ԿարևորՀասարակություն

ԲԴԽ–ն փոշմանել է, փորձում է ազատվել «գլխացավանքից»

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է դժվար կացության մեջ։ Խնդիրը կապված է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի հետ։ Այս գործով ԲԴԽ–ն մի քանի դատական նիստ արդեն գումարել է, այսօր տեղի ունեցավ հերթական, բայց ճանապարհի կեսին ԲԴԽ–ն որոշեց, այսպես ասենք, փոխել «խաղի» կանոնները։    

ԲԴԽ–ն փորձում է հետքայլ անել և իր իսկ որոշմամբ հարուցած գործը դնել ուրիշի «ուսերին»՝ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի վրա։ Մարտի սկզբին ԲԴԽ 2 անդամի դիմումի հիման վրա կառույցը ինքն էր որոշել իրենցից մեկի՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հանդեպ կարգապահական վարույթ նախաձեռնել։ Վարույթի ամենախիստ պատիժը ընդհուպ մինչև ԲԴԽ անդամակցությունից զրկումն է։

ԲԴԽ անդամը կարող է «պատժվել», քանի որ քննադատել է Սահմանադրական դատարանի որոշումը և նպատակահարմար չի համարել դրա կիրառումը: Այդ գործն առնչվել է նախկինում ինչ–ինչ չարաշահումների պատճառով դատավորի կարգավիճակից զրկված Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արայիկ Մելքումյանին։ ՍԴ–ն փորձել է վերականգնել դատավորի կարգավիճակից զրկված Մելքումյանի կարգավիճակը, Հայկ Հովհաննիսյանը դեմ է արտահայտվել, իսկ ԲԴԽ անդամների մի մասը այդտեղ նկատել է քաղաքական կոչեր և ԲԴԽ անդամին ոչ հարիր պահվածք։

Վերջին շրջանում տարբեր հրապարակումներում Հայկ Հովհաննիսյանը ներկայացվում է իբրև իշխանության «յուրային», ինքը՝ ԲԴԽ անդամը, պնդում է՝ իր դիրքորոշումներում առաջնորդվել է պրոֆեսիոնալ սկզբունքներով։ ԲԴԽ–ում այսօրվա նիստից արդեն պարզ է՝ կառույցը փորձում է ազատվել գործից՝ այն ներկայացնելով իբրև նախադեպային։ Սա առաջին դեպքն է, երբ վարույթ է նախաձեռնվում ԲԴԽ անդամի հանդեպ, կառույցում հիմնավորում են՝ հետագայի համար ճիշտ հիմքեր ստեղծելն անհրաժեշտ է։

«Եթե մենք որոշում ենք, որ ԲԴԽ–ն դիմելու է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովին, այդ պարագայում ԲԴԽ–ն միջնորդությունը քննության առարկա չի դարձնելու, այլ՝ ընդամենը ուղարկելու է և սպասի Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովը վարույթ կհարուցի՞, թե՞ չի հարուցի»,- ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Պարզվում է` այս պահին էլ ԲԴԽ–ում կարգապահական վարույթ հարուցված չէ։ Հակառակ նրան, որ գործով մի քանի նիստ է գումարվել, ԲԴԽ նախագահը միայն այսօր պարզաբանեց․

 «Այսօր մենք ունենք հետևյալ պատկերը․ պարոնայք Մակյանը և Բեքմեզյանը ընդամենը միջնորդություն են ներկայացրել, որով արձանագրել են, որ առերևույթ խախտում կա։ Դա իմ համոզմամբ՝ որպես ԲԴԽ անդամ և իրավաբան, գտնում եմ, որ սա դեռ չի նշանակում, որ պարոն Հովհաննիսյանի նկատմամբ կա հարուցված վարույթ, որ մենք քննության առարկա դարձնենք նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկել կամ չենթարկելը»։

Այն, որ իր հանդեպ կարգապահական վարույթ հարուցված չէ, ըստ էության նորություն էր անգամ Հայկ Հովհաննիսյանի համար։

Հայկ Հովհաննիսյան Երբ դուք ստանում էինք մեր հանձնախմբի միջնորդությունը, այդ փուլում մինչև այս նիստը նշանակելը ձեր հարցադրումը պետք է հնչեր և գտներ իր լուծումը, որովհետև հակառակ դեպքում այս նիստը նշանակելով ԲԴԽ–ն արդեն ընդունել է այս վարույթի գոյությունը։

Ռուբեն ՎարդազարյանՉկա հարուցված վարույթ, պարոն Հովհաննիսյան։

ԲԴԽ անդամին կարգապահական վարույթի հարցի քննությունը այլ կառույցին փոխարինելն ուղղակի հակասելու է սահմանադրական դրույթներին, համոզված է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը։ Հարցի այս լուծման դեպքում առաջանում է երկակի խնդիր՝ ԲԴԽ–ն ըստ էության այն բարձրագույն մարմինն է, որը քննում է դատավորների անաչառությունն ու կարգապահությունը և նույն դատավորները չէ, որ պետք է քննեն ԲԴԽ անդամի վարքագիծը։ Հետագայում դա կարող է ազդել ԲԴԽ հեղինակության վրա` կարծում է Հայկ Հովհաննիսյանը։

Այս հեռանկարը չխանգարեց ԲԴԽ–ին դիմել ՍԴ՝ հարցում առկա կարգավորումների սահմանադրականությունը որոշելու համար։

Ռուբեն Վարդազարյան․ «Բարձրագույն  դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ գործի վարույթը կասեցնել մինչև ՍԴ կողմից որոշման կայացումը»։

ԲԴԽ այս քայլը իրավական կազուս է գնահատում Հայկ Հովհաննիսյանը։ Այստեղ նոր հակասություններ են առաջանում․ «Դրանով փաստորեն ԲԴԽ–ն կարծես թե պատասխանատվություն չի ստանձնում, թե ինչպես պետք է ինքը կիրառի «Դատական օրենսգիրքը», իսկ «Դատական օրենսգիրքը» ԲԴԽ–ի կողմից կիրառվող օրենքն է առաջնային։ Սրա մյուս բացասական արդյունքը նա է, որ տեսեք իրականում ինչ իրավիճակ ունենք․ ես հատուկ կարծիք եմ գրել, որում ՍԴ–ին, նրա կազմին և նրա կողմից կայացված որոշումը ենթարկել եմ սուր քննադատության և հիմա ՍԴ–ն պետք է որոշի մի հարց, որը ուղղակիորեն ինձ է վերաբերվում»։

Այստեղ արդեն առաջանում է շահերի բախում, ըստ Հայկ Հովհաննիսյանի, որի դեպքում ՍԴ–ն այս գործով պետք է ինքնաբացարկ հայտնի։

Back to top button