ԿարևորՀասարակություն

Օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է․ Լարս հասած ՀՀ քաղաքացիները վերադարձել են ՌԴ

Ռուս-վրացական սահմանին մնացած Հայաստանի շուրջ 15 քաղաքացիներն այսօր վաղ առավոտյան վերադարձել են Ռուսատանի տարածք։ Այս մասին «Ռադիոլուրին» տեղեկացրել են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։

Վրացական կողմը Հայաստանի քաղաքացիներին վերջնաժամկետ էր ներկայացրել մինչև այսօր առավոտյան ժամը 08:00-ը լքել սահմանային անցակետի տարածքը՝ պարզաբանելով, որ արտակարգ դրության պայմաններում արգելում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր։

Մի քանի օր շարունակ սոցիալական ցանցերում Վերին Լարսի անցակետի տարածքից տեսանյութեր էին տարածվում, որոնցում Հայաստանի քաղաքացիները, որ կարողացել էին հատել Լարսի ռուսական անցակետը, սահմանի չեզոք գոտուց հայտարարում էին, որ հետ չեն վերադառնալու Ռուսաստան։ «Մենք մեր տուն պիտի հասնենք», — ասում էր Հայաստանի քաղաքացիներից մեկը։

Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել էին սահմանի չեզոք  գոտում մի քանի օր մնացած քաղաքացիներին, փոխանցել սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ, բացատրել նաև, որ Վրաստանը ելնելով արտակարգ դրության սահմանափակումներից չի կարող թույլատրել օտարերկրացիների մուտքը։ Դեսպանատան մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանն ասաց․

«Սահմանապահներն են նրանց խնդրել լքել տարածքը, քանի որ նրանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը․ գիտեք բազմաթիվ բեռնատարներ են այդ ճանապարհով անցնում։ Մեր քաղաքացիները չեն ենթարկվել սահմանապահների հորդորներին, վերջիններս վերջնաժամկետ են ներկայացրել մինչև այսօր առավոտյան 08։00-ն, սակայն մենք մեր քաղաքացիների հետ կապ հաստատեցինք գիշերը, արդեն Ռուսաստանի տարածքում էին»։

Ի դեպ, հիշյալ քաղաքացիներին ռուսական կողմում ևս զգուշացվել էր, որ չի թույլատրվելու, Վրաստանով Հայաստան հասնել։ Նրանց անձամբ հանդիպել էր Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ ․

«Նախ սկզբում մի հոգի էր եկել, որի հետ ես հանդիպեցի, խոսեցի, ասաց, որ կմնա մինչև սահմանը կբացվի, հետո արդեն մի քանի օրում միացան ևս մի խումբ քաղաքացիներ, որ անկոտրում էին․․․Նրանք դիմեցին ռուս սահմանապահներին, վերջիններս թույլատրեցին երկրից դուրս գալ, սակայն 3 կմ այն կողմ՝ վրացական կողմը չթույլատրեց մուտք գործել․ արգելվում է օտարերկրացիների մուտքը երկիր»։

Թանանյանը նշում է, որ միայն այս քաղաքացիները չեն, որ տուն են ուզում վերադառնալ․ ամեն օր զանգեր է ստանում, հարյուրավոր քաղաքացիներ են զանգում, որոնց բացատրում է, որ չեն կարող այս պահին ռուս-վրացական սահմանով անցնել։

«Ելնելով առողջապահական անվտանգությունից, Վրաստանը որոշում է կայացրել և չի կարող անցակետի այդ փոքր տարածքում պահել Ռուսաստանից եկող քաղաքացիներին»,- «Ռադիոլուրին» ասաց Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի (GIRCA) ղեկավար Գիա Ծիփուրիան՝ նշելով Ռուսաստանում համավարակային անհանգստացնող վիճակը։

«Վրաստանն այս պահին թույլատրում է Վերին Լարսով բացառապես բեռնափոխադրումների իրականացումը, քաղաքացիների տեղաշարժի համար անցակետը փակ է և նրանք պետք է ըմբռնումով մոտենան այդ որոշմանը» ։

Ինչ վերաբերում է բեռանափոխադրումներին, Վերին Լարսում Հայաստանի ներկայացուցիչ   Արամ Թանանյանն ասում է, որ բնականոն ընթացքով է իրականցնում։

 «Այս պահին խնդիրներ չկան։ Մենք սպասում ենք, որ ծանրաբեռնվածությունը կտրուկ կմեծանա, երբ մրգի սեզոնը սկսվի՝ մոտ մեկ ամսից, և, երբ կարանտինային ռեժիմները հանվեն, սկսվի քաղաքացիների տեղաշարժը»

Սահմանի բացման դեպքում մեծ խնդիր է լինելու մեկ անցակետով կազմակերպել բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները։ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ Վերին Լարսի բացմանն են սպասում հազարավոր քաղաքացիներ։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։

Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Back to top button