ԿարևորՀասարակություն

Խնձորեսկը վերջապես ջուր ունի

Գորիսի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված նորակառույց կապտաժներում հավաքվող ջրի շնորհիվ դեպի Խնձորեսկ րոպեում 8-10 լիտր ջուր է մղվելու: Դեռևս 70 տարի առաջ է կառուցվել Խնձորեսկի ջրամատակարարման համակարգը: Տարիների ընթացքում այն քայքայվել էր, և Խնձորեսկում խմելու ջրի հարցը օրախնդիր էր, ինչի մասին բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում էին:

Նախորդ տարի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը խնձորեսկցիներին վստահեցրել էր, որ բնակավայրի խմելու ջրի հարցը վերջնականապես լուծվելու է: 2019 թվականին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուրջ 42 մլն ՀՀ դրամ է ներդրվել՝ բնակավայրում առկա խնդրի վերջնական լուծման նպատակով:

Կառուցվել է 3 կապտաժ, շուրջ 1.7կմ ջրագիծ, որի շնորհիվ բնական աղբյուրներից ջուրը հավաքվում և կրկնակի ծավալով մղվում է դեպի բնակավայր: Առաջիկայում կվերանորոգվի կարգավորիչ ջրամբարը և կկառուցվի ջրի ֆիլտրման կայան, կտեղադրվեն նաև ջրաչափեր: Համակարգային լուծումը կօգնի ապահովել ոչ միայն 24 ժամյա ջրամատակարարում, նաև մատուցվող ծառայությունը կբերվի համապատասխան ստանդարտների:

Կապտաժների կառուցման շինաշխատանքները, որոնք իրականացրել է «Հարսնաձոր» ընկերությունը, արդեն ավարտվել են: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է «Մոտիկ սար» կոչվող տարածք` տեսնելու կատարված աշխատանքը: Իրականացված ծրագրի արդյունքում ջրի քանակը կրկնակի ավելացել է՝ լուծում տալով կենսական նշանակության խնդրին:

Back to top button