ԿարևորՀասարակություն

Հայաստանը փորձում է վերադառնալ բնականոն կյանքի

2.5 ամիս Հայաստանը ապրում է համավարակի և 2 ամիս՝ արտակարգ դրության պայմաններում։ Ինչպես պետք է ապրենք առաջիկայում․ այսօր  կառավարությունն ու   օրենսդիր մարմինը քննարկել  ու որոշումներ են  կայացրել։ Խորհրդարանում հրավիրված հատուկ նիստին 132 պատգամավորից մասնակցել է 80–ը։ Նրանցից 32-ը պարետին հարցեր ուղղելու ցանկություն է հայտնել։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և կառավարության նախանշած քայլերը։ Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կաշխատի, կվերաբացվեն առևտրի կենտրոնները, հանրային մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը և այլն: Կվերաբացվեն նաև նախակրթարանները։

Մանկապարտեզներ, մշակութային–ստեղծագործական խմբակներ, մինչ այս պահը փակ տարածքներում գործունեությունը դադարեցրած ձեռնարկություններ․ գործադիրը որոշել է հանել սահմանափակումները։ Կաշխատի անգամ տրանսպորտը, բայց ոչ՝ գերծանրաբեռնված։ Ծանրաբեռնվածությանը կհետևի  վերահսկող մարմինը՝ Ճանապարհային ոստիկանությունը։

Հունիսից անգամ կվերականգնվեն դեպի Եվրոպա և Կատար թռիչքները։
Կառավարության և պարետատան թույլտվությամբ՝ Հայաստանը կորոնավիրուսի պայմաններում փորձելու է վերադառնալ բնականոն կյանքի։ Այստեղ առանցքային բառը «փորձելն» է։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյան․

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ մեր մահերի թիվը մեր միջին օրական մահերից էլ նույնիսկ ցածր է, բայց սա ամենևին չի նշանակում, որ մենք որոշակի սցենարով չենք կարող գնալ վատ փորձ ունեցած երկրների սցենարով, և մեր միջին օրական մահերը եռապատկվեն։ Մասնավորապես, օրական ունենանք 200 մահ, որոնցից 100–ից ավելին կորոնավիրուսի պատճառով։ Դա չի բացառվում»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Սահմանափակումների թուլացումներին զուգահեռ կառավարությունը սահմանում է նոր խստացումներ անհատ քաղաքացիների, ինչպես նաև գործատուների համար։ Տնից դուրս գալիս կարևորը ինքնագիտակցությունն է։ Այս փուլում հենց սա է շեշտադրվում։ Սահմանափակումների մեղմացումը  ուղեկցվելու է  համակեցության հստակ կանոններով, որոնք խախտելը հանգեցնելու է պատասխանատվության։ Դրա սանդղակները սահմանված են «Արտակարգ դրության մասին» օրենքով։  Տուգանքները սկսվում են 100 հազար դրամից, դրանք կիրառվելու են անհատական անվտանգության կանոնները խախտած քաղաքացիների նկատմամբ։ Բացառությունների մասին խոսել պետք չէ՝ շեշտում է պարետը՝ նկատի ունենալով նաև կառավարության և խորհրդարանի աշխատանքը։

 «Նույն խորհրդարանում և նույն կառավարությունում վարակի տարածումը տեղի է ունեցել։ Ասեմ ձեզ ավելին՝ այս փուլում այս հավաքը ամենառիսկային բանն է, որը տեղի է ունենում ՀՀ–ում։ Այնուամենայնիվ, այս հավաքը տեղի է ունենում, որովհետև այլընտրանք չկա»,- նշում է փոխվարչապետը։  

Այլընտրանքի առումով կառավարությունը հորդորում է՝ լավ կլինի, որ հեռավար աշխատանք կազմակերպած գործատուները շարունակեն պահպանել աշխատանքային այդ ձևաչափը։ Նաև պարզաբանում է՝  նախակրթական հաստատությունների կամ մշակութային–ստեղծագործական խմբակները բացվում են, բայց հաճախելը պարտադիր չէ։

Խիստ սահմանափակումների նախորդ մեղմացումից  հետո, սակայն պատգամավորները նկատել են տարբեր դրվագներ, երբ համակեցության պայմանները խախտվում են և կարող են վտանգել դիմացինի առողջությունը։ Պատգամավոր Սոնա Ղազարյանն այդպիսի դեպքեր նկատել է օրինակ բացօթյա սրճարաններում։  

Սոնա Ղազարյան ․ «Ձեռնոցների կիրառումը սրճարաններում իրենց հերթին դարձել են վիրուսի տարածման աղբյուր, որովհետև մատուցողը նույն ձեռնոցով սպասքին է ձեռք տալիս, հետո գումարն է բերում, հետո որոշ դեպքերում՝ սեղանն է մաքրում։

Տիգրան Ավինյան ․ «Այստեղ, այո, որոշակի դիսկուրս կա։ Այնուամենայնիվ, դեռևս ձեռնոցների կրումը, հենց նույնիսկ ձեռնոցով ձեռքերի ախտահանումը համարվում է որոշ չափով էֆեկտիվ, որովհետև ձեռնոցի կրելու պարագայում դեմքին դիպչելը, բերանին դիպչելը, քթին դիպչելը, աչքերին դիպչելը մեխանիկորեն, ավտոմատ քիչ ես անում, և դա նույնպես որոշակի փոխզսպման մեխանիզմ է»։

Գործադիրը օրենսդիրին շտապում է զգուշացնել՝ թուլացումները ժամանակավոր են։ Ցանկացած պահի կարող է նախկին խիստ ռեժիմին վերադառնալու անհրաժեշտություն առաջանալ։ Այս պահին ունենք թոքաբորբով հիվանդ 600 քաղաքացի, որոնց մի մասի առողջական վիճակը ծանր էլ չէ։ Եթե այդ ցուցանիշը հասնի 1500–ի,  այդ դեպքում կառավարությունը կսկսի մտածել խստացումների մասին։

Back to top button