամբ մայիսի 18-ից  հանվելու են  տրանսպորտի գործունեության սահմանափակումները,  տրանսպորտում և փողոցում պարտադիր է պաշտպանիչ միջոցների՝ դիմակների և ձեռնոցների  կրումը: Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Իմ զրուցակից երիտասարդ  տաքսիստը դժգոհեց վարչական տուգանքների կիրառումից՝ մատնանշելով հարևան գյուղի անասնատիրոջ իրեն ծանոթ դեպքը.

«Նալբանդյան գյուղում է եղել, անասուն պահող տղա է, անասունը վատացել է, ասենք իր շատ էլ ուշքումիտքն է, որ գրի՝ անասունս վատցավ, էթում են դեղ առնելու: Էկել ա դեղ առնելու, կանգնեցրել են, ասել՝ ուրա թուղթը, ասել ա եկել եմ շուտ դեղ առնեմ, անասուններս լավ չեն, սատկում են, բռնել վրեն 100 հազար վարչական են գրել»:

Մեր զրույցի ժամանակ էլ  տաքսու վարորդը դիմակ չուներ, առանց դիմակի էր նաև նրա ուղևորը:

Back to top button